Պետությունը՝ կապուչինոյի գավաթում
Հայաստանն ապրում է վատի կամ ավելի վատի սպասման ռեժիմում։
Քչերը՝ հասկանալով, ավելի շատերը՝ առնվազն ենթագիտակցորեն գիտեն կամ զգում են, որ տեսանելի կամ միջնաժամկետ հեռանկարում բացասական զարգացումներ են տեղի ունենալու՝ նոր պատերազմի, տարածքային զիջումների, Արցախից վերջնականապես ու նաև դե յուրե հրաժարվելու, տնտեսական աղետալի վիճակի էլ ավելի վատթարացման կամ որևէ այլ դրսևորմամբ։ Այդ ամենի մասին, բնականաբար, ամենալավը գիտի իշխանությունը, որովհետև՝ նախ ինքն է նախընթաց ու սպասվող աղետների հիմնական դերակատարը, բացի այդ, տիրապետում է անհամեմատ ավելի շատ ինֆորմացիայի։
Երկիրը, ահա, ապրում է մոտալուտ աղետների մասին իշխանության իմացության ու քաղաքացիների մեծամասնության անգիտության պայմաններում։
Հասարակությանն արթնացնելու փոքրաթիվ փորձերը հաջողության չեն հասնում, որովհետև դրա համար անհրաժեշտ է մտածել, իսկ մարդկանց մեծ մասը բոլոր արթնացումներից նախընտրում է, լավագույն դեպքում, Լաոյի արթնացումը, որը պահանջում է ոչ թե ուղեղի, այլ մարմնի այլ մասերի համընթաց շարժում։
Աղետի այս սպասումները պետությանն ու հասարակությանը հասցրել են իներցիայի ռեժիմի․ մարդիկ՝ անհատական մակարդակում, հասարակությունն ու պետությունը՝ հավաքականորեն ապրում են «էսօր էլ լավ պրծանք» մխիթարանքով։ Քաղաքացիների մեծ մասի համար դա արտահայտվում է մանր ուրախություններով, իշխանության փոքր հատվածի համար՝ խոշոր դրամական միջոցներով ու բյուջետային վայելքներով, ասֆալտապատման ատկատներով ու խոշոր կապիտալի կուտակմամբ։
Սկզբունքորեն տարբեր այս բոլոր խավերին միավորում է հենց սպասումը, գիտակցումը, որ տեսանելի մի օր ամեն ինչ վերջանալու է։ Բայց նաև այն սկզբունքային տարբերությամբ, որ իներցիոն կյանքից հսկայական միջոցներ կուտակած իշխանության ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ հասցնելու են տեղավորվել վերջին ինքնաթիռում, իսկ հասարակության մեծամասնությունը կրելու է մոտալուտ աղետի բոլոր հետևանքները, պատերազմի դեպքում՝ վճարելով կյանքով, ավելի մեղմ տարբերակում՝ ծննդավայրով, լավագույն դեպքում՝ կյանքի խիստ վատթարացմամբ։
Հայաստանն իներցիոն ռեժիմում է հայտնվել, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև ու առաջին հերթին այն պատճառով, որ գրեթե ամբողջությամբ կորցրել է սուբյեկտայնությունը՝ որպես պետական կազմավորում։ Հայաստանը տարածաշրջանային, առավել ևս՝ միջազգային հարաբերություններում իրենից ոչինչ չի ներկայացնում, Հայաստանը մասնակցում է սեփական տարածքի ու ճակատագրի մասին որոշումների կայացմանը տեղեկացվողի մակարդակում։ Եթե պատահում է, որ այդ որոշումներն աղետալի չեն, ներկայացվում է՝ որպես «դիվանագիտական հաղթանակ»։
Մնացած դեպքերում՝ ամեն ինչ կարելի է բարդել անարդար աշխարհի, դաժան ճակատագրի, նախկինների վրա բարդելն էլ կա ու կա՝ անընդհատ կրկնելու են:
Հայաստանը վերածվել է տարածքի, որտեղ մարդիկ խաղաղ կյանքի պատրանքով ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ հարևանները, ռազմավարական ու սովորական դաշնակիցները, աշխարհը՝ ընդհանուր առմամբ, այլ որոշում չեն կայացրել։ Այդ իներցիայից ամենաշատը շահում է իշխանությունը, որի համար իներցիոն ամեն մի օրը ոչ թե սրճարանում վայելած կապուչինոյի գավաթն է, այլ կոնկրետ փող՝ լազուրյան որևէ բանկային հաշվից հարմար պահի կանխիկացման երաշխավորված հեռանկարով։
2021 թվականի ընտրություններում հանդես գալով «Ապագա կա» կարգախոսով՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնավորեցրել ապագայի տեսակը՝ չմանրամասնելով, որ այն կարող է լինել՝ ինչպես պայծառ ու լուսավոր, այնպես էլ՝ մռայլ ու աղետալի։
Նա հիմա զբաղված է անձնական ապագայի լուսավորմամբ։ Իսկ հայ հասարակությունն իր ընտրությամբ և չընտրությամբ դատապարտված է սպասելու սեփական ապագայի տեսակի մասին տեղեկացվելուն։
Նրա համար առայժմ ավելի կարևոր է, որ սպասումն անցնում է սրճարաններում կապուչինոյի բուրավետ գավաթի ընկերակցությամբ։
Հարություն Ավետիսյան