Հայաստան․ գերեզմանատուն բաց երկնքի տակ

Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու դրդապատճառները վաղուց պետք է դուրս լինեին քաղաքական, իրավական տիրույթից, որտեղ դեռևս շատերը փորձում են գտնել նրա այս կամ այն քայլի բացատրությունը։

Փորձողներին մեղադրել պետք չէ, քանի որ Հայաստանում բացակայում է լուրջ հոգեբուժությունն ու հոգեվերլուծությունը, որը կկարողանար բացատրություններ գտնել այն բազմաթիվ հակասություններին, որոնք կրում է Հայաստանը ղեկավարողը և որոնցով կատարում է իր գործողությունները։

Ոչ թե քաղաքագիտական գնահատականի, այլ ախտորոշման հարց է իրողությունը, երբ մարդն իր ղեկավարած երկրի մի մասը թշնամու կողմից գրավված լինելու պարագայում, ազատագրում է ոչ թե այդ տարածքները, այլ դրանք պաշտպանելու համար զոհվածների գերեզմանները։

Ազատագրում է ոչ թե թշնամուց, այլ իրենց երեխաների շիրիմները պղծումից պաշտպանել փորձող ծնողներից։

Կարդացեք նաև

Միայն նեկրոֆիլիայի լուրջ մասնագետները կարող են բացատրել մարդու՝ նաև գերեզմանները սեփական համարելու հակումն այն պարագայում, երբ այդ նույն մեկի պատճառով ամեն օր երկրում ավելանում են հարյուրավոր նոր գերեզմաններ։ Մարդը, իհարկե, ազատ է իր նախասիրություններում, հատկապես, երբ անհագ ժողովրդավար է, իսկ ժողովրդավարությունը պահանջում է հարգել անհատի՝ անգամ գերեզմաններ սիրելու խեղված հակումը։

Բայց երբ այդ հակումն ունեցողը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, պետությունը վերածվում է մեծ գերեզմանատան, քաղաքացիներն էլ, համապատասխանաբար՝ նահատակների։ Բայց նահատակներն անգամ ազատ չեն իրենց հիշողությունը հարգողների հարցում, քանի որ նահատակվում են նրա պատճառով, ով ցանկանում է մենաշնորհել նաև գերեզմաններին խոնարհվելու վերջին հնարավորությունը։
Սյուրռեալիստական որևէ հանճարի երևակայությունն անգամ հասու չէր լինի  պատկերել այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Իրական Հայաստանում։ Թշնամական զորքը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց երկրի բիլակավոր ու ոչ բարակավիզ ուժայինները 5։1-ի սխեմայով գերեզմանից հեռացնում են իրենց երեխայի շիրիմի մոտ ողբացող ծնողին։

Նրանք, իհարկե, հրաման տվողի հետ միասին, հոգեվերլուծության հատուկ մատերիալ են, թեև մասնագետները կարող են հրաժարվել քննել հոտային դեպքերը՝ մասնակիցների՝ չափից ու մարդկայինից ավելի բութ լինելու պատճառով։

Գերեզմանների հանդեպ ընդգծված սերը գուցե բացատրվում է երբևէ անպիղծ գերեզման չունենալու ներքին վախով, որը վախեցողին ստիպում է այլոց գերեզմանների յուրացմամբ բավարարել ապագայում սեփական գերեզմանն անարգված չտեսնելու ցանկությունը։

Հայաստանում ապրելու ու կյանքի համար պայքարը փոխակերպվել է արդեն գերեզման այցելելու համար հրմշտոցի։

Այցելողն առաջնորդվում է «որքան շատ գերեզմաններ, այնքան գերեզման այցելելուն քիչ խանգարողներ» սկզբունքով։
Առայժմ դա նրան հաջողվում է․ հարյուրավոր պաշտոնյաների ստրկահաճ հայացքի և նույնքան ուժայինների սառնասիրտ աքացիների ներքո։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս