Ադրբեջանական խոսույթի հայկական մունետիկը

Արցախյան պատերազմի պատճառների, ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հրապարակային հայտարարությունները (2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո) մեկ նպատակ ունեն՝ ապացուցել, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս է, որ աշխարհի բոլոր երկրները միշտ այն համարել են ադրբեջանական, որ ՄԱԿ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևեր, և այդպես շարունակ։ Այս նպատակով Փաշինյանը հրավիրում է երկարաշունչ ինքնահարցազրույցներ, օգտագործում է Ազգային ժողովի ամբիոնը, նույնը կրկնում է այլ հարթակներից։

Արցախյան հարցի վերաբերյալ իր խոսույթը (ինչպես ինքն է սիրում ասել) գրեթե նույնական է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արդբեջանական քարոզչության հետ։ Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է այն, ինչ Ալիևը և Ադրբեջանի քարոզչամիջոցները ներկայացրել են ավելի քան 25 տարի՝ այդպիսով արդարացնելով Արցախի նկատմամբ իրենց ագրեսիան։ Հիմա՝ արդեն ողբերգական պատերազմից հետո, այդ նույն խոսույթը մեկին մեկ կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Հնարավոր է՝  նրա և Ադրբեջանի մոտիվացիաները տարբեր են, գուցե նա՝ պատերազմում սեփական մեղավորությունից խուսափելու համար՝ միջոցների մեջ խտրություն չդնելով, կրկնում է ադրբեջանական թեզերը՝ չկարևորելով, որ դրանով մեծագույն վնաս է հասցնում Արցախին, արցախյան հակամարտության կարգավորմանն ընդհանրապես։

Բայց անկախ մոտիվացիաներից՝ խնդրի էությունը չի փոխվում։ Հայաստանի ղեկավարը հրապարակավ ասում է այն, ինչ հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը, կրկնել է երկուսուկես տասնամյակ և ինչին հղում կատարելով՝ արդարացրել ու արդարացնում է հազարավոր զոհեր պատճառած իր իսկ ագրեսիան։ Այսինքն՝ ստացվում է, որ կրկնելով արդբեջանական թեզերը՝ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ նույնպես արդարացնում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և հիմնավորում է արդբեջանական նկրտումներն Արցախի նկատմամբ։ Այս պայմաններում հայ-ադրբեջանական բանակցությունները՝ որպես այդպիսին, դառնում են անիմաստ, քանի որ հակամարտության կողմերից մեկն ունի նույն դիրքորոշումը, ինչ հակառակ կողմը, որը, բանակցելու դեպքում, պետք է առաջինին փորձի համոզել այդ դիրքորոշման մեջ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արդեն համոզված է, այլ շուրջ երկու տարի նույնը փորձում է համոզել հայ հասարակությանը։ Նիկոլ Փաշինյանի այս դիրքորոշումը՝ անկախ դրդապատճառներից, կարող է չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ և հաղթաթուղթ դառնալ Ադրբեջանի համար՝ սկսած արցախյան առաջին պատերազմի համար միջազգային իրավական գործընթացների հարուցումից, մինչև 44-օրյա պատերազմի վնասների փոխհատուցում, պատերազմին մասնակցածներին իրավական պատասխանատվության ենթարկում և այլն։

Կարդացեք նաև

Միամտություն կլինի մտածել, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանն անում է՝ առանց գիտակցելու վտանգավորությունն ու հետևանքները։

Հետևաբար, գոյության իրավունք ունի կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական խոսույթը տարածում է խիստ որոշակի նպատակներով, որոնք երբևէ կպարզի օբյեկտիվ քննությունը։ Մինչ այդ, սակայն, նա կարող է հասցրած լինել ներողություն խնդրել Ադրբեջանից՝ 44-օրյա պատերազմի համար, ու շնորհավորել նրան «հաղթանակի կապակցությամբ»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս