«Հայկական երազանքը»՝ ընդդեմ Հայաստանի շահերի 

Տարածաշրջանային քաղաքական առևտուրը եռում է, սակայն Հայաստանն առևտրի կողմից վերածվել է առևտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկե, Հայաստանը դեռևս մասնակցում է առևտրին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Բայց կա մի կարևոր հարցադրում, որի պատասխանից է կախված առևտրի հետագա ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես․ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը ԵրևանՄոսկվա, Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն ու մնացած ուղղություններով խաղի մեջ նա լուծում է Հայաստանի պետակա՞ն շահերի սպասարկման, թե՞ իր իշխանության պահպանման հարցը։

Սա կարևորագույն, սկզբունքային հարց է, որովհետև դրանցից յուրաքանչյուրի սպասարկումը ենթադրում է միանգամայն տարբեր ռեժիմներ և արդյունքներ։ Ընդ որում, իրավիճակը հասել է մի հանգուցակետի, երբ Հայաստանի շահերի քիչ թե շատ անվնաս, իսկ իրականում՝ հարաբերականորեն պակաս վնասակար իրացումը գործնականում հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հրաժարվելու պարագայում, և հակառակը՝ Փաշինյանը կարող է շարունակել պահպանել իշխանությունը միայն Հայաստանի շահերի հաշվին հերթական զիջման գնալու միջոցով։

Լայն իմաստով, այս հակասականությունը հայկական պետականության ու քաղաքական համակարգի ողբերգականության արտահայտությունն է, երբ պետությունը ղեկավարում է մարդ, ում շահերը ոչ միայն հակոտնյա են պետական շահին, այլ կարող են իրացվել միայն պետության շահերի հաշվին։ Ընդ որում, այս պատկերն ավելի է խտացել այն իմաստով, որ իշխանության պահպանումը Նիկոլ Փաշինյանի համար վերածվել է ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ֆիզիկական գոյության պահպանման միակ միջոցի, ինչին նպաստել է նաև ընդդիմության որոշ հատվածի հռետորաբանությունը պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում։

Եվ ստացվել է այնպես, որ երկու տարի շարունակ ընդդիմությունը՝ հայտարարելով պատժի, դատաստանների, կախաղանների և այլնի մասին՝ այդպիսով փորձելով Նիկոլ Փաշինյանին դրդել հրաժարականի, իրականում ակամայից ավելի է մղել դեպի իշխանություն՝ գործնականում զմռսելով նրան վարչապետի աթոռին, առանց որի նա չի պատկերացնում ոչ միայն քաղաքական գոյությունը, այլ գոյությունն ընդհանրապես։ Այս իրավիճակը՝ անկախ դրա առաջացման օբյեկտիվ, սուբյեկտիվ, խուսափելի ու անխուսափելի պատճառներից, մեծագույն նվեր է մեր տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր ուժային կենտրոններին ու երկրներին՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչև Ռուսաստան, ԱՄՆ, Իրան ու Եվրամիություն։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը բոլոր այդ և չթվարկված այլ կենտրոնների համար «հայկական երազանք» է, ում՝ իշխանության պահպանման ընդհուպ բնազդային ցանկությունների վրա ներազդելով, նրանք կարող են բավարարել իրենց այնպիսի շահերը, որոնց մասին նույնիսկ չէին երազի Հայաստանում այլ քաղաքական իշխանության ու առաջնորդի առկայության դեպքում։

Իրար հակասող, հակամետ շահեր ունեցող երկրների շրջանում, այսպիսով, Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ ձևավորվել է աշխարհաքաղաքական կոնսենսուս, որը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե հայկական շահերով, այլ տարածաշրջանային բոլոր խաղացողների պահանջներն ավելի կամ պակաս չափով բավարարելու սկզբունքով։ Հասկանալի է, որ բոլորին չմերժելու նրա մարտավարությունը չի կարող հավերժ շարունակվել, և գալու է մի պահ, երբ հերթական անգամ բևեռներից մեկի պահանջների բավարարումը հանգեցնելու է մյուսի կամ մյուսների այնպիսի հակազդեցությանը, որի արդյունքում նրա շուրջ կոնսենսուսը փլվելու է խաղաքարտե տնակի նման։ Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանն այդքան ժամանակ չունի, և մինչև այդ պայմանական հանգուցակետը հայկական շահերը կարող են սպառված լինել վերջնականորեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս