Պատմամշակութային 12 կառույց հուշարձանի կարգավիճակ են ստացել

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2026 թվականի երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փողոց, 38, Ս. Խանզադյան փողոց, 46 և Նորքի փողոց, 86 հասցեների բնակելի տները, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի երեք խաչքարեր (1880-ական թթ.) և Քասախ գյուղի գյուղատեղին (XIII-XIV դդ.), Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի «Քահրիզների համակարգ» (XVIII դ.), Լիճք գյուղի «Գյուղատեղի Թաղամիրի» (XIII դ.- ուշ միջնադար) և «Թաղամիրի կամուրջ» (XVII դ.) պատմամշակութային օբյեկտները (քարտեզագրական նյութերը կցվում են):

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող խաչքարը (XIV դ.) և Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա․ II-I հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արարատի մարզի Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող «Մարդանց» ( XVII-XIX դդ., պետական ցուցիչ՝ 3.98.1.1), «Բաբերդ», V-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 3.98.5.1), «Ներքին Գլան» (X-XVII դդ., պետական ցուցիչ՝ 3.98.7.1), «Աղջոց» (X-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 3.99.1.1), «Եղեգի» (XVIII-XIX դդ., պետական ցուցիչ՝ 3.99.3.1), «Հավուց Թառ» (XI-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 3.99.4.3) գյուղատեղիների, Սյունիքի մարզի Ալվանք գյուղի Կուսանաց Անապատ վանական համալիրի (XVII-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 8.9.16), Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու (պետական ցուցիչ՝ 10.2.2), «Տավուշ» ամրոցի (պետական ցուցիչ՝ 10.2.8.3), Ենոքավան գյուղի «ՕԿՈՆ» ամրոցի ( Ք.ա. II-I հազ., պետական ցուցիչ՝ 10.28.6) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930