2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքն ընթանում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի շուրջ։ Դա միանգամայն հասկանալի է ու տրամաբանական, քանի որ աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո այդ պարտության պատասխանատուի ու մեղավորի գտնվելն իշխանության ղեկին հակասում է առողջ բանականությանը։
Հայաստանում առկա է լրջագույն ճգնաժամ, և դա ուղղակի կապ չունի կամ շատ քիչ կապ ունի Երևանի հրապարակներում ընդդիմության կազմակերպած բողոքի գործողություններին մասնակցողների քանակի հետ։ Այդ քանակը ճգնաժամի մակերեսային դրսևորումն է, որն արտահայտվում է ճգնաժամում գտնվող հասարակության համեմատաբար ակտիվ հատվածի ֆիզիկական ներկայությամբ։
Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակության վկայություն է։ Երկրում շարունակում է իշխանություն պահպանել այն ուժը, որի պաշտոնավարման շրջանում հանձնվել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակությունը տվել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։ Ահա այս իշխանության դեմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք և որոնց ներկայացուցիչներից ոմանք անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցյալ, կապված են եղել արատավոր երևույթների հետ, և այդպես շարունակ։
Հայաստանում հիմա խառնակ ժամանակներ են, գրեթե ամեն օր տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք նախկինում սենսացիոն կհամարվեին, կարժանանային ամենատարբեր ակտիվիստների, իրավապաշտպանների բողոքի ակցիաներին ու ինքնահրկիզումներին։ Բայց հիմա կատարվող սենսացիաների նկատմամբ ամենատարածված արձագանքը լռությունն է։ Վճարովի լռությունը, ըստ ամենայնի։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Սերժին մերժելու» ալիքով։ Հիմա նա բանականություն ու բարոյականություն ունեցողների կողմից ոչ թե ուղղակի մերժվում է, այլ համարվում է պղծության աղբյուր։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն դալիթ է։ Իսկ Հայաստանի ողբերգությունն այն է, որ, ի տարբերություն Հնդկաստանի, դալիթները ոչ թե արտաքնոցներ են մաքրում, այլ զբաղեցնում են նախարարների, պատգամավորների և այլ պաշտոններ՝ դրանից բխող բոլոր պիղծ հետևանքներով։