Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և «էլ ավելի ակտիվորեն է ներգրավվում» բանակցություններում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ողջ է և էլ ավելի ակտիվորեն է մասնակցում կուլիսային բանակցություններին։
Հանդես գալով Սենատի օրենսդիրների առջև՝ Ռուբիոն փորձել է ավելի լավատեսական պատկեր ներկայացնել Վաշինգտոնի և իրանական ռեժիմի միջև ընթացող բանակցային գործընթացից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած պատերազմից ավելի քան երեք ամիս անց։
«Նրանք համաձայնել են քննարկել իրենց միջուկային ծրագրի այնպիսի ասպեկտներ, որոնք ընդամենը մեկ ամիս կամ մեկ տարի առաջ նույնիսկ պատրաստ չէին հիշատակել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ դա դեռևս չի երաշխավորում ԱՄՆ Կոնգրեսի համար ընդունելի գործարքի ձեռքբերումը։
Ըստ Ռուբիոյի՝ բանակցությունները բարդանում են իրանական ղեկավարության անկայունությամբ և պառակտվածությամբ։
Նա նշել է, որ ամերիկացի բանակցողները տեսնում են նշաններ այն մասին, որ գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մասնակցում է գործընթացին, թեև հրապարակայնորեն հանդես չի գալիս։
«Ես կենթադրեի, որ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ այդ համակարգի մի քանի առաջնորդների հետ, հրապարակայնությունն իրենց համար երկրի ներսում հիմա լավագույն գաղափարը չէ,- ասել է Ռուբիոն։- Բայց, միևնույն ժամանակ, կան նշաններ, որ նա ինչ-որ մակարդակում էլ ավելի ակտիվորեն է ներգրավված, թեև նրա ամբողջ հաղորդակցությունն ընթանում է գրավոր ձևով և միջնորդների միջոցով»։



