Արդեն ավելի քան երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով Հայաստանը դարձնում է խղճուկ, խաղաղություն մուրացող, բայց փոխարենը հարվածներ ստացող, հարվածներ ստացող, բայց դրանց չպատասխանելուց հետո ավելի ստորացող պետություն։ Հայաստանը՝ որպես պետություն, գրեթե անդառնալիորեն զրկվել է արժանապատվությունից, և այդ ընթացքը շարունակվում է։
Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։
Ալիևի՝ այսօր Ստեփանակերտում բացված տեղամասում քվեարկելու, ընտրություններում «շռնդալից» հաղթանակի կերտման, առավել ևս՝ դրա բարձր ցուցանիշների ապահովման հարցում անուղղակի, բայց զգալի մասնակցություն ունի Նիկոլ Փաշինյանը։
Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։
«Դու մենակ չես, մենակ չես…» երգելով 2018-ին փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր մենակ չէ։ Արցախին պատուհասած աղետը, ընդդեմ Հայաստանի, հայկական անցյալի ու ինքնության նրա իրականացրած քաղաքականությունը միայնակ անելիք չէ, այդ գործընթացում ընդգրկված են հարյուրավոր երևացող դեմքեր ու հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր անտեսանելի կատարածուներ։
Պետության զավթումը միայն իշխանության ուզուրպացիայով չի արտահայտվում։ Իշխանության զավթումը դրա մեխանիկական մասն է։ Ավելի լայն իմաստով՝ պետության զավթումը դրսևորվում է մարդկանց մեծ մասի գիտակցական ու հոգևոր տարածությունից պետությունն օտարելով։
Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։
Կառավարությունը, որի ղեկավարն ընդամենը երկու շաբաթ առաջ հրապարակավ թշնամի երկրին առաջարկում էր սեփական սպառազինությունները վերահսկելու մասին պայմանագիր ստորագրել, որոշում է ընդունում զինված ուժերում փողի ցանկացած շարժ «պետական գաղտնիք» հայտարարելու մասին։
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որպես կանոն, լինում են կամ անհեթեթ, կամ հակապետական, և ծիծաղ կամ վրդովմունք են առաջացնում։ Առանձին-առանձին քննարկելու դեպքում դրանք կարելի է վերագրել անգրագիտությանը, տհասությանը, կոլաբորացիոնիզմին։ Բայց ամբողջության մեջ, մեկ ընդհանուր համատեքստում դիտարկելու պարագայում այդ հայտարարությունները ստանում են միանգամայն այլ նշանակություն և վկայում են իշխանության կողմից հանրության հանդեպ իրականացվող հոգեբանական տեռորի մասին։
«Էդ էլիտաները չկան, կա մի էլիտա՝ ժողովուրդն է, վերջացավ»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ վաստակավոր ու ժողովրդական կոչումների վերացման մասին նախաձեռնության քննարկման ժամանակ։
Ամեն ինչ կախված է հայ հասարակությունից, որն առաջարկվող Սահմանադրության մերժմամբ կարող է կանխել ոչ միայն Ադրբեջանի պահանջների իրականացումը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի մուրազը թողնել մարմնի այն հատվածում, որի մեծության պատճառով շատ պետավտոտեսուչներ փոխարինվեցին պարեկներով։
Բոլոր նրանք, ովքեր դա այսօր անհավանական կհամարեն, կարող են հիշել՝ արդյոք հինգ տարի առաջ պատկերացնո՞ւմ էին, որ Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, իսկ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը նվիրվելու է Ադրբեջանին, կամ էլ, որ Հայոց պատմությունն իր ամբողջականությամբ դադարելու է դասավանդվել դպրոցում՝ վերանվանվելով Հայաստանի պատմություն։
Պատերազմի հարցում կարծես արդեն իսկ ձևավորվում է որոշակի կոնսենսուս, պարզապես քննարկվում են դրա հնարավոր ժամկետները՝ դա տեղի կունենա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ դրանից հետո, կամ գուցե դա կպայմանավորվի Ռուսաստանի, հնարավոր է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ելքով։
Նախօրեին Երևանի կրթահամալիրներից մեկը կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հպարտացել է, թե ինքն իր գործունեության ընթացքում երբեք որևէ քաղաքական տեխնոլոգիա չի օգտագործել։ Դա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ այդ հայտարարությունը նա արել է կրթական հաստատության աշակերտների կողմից՝ իր իսկ օրինակով, քաղաքականության մեջ մարմնի լեզվին նվիրված հետազոտության քննարկման ժամանակ, ինչն արդեն իսկ որոշակիորեն քաղաքական տեխնոլոգիայի արտահայտություն էր։
Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր աղետները լայն իմաստով կարող են ունենալ երկու բացատրություն։ Կա՛մ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել և շարունակում է դավաճանական, կոլաբորացիոնիստական քաղաքականություն, կա՛մ այդ աղետները հնարավոր են դարձել այդ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու քաղաքական թերհասության, ոչ կոմպետենտության պատճառով։
Շատ ավելի վտանգավոր է այն ենթագիտակցական ուղերձը, որ այս երկու միջադեպերի բերումով հղում է իշխանությունը. կարևորը փողն է, նյութականը, որը չարաշահելու համար պաշտոնյաները պատժվում են, իսկ մարդկային կյանքի պարագայում կարելի է պատմությունը փակված համարել «հանձնարարականներով»։
Նիկոլ Փաշինյանի «կախիչացնցուղային» եթերաշրջանը, բացի նողկալի զվարճանքից, պարունակում է նաև այլ՝ խորքային շերտեր։ Դրա առիթով հնչող բոլոր գնահատականները, վարկածները (արտահերթ ընտրությունների պատրաստություն, սեփական շրջապատի մաքրում և այլն) այս կամ այն չափով հեռու չեն իրականությունից։ Բայց անգամ ճշգրիտ լինելով, դրանք արտահայտում են տեղի ունեցողի մակերեսային, ընթացիկ առանձնահատկությունները։
Գործակալների, լրտեսների մասին պատմությունները հատկապես Հայաստանի նման երկրներում մշտապես արդիական են ու արդյունավետ ամենատարբեր խնդիրների լուծման համար։
Հեռուստաընկերությունների ամանորյա շոուների անորակությունն ու հանրությանը զբաղեցնելու անկարողությունն այս տարի փոխհատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ նոր տարվա առաջին աշխատանքային օրը բեմականացնելով «բարկացած ղեկավար» ներկայացումը՝ վախեցած նախարարի, ահաբեկված մարզպետի, կռացող կոմիտեի ղեկավարի տեսարաններով։
Ամենամեծ աբսուրդն այն է, որ աղեստամոքսային երանությունը խաշ-խորոված միջակայքից դուրս չպատկերացնող հասարակությունը, մտավոր հարթությունում անվրդով ըմբոշխնում է այն քաղաքական անորակ շիլան, որը, ռեստորանում մատուցվելու դեպքում, ամենաքիչը կլցվեր ռեստորանատիրոջ գլխին։
Արդյոք ազգերը կարո՞ղ են լինել հավաքականորեն հիմար կամ անբանական և զուրկ բարոյականությունից ու արժանապատվությունից։
Ի՞նչ ռիսկերով ու վտանգներով է հղի փաշինյանական նոր մտասևեռումը որպես պետության ռազմավարություն ներկայացնելու հերթական փուլը՝ սարսափելի է անգամ պատկերացնել։
Մշակույթի ոլորտում կան քիչ թվով հեղինակություններ, ովքեր իրենց անունը, վաստակը զրոյացնում են՝ մանր չինովնիկների քարոզչական լուսանկարներում որպես մոդել հանդես գալով։ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություններ է անում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու անթույլատրելիության դեմ, բողոքի խրոխտ ձայն է բարձրացնում հայոց պատմությունն աղավաղելու առիթով, բայց այդ նույն ակադեմիայի անդամների մեծ մասը հոտնկայս դիմավորում է բոլոր այդ արհավիրքները հեղինակած իշխանության ղեկավարին։
Տասնամյակներ շարունակ Հայաստանն ու Արցախը պայքարել են ադրբեջանական նավթադոլարների միջոցով աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանամետ քարոզչությունը ֆինանսավորելու դեմ։
Խնդիրը, բնականաբար, այդ մարդու անձը չէ, ոչ էլ անգամ բանականության մեջ չտեղավորվող իրողությունը, թե ինչպես կարող է իշխանության պատճառով ամենավտանգված մարզը դարձած Սյունիքը ներկայացնող մանկավարժն իրեն թույլ տալ ինչ-որ մրցանակ վերցնել նույն իշխանությունից։ Մեծ հաշվով, նա ոչնչով չի տարբերվում մի քանի տասնյակ ուսապարկերից կամ մի քանի հազար ոստիկաններից և չի կարողացել հրաժարվել «իրեն բաժին հասած երջանկությունից»։
Փաշինյանի համար իշխանությունը ոչ թե միջոց է՝ իրացնելու Հայաստանի պետական շահերը, այլ նպատակ՝ Հայաստանի պետական շահերի միջոցով պահպանելու սեփական իշխանությունը։
Միայն վերջին մեկ-երկու ամիսներին իշխանությունը հանդես է եկել այնպիսի նախաձեռնություններով, որոնց միակ իմաստն ու նպատակը քաղաքացիներից ավելի շատ գումարներ կորզելն է՝ ամենատարբեր անվանումներով ու հռչակումներով։ Մինչև իշխանության գալը հիմնականում վարձով բնակարաններում ապրող պաշտոնյաները որոշեցին հարկային դաշտ բերել վարձակալության հանձնվող անշարժ գույքի շուկան, այլևս մարդիկ պետք է հարկեր վճարեն իրենց կողմից տրվող վարձով բնակմակերեսների համար։
Տնտեսությունների վիճակի, հեռանկարների գնահատման համար տնտեսագետներն օգտագործում են «տնտեսական աճի որակ» հասկացությունը։ Դրանով ցույց է տրվում տնտեսական աճի, տնտեսական ակտիվության կառուցվածքը՝ այն իմաստով, թե ինչ տեսակարար կշիռ ունեն դրանցում գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա հիմնված ոլորտներն ու ճյուղերը, որքանով է տնտեսությունն իրական նոր արժեք ստեղծում, և հակառակը՝ ինչ տեսակարար կշիռ ունեն ավելի մակերեսային, հիմնարար բնույթ չունեցող ոլորտներն ու ճյուղերը։
Այս օրերին, գուցե հենց այս պահին կառավարության շենքի բազմաթիվ աշխատասենյակներից մեկում Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, հնարավոր է՝ գրագիրների օգնությամբ, գրում է իր ամանորյա ուղերձը։ Դա հեշտ լուծելի խնդիր չէ անգամ հարյուրավոր տեքստեր գրած ու հազարավոր խորամանկություններ հեղինակած Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև նա պետք է փորձի հազարամյակների կտրվածքով հայ ժողովրդի կրած մեծագույն աղետի՝ Արցախի կորստի տարին ներկայացնել՝ որպես ձեռքբերումների տարի։ Իսկ դա բարդ խնդիր է անգամ մեծ մանիպուլյատորի համար։
Ամենավերջինն ու ինտեգրալը՝ Նիկոլ Փաշինյանի ինքնագոհ հայտարարությունն է այն մասին, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը հերոսաբար, առանց վրանային քաղաք կառուցելու կարողացել ընդունել 100 հազարից ավելի արցախահայերի։ Կարո՞ղ է արդյոք բարոյականության հետ որևէ աղերս ունենալ պարագան, երբ մեկը, ում մեղքով 100 հազարից ավելի մարդ զրկվել է հայրենիքից ու ենթարկվել էթնիկ զտման, հպարտանում է, որ այդ նույն մարդկանց ընդունել է առանց վրանների։ Եվ նա դա ասում է այդ մարդկանցից շնորհակալություն սպասողի ու անգամ նեղացածի տոնով։