․․․ Չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ
Երևանը պատրաստվում է Ամանորյա տոնակատարություններին, Նոր տարուց մեկուկես ամիս շուտ Հանրապետության հրապարակում սկսել են տոնածառի տեղադրման աշխատանքները, ամեն օր փողոցներ են փակվում՝ լուսավորության աշխատանքներ իրականացնելու համար, բացվելու է ամանորյա տոնավաճառ, բյուջեից միլիոնավոր գումարներ են ծախսում․․․ Երևանը պատրաստվում է Ամանորին և պատրաստվում է սովորականից մեծ շուքով։ Կա տպավորություն, որ իշխանությունները որոշել են անցած երկու՝ պատերազմի պատճառով հարաբերականորեն համեստ նշված տոնակատարություններից դուրս մնացած ճոխությունը լրացնել այս տարի։ Եվ լրացնում են։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում, նույն Երևանում կա մեկ այլ՝ ամենևին ոչ տոնական ու ոչ շքեղ իրականություն՝ 44-օրյա պատերազմում ու անցած սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների, անհետ կորածների, գերիների ծնողների, ինքնահրկիզվող, ինքնասպանությունների դիմող քաղաքացիների իրականությունը… Ամանորին ճոխությամբ պատրաստվող քաղաքում այդ մարդկանց վիշտը բազմապատկվում է, ցավը՝ թանձրանում։ Այդ մարդիկ գործնականում միայնակ են մնացել իրենց կորստի ու ողբերգականության հետ, միայնակ են մնացել ոչ միայն իշխանությունների կողմից լքվածության ու չթաքցվող ցինիզմի, այլ նաև հանրության անտարբերության պատճառով։
Կյանքը, իհարկե, շարունակվում է, և հասարակությունը պետք է ապրի նաև նորմալ ժամանակներին բնորոշ սովորություններով։ Բայց այս մոտեցումը չի կարող բացարձակ լինել և բացարձակության մեջ դառնալ գռեհիկ։ Իսկ քանի դեռ կա մեկ անթաղ մարմին ու Ադրբեջանում պահվող գեթ մեկ հայ ռազմագերի, ցանկացած ճոխ տոնակատարություն, մեղմ ասած, անպարկեշտություն է։ Առողջ հասարակությունը չի կարող զվարճանալ, երբ իր անդամներից թեկուզ մեկի երեխայի մարմինն անգամ գտնված չէ, իսկ մյուսի որդին տառապում է ադրբեջանական գերության մեջ։
Հանրային այս անտարբերության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ պատերազմի ողբերգականությունն այդպես էլ չդարձավ ամբողջ հասարակության ցավը, այն մնաց միայն հայրեր ու որդիներ կորցրած ընտանիքներում։ Մինչդեռ, այդ ցավը հաղթահարելու համար այն պետք է գոնե ինչ-որ ժամանակ դառնար բոլորինը։ Չդարձավ։ Արդյունքում՝ մենք հիմա ապրում ենք մի քանի իրականություններում, որոնց միջև կա սարսափելի մեծ խզում, փոխբացառող անհասկացվածություն, վիրավորանքի հասնող անտարբերություն։
Իշխանությունը, նրա վարքը, իհարկե, այս հարցում ունի առանցքային նշանակություն։ Բայց այն հանդես է գալիս ոչ թե՝ որպես այս հակամետ իրականությունները հաշտեցնող, ինչպես պետք է աներ նորմալ իշխանությունը, այլ՝ որպես ստեղծված իրավիճակի շահառու։ Հասարակության տարանջատմամբ, մարդկանց սև-սպիտակի, յուրայինների ու օտարների բաժանած իշխանության համար այս իրավիճակը, որքան էլ հակամարդկային է հնչում, ևս մեկ առիթ է՝ մարդկանց միջև բաժանարար գծեր քաշելու, իրար հակադրելու համար։ Բացի այդ, իշխանությունն ամեն ինչ անում է պատերազմը, դրա վերքերը մոռացության մատնելու համար, անում է՝ ոչ թե հանրությանը ապաքինելու մղումով, այլ՝ որովհետև դա անհրաժեշտ է «խաղաղության դարաշրջանի» համար։
Իշխանությանը չի հուզում, որ Հանրապետության հրապարակի տոնածառի գագաթից պարզորոշ երևում են Եռաբլուրում ծածանվող դրոշները։ Նրան պետք է, որ հրապարակի աղմուկը խլացնի Եռաբլուրում չդադարող լացի ձայնը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը մասնակցի խրախճանքին։ Հանրությունը, կարծես, դեմ չէ։
Բայց դա նոր չէ, այդ մասին Հովհաննես Թումանյանը գրել է դեռ հարյուր տարի առաջ։
Հարություն Ավետիսյան