Ընդդիմությունը դուրս կգա փողոց, Փաշինյանը կուղարկի իր գվարդիան, մարդկանց գլուխները կջարդեն… բայց երկար չի կարող պահել իշխանությունը. Արամ Աբրահամյան
Եթե Հայաստանը տնտեսական ու էներգետիկ կախվածության մեջ ընկավ Ադրբեջանից, ինչին որ, ըստ էության, տանում է Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս քաղաքականությամբ, դա կարող է ավարտվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի կլանումով և հայկական պետականության ոչնչացմամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը խոսեց կիրակի օրը կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, ռուսական գործոնի շահարկման և Հայաստանին սպառնացող վտանգների մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքները։

«Առավոտ»-ի սյունակագիրն առավել վտանգավոր է համարում ներկայիս իշխանությունների այն մոտեցումը, թե «Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է»։
Արամ Աբրահամյանը թերահավատ է այն հարցում, թե այս իշխանություններին կհաջողվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով, քանի որ չկան ենթակառուցվածքներ, սակայն, եթե բանը հասնի դրան, Հայաստանի Հանրապետությունն ի վերջո կարժանանա նույն ճակատագրին, ինչ եղավ հայկական Արցախի հետ 2023-ին։
«Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել գազի «վենտիլը»։ Դու կախվածության մեջ ես ընկնում այն երկրից, որը ցանկանում է կլանել քեզ, որը ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունը։ Եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ մենք փաստացի մտնելու ենք Ադրբեջանի և Թուրքիայի կազմի մեջ»,- մեկնաբանեց Արամ Աբրահամյանը։
Զրուցակիցը նաև ուշագրավ կանխատեսումներ է անում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ու հետընտրական հնարավոր զարգացումների մասին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն ու աջակցությունը բնակչության շրջանում ակնհայտորեն նվազել է։
Հեղինակավոր սյունակագիրը կոչ է անում բոլոր գիտակից մարդկանց պարզապես վերհիշել, թե ինչ էին Փաշինյանն ու իր թիմակիցները խոստանում 2021-ի ընտրություններին և ինչ են անում հիմա։ Հիշելով իր խմբագրական փորձառությունն ու նախորդ տասնամյակներում Հայաստանում անցկացված ընտրությունները՝ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի Հայաստանում մնալ երրորդ ժամկետի կառավարման՝ ինչպես դա չհաջողվեց երկրի նախորդ ղեկավարներին։
«Ես կարծում եմ՝ ոչ ոքի չի հաջողվի Հայաստանում մնալ երրորդ ժամկետի, որովհետև մարդկանց համբերության բաժակը լցվում է»,- կարծում է Արամ Աբրահամյանը։
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ուշադրություն է հրավիրվում արդեն իսկ արձանագրվող ակնհայտ ընտրախախտումների ու հակաժողովրդավարական պրոցեսների՝ Փաշինյանի թիմի կողմից իշխանության ու վարչական ռեսուրսի չարաշահման, ընդդիմադիրների հետապնդումների ու փաստացի ընտրակաշառք բաժանելու փաստերի վրա։ Աբրահամյանը համոզված է, որ եթե լինեն արդար ու հավասար մրցակցության պայմաններում անցկացված ընտրություններ, ապա Փաշինյանի կուսակցությունը չի ստանա սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ Նա կասկածելի է համարում ՔՊ-ի՝ նույնիսկ պարզ մեծամասնություն ստանալու հնարավորությունը, բայց հավելում է, որ ամեն դեպքում Փաշինյանը հենց այնպես չի զիջի իր իշխանությունը։

«Ես կարծում եմ, որ զուտ աչքաչափով Փաշինյանը չունի այն աջակցությունը, որ որը ունեցել է 2021-ին, և այդ աջակցությունը նվազել է նաև այն պատճառով, որ իր հիմնական մրցակիցը Քոչարյանը չէ. հիմա կան նաև Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը, Թաթոյանը, և եթե մարդիկ ինչ-որ գիտակցություն ունեն, ապա նրանք պետք է հիշեն՝ ինչ էին խոստացել 2021-ին և ինչ են անում հիմա։ Աջակցությունը քչացել է։ Ես չեմ կարող տոկոսներով ասել, բայց կարող եմ վստահաբար ասել, որ եթե լինեն արդար ընտրություններ, ապա Փաշինյանը չի ստանա սահմանադրական մեծամասնություն։ Նա գուցե ստանա պարզ մեծամասնություն, բայց դա էլ կասկածելի է, հետևաբար՝ պետք է ինչ-որ քայլերի դիմի, որոնք անօրինական են՝ թվեր նկարելու, խժդժություններ հրահրելու կամ այլ միջոցներով, որովհետև պարզ է, որ Փաշինյանը հենց այնպես չի զիջի իր իշխանությունը։ Հենց հիմա արդեն ընտրապայքարն ազնիվ ու հավասար պայմաններում չի ընթանում, որովհետև անընդհատ ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր ակտիվիստներ «Ուժեղ Հայաստան»-ից և այլ կուսակցություններից, այսինքն՝ ՔՊ-ն և ընդդիմադիր կուսակցությունները հավասար պայմաններում չեն։ Չգիտեմ՝ Մակրոնը կամ Ուրսուլան դա նկատո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշում է զրուցակիցը։
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը կանխատեսում է հետևյալ հավանական զարգացումը, որ եթե ՔՊ-ին հաջողվի ստանալ ձայների 51 տոկոսը, ընդդիմադիր ուժերը դուրս կգան փողոց, և այդ ժամանակ Փաշինյանը կուղարկի իր «գվարդիան», մարդկանց գլուխները կջարդեն և կհայտարարեն. «Ռուսներն ուզում էին պետական հեղաշրջում անել և փոխել ընտրված իշխանությանը»։
Սակայն, ըստ Արամ Աբրահամյանի՝ լավ լուրն այն է, որ այդպես բռնությամբ ու կեղծիքներով ձևավորված վարչախումբը չի կարողանա երկար պահել իր իշխանությունը։
«Լավ լուրն այն է, որ այդպես բռնությամբ ու կեղծիքներով ձևավորված իշխանությունը չի կարող 5 տարի գոյատևել։ Մենք ունենք արդեն դրա փորձը. նման իշխանությունը շատ մեծ կախվածության մեջ է ընկնում ուժային կառույցներից, միջազգային կառույցներից և չի կարողանա երկար պահել իշխանությունը»,- կարծում է Արամ Աբրահամյանը։
Այս համատեքստում նա անդրադառնում է նաև արտաքին միջամտություններին Հայաստանի քաղաքական գործընթացներին՝ տարբերակելով արևմտյան պետությունների, Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը Փաշինյանին և Ռուսաստանի մոտեցումները։ Արամ Աբրահամյանի խոսքով՝ Թրամփը, Ֆիդանը, Մակրոնն ասում են. «Փաշինյանը մեր տղեն ա», սակայն Ռուսաստանը չի արել նման հայտարարություն, թե Մոսկվան աջակցում է այս կամ այն թեկնածուին։
Այնուամենայնիվ, Արամ Աբրահամյանն արձանագրում է, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ՝ ոչ այնքան այն նպատակով, որ Փաշինյանը չմնա իշխանության, այլ՝ որ Փաշինյանն իրենց ուզածն անի։
«Այնպես չէ, ինչպես որ Թրամփը, Ֆիդանը, Մակրոնն ասում են՝ Փաշինյանը մեր տղեն ա։ Ռուսները չեն ասում, որ այսինչը կամ այնինչն իրենց թեկնածուն է։ Այդպիսի պաշտոնական հայտարարություն ես չեմ լսել Ռուսաստանից։ Նրանք ճնշում են Փաշինյանին՝ իմանալով նրա բնավորությունը և մի քիչ էլ արձագանքելով Երևանում Ռուսաստանի փաստացի թշնամիների՝ եվրոպական երկրների առաջնորդների հավաքին։ Բայց մյուս կողմից՝ այնպես չէ, որ Փաշինյանը Ռուսաստանի ասածները չի անի, եթե պետք լինի իր աթոռը պահել։ Ռուսական գուբերնիա Հայաստանը կարող է դառնալ հենց Փաշինյանի իշխանության ժամանակ»,- նշեց զրուցակիցը։

Արամ Աբրահամյանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ անկախ ընտրությունների ելքից, և դրանից տուժում են ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը, այլ հայ գյուղացին ու տնտեսվարողները։ Աբրահամյանի խոսքով՝ կտուժեն «իրական պերաշկի ուտողները»՝ շարքային մարդիկ, իսկ իշխանավորները, որոնք դոլարային միլիոնատերեր են, ձևացնում են՝ իբր «պերաշկի» ուտող են, «ժողովրդի ծոցից» դուրս եկած են։
«Եթե ժողովրդի ծոցից դուրս եկած ես, ապա բարի եղիր՝ ժողովրդին սրտիկով պատասխանել, ոչ թե այսպես։ Եթե դու ինչ-որ մեկին, նույնիսկ ամենավերջին հանցագործին ասում ես. «Դու ինչո՞ւ չես զոհվել, դու ինչո՞ւ չես մահացել», այսինքն՝ «Ես գերադասում եմ, որ դու մահանաս», ապա դու չես կարող ժողովրդավար լինել»,- հավելեց հրապարակախոսը։
Խոսելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տարածքային պահանջների և Հայաստանի ներկա իշխանության՝ Ադրբեջանի պահանջներն ի կատար ածելու պատրաստակամության մասին՝ Արամ Աբրահամյանը նշեց հետևյալը. «Փաշինյանն ասում է՝ Տիգրանաշենի հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում։ Ես սարսափում եմ։ Դա ի՞նչ է նշանակում։ Ենթադրենք, մենք վերցրեցինք Արծվաշենը, նրանց տվեցինք Տիգրանաշենը, դա հավասարազո՞ր է։ Տիգրանաշենը գտնվում է մեր Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա, նրանք ցանկացած պահի կարող են փակել այդ ճանապարհը։ Ես սարսափում եմ, երբ այդպիսի բաներ են ասում։ Այնպես որ, ադրբեջանական նարատիվները հենց իրենք են կրկնում»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



