Նիկոլ Փաշինյան․ տրիոլետներ արտասանող պիցցայի առաքիչը

Ադրբեջանական յուրաքանչյուր ագրեսիայի ժամանակ այդ ագրեսիան հնարավոր դարձրած իշխանության, Նիկոլ Փաշինյանի փոփոխության անհրաժեշտության մասին բարձրաձայնումներին իշխանական հարթուղեղ քարոզչությունն ու իշխանության անուղեղ սպասարկուները հակադարձում են ռաբիս հակափաստարկով, թե՝ «պատերազմի ժամանակ երկրի ղեկավարին փոխելու մասին հայտարարությունները դավաճանություն են»։

Խնդիրն այս պնդումների դատարկությունը չէ, այլ, որ անսահման քարոզչական ռեսուրսների պատճառով հասարակության լայն շերտեր կուլ են տալիս այս խայծը և դրանից բխող՝ «համախմբման մասին կոչերը»։ Եվ քանի որ քարոզչությունը հնչում է ամեն տեղից ու հնչում է կացնաբար, ապա այդ աղմուկի մեջ մարդկանց ականջներին ու առավել ևս մտքերին չի հասնում պարզ ճշմարտությունը, որ այդ ագրեսիաները հնարավոր են դարձել հենց այն իշխանության, երկրի այն ղեկավարի պատճառով, որի շուրջ կոչ են անում համախմբվել իշխանությունը կորցնելու վախից քարացածները։

Իրավիճակի ողջ հակասականությունն ու ողբերգականությունն այն է, որ հասարակության անդամների գերակշիռ մեծամասնությունը միանգամայն այլ վարքագիծ կդրսևորեր համանման իրավիճակում, եթե այն անմիջականորեն վերաբերվեր սեփական կենցաղին։ Իշխանության մասին մարդկանց մեծամասնության խեղաթյուրված պատկերացումները, իշխանությունների կեղծ առասպելականացումն ու վերերկրայնացումը մոռացության է մատնել այն պարզ ճշմարտությունը, որ ոչ թե պաթետիկ կենացներում ու ճոռոմ ելույթներում, այլ իրականության ու սահմանադրության մեջ իշխանությունը ծառայություն է, որի համար հասարակությունը վճարում է։

Դրսևորմամբ տարբեր, բայց սկզբունքորեն նույն կերպ, ինչպես վճարում է սննդի առաքիչին ու բժշկին, երեխայի ուսուցչին ու տան շինարարին։ Պետությունը լայն իմաստով քաղաքացիների դաշինքն է այն մասին, որ մարդկանց մեծամասնությունը համաձայն է ապրել տվյալ կարգով, այդ կարգով իսկ սահմանված իշխանությանը վճարել հարկերի, տուրքերի, այլ վճարների տեսքով՝ իր իսկ կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ մատուցելու համար։ Սա է պետության հիմքում դրված հայեցակարգը, որը գործնական դրսևորումներ է ստանում սահմանադրությամբ, օրենքներով, ձևական ու ոչ ֆորմալ նորմերով, և այլն։

Կարդացեք նաև

Ահա, ուրեմն, պետության գոյության այդ հիմնարար կառուցակարգում, ինչպես և ՀՀ Սահմանադրության առանցքային հոդվածներում ամրագրված է, որ իշխանությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից, ինչպես և պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։

Այսինքն, ի թիվս այլ ծառայությունների, բայց առաջին հերթին՝ հենց այդ գործառույթները՝ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու համար է հասարակությունը վճարում իշխանությանը։

Ահա այս հարթությունում այսօր տեղի ունեցողը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջությամբ տապալել ու շարունակում է տապալել այն պարտավորության իրականացումը, որի կատարման համար քաղաքացիները համաձայնել են վարձել իրեն։

Արցախի կորստից հետո արդեն մեկ շաբաթից ավելի օկուպացված են Հայաստանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքներ (իսկ ավելի քան 40 քառ․կմ տարածք օկուպացված է 2021 թ․ մայիսից), թշնամական զորքերը դիետա են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքում, մարդիկ ամեն օր ապրում են նոր ագրեսիայի սպասման ռեժիմում։ Պաշտոնյաները, որոնք սահմանադրորեն պարտավոր են ապահովելու երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, զբաղված են ամեն ինչով, բացի այդ պարտավորությունների իրացումից։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ զբաղված է թշնամական երկրից քարտեզներ աղերսելով, ՀՀ տարածքային անվտանգության մյուս դաշնակահար երաշխավորը զբաղված է օտար երկրներում հուղարկավորությունների ժամանակ զվարճանալով, և այդպես շարունակ…

Այսինքն, եթե պարզունակացնենք իրավիճակը (իսկ քաղաքացիների մեծ մասի վրա ազդող իշխանական քարոզչությունը հիմնված է իրերի անթույլատրելի պարզունակացման վրա), ստացվում է, որ քաղաքացիները վճարում են ծառայության համար, սակայն չեն ստանում այն։ Եվ ահա այդ պարզունակացված հարթությունում քաղաքացիներին պետք է հարցնել, թե ինչպե՞ս կվարվեին, եթե պատվիրված պիցցայի փոխարեն՝ առաքիչն իրենց համար տրիոլետներ արտասաներ, իսկ վճարված բժիշկը վիրահատության փոխարեն՝ զբաղվեր գեղանկարչությամբ, կամ վճարված շինարարը տունը կառուցելու փոխարեն՝ քանդեր մինչ այդ շինված հիմքերը։ Ու պետք է ճշտել նաև քաղաքացիների վերաբերմունքն այն պարագաների համար, երբ իրենց կոչ անեն համախմբվել շատախոս առաքիչի, գեղանկարիչ բժշկի ու քանդարար շինարարի շուրջ։ Հասարակության մեծ մասը նման պարագաներում իրեն խաբածին կուղարկի մոտակա Ենոքավանը, իսկ խաբողի շուրջ միավորվելու կոչ անողին՝ ավելի հեռու։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խորքային առումով հիմնված է քաղաքացիների ամենապարզունակ բնազդների և դրանք մանիպուլյացնելու կեղտոտ տեխնոլոգիաների վրա։ Այդ իշխանությունը կարող է վերջանալ այն պահին, երբ քաղաքացիները՝ նույն պարզունակ հարթությունում, հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրենց։ Պիցցայի առաքիչի ու գողացող շինարարի նման։

 Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս