Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին

Երբ  Նիկոլ Փաշինյանը դեռևս անցած տարի հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է նվազեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, բոլորը սկսեցին փնտրել պահանջողներին։ Հաջորդող ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ապացուցեց, որ «միջազգային հանրություն» ասելով՝ նկատի ուներ առաջին հերթին ու առավելապես՝ Ադրբեջանին, որի՝ Արցախից ամբողջությամբ հրաժարվելու պահանջը կատարելու պատրաստակամության մասին հայտարարում է բոլոր առիթներով ու բոլոր ամբիոններից՝ սկսած ՀՀ Ազգային ժողովից ու ՊՆ բունկերից՝ մինչև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոն։

Նիկոլ Փաշինյանը խաղում է բաց քարտերով։ Այլևս առանց որևէ ձևականության նա ցույց է տալիս, որ պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները։ Ընդ որում, այնքան նախանձախնդիր է այդ հարցում, որ առաջ ընկնելով՝ Ալիևին խնդրում է ներկայացնել Հայաստանի՝ իր պատկերացրած քարտեզը։ Մարդը, ով կատարել ու շարունակում է կատարել Ալիևի բոլոր պահանջները, հիմա նրանից խնդրում է քարտեզ, որը կամայականորեն կարող է լինել առանց Հայաստանի որևէ բնակավայրի կամ բնակավայրերի։ Եվ դժվար չէ պատկերացնել տեսարանը՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը կոկորդ պատռում Ազգային ժողովում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պահանջում էր Վարդենիսի ամբողջ շրջանը, բայց իրեն հերոսաբար հաջողվել է փրկել մի ամբողջ քաղաք ու ևս երեքուկես գյուղ։

Նշաձողի իջեցման մասին Նիկոլ Փաշինյանի դատողությունն իրականում առանցքային է ու հայեցակարգային։ Այդ արտահայտությամբ նա ուղերձ է հղել, որ հղվողներն ամբողջությամբ չեն ընկալել։ Եվ խոսքն ամենևին Արցախի կամ ոչ միայն Արցախի մասին է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության նշաձողի իջեցմամբ, և դա անում է այնքան մեծ էնտուզիազմով, ինչպես վարվում է առաջին պատահած բրդուճի հետ։

Նիկոլ Փաշինյանն իջեցրել է նշաձողերը պետության ու հասարակության կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր համակարգերում ու ոլորտներում։

Կարդացեք նաև

Քաղաքականությունը նա հասցրել է սեռաշեղված մեկի ու եղբայրուրաց մյուսի մակարդակի խեղկատակության։

Իրավապահ մարմինների նշաձողն իջեցրել է զոհվածի մայր հոշոտող ենիչերիների մակարդակի։

Բանակը դարձել է կամազուրկ պագոնավորների հավաքատեղի, որի ղեկավարությունը չունի ոչ միայն սպայի, այլ անգամ շարքային տղամարդու արժանապատվություն։

Արտաքին քաղաքականության նշաձողը հասցրել է իր ու Տիգրան Արզաքանցյանի ռուսերենի իմացության մակարդակին։

Հանրային հարաբերությունների որակի նշաձողը կարող է մրցել իշխանական ֆեյքերի ու պերֆեքթիվիների դեգրադացիայի ցուցիչի հետ։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության չորսուկես տարիներին, բայց հատկապես պատերազմից հետո հայկականությունը հասցրել է քաղաքական, հանրային,  բարոյական, արժեքային անկման հատակին, բայց ամեն օր ապացուցում է, որ անկումը դեռևս կարող է շարունակվել․․․ մինչև անսահմանություն, որի սահմանը, սակայն, խիստ որոշակի է և կոչվում է պետականության կորուստ։

Նիկոլ Փաշինյանը, որպես երևույթ, Հայաստանի, հայկականության դիմադրողականության թեստ է, որով, ինչպես մահամերձ հիվանդի պարագային, փորձարկվում է մինչև վերջին շունչը։ Ընդ որում, դա ոչ թե սովորական, այլ սպանող թեստ է, որը կիրառման ամեն դեպքից հետո ավելի է թուլացնում դիմադրողականությունը։

Եվ հիմա հայ հասարակությունը, քաղաքական և մնացած բոլոր վերնախավերը, բոլորը՝ անկախ իրենց դիրքորոշումներից, քաղաքական, արժեքային և այլ պատկանելություններից, ունեն գուցե վերջին հնարավորությունը՝ ցույց տալու կամ հայկականության դիմադրողականության վերջին փշրանքները, կամ թուլանալու և հաճույք ստանալու այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյան անունով թեստը կկիրառվի վերջին անգամ։

Դա կլինի Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը կամ ստորագրությունը, որից հետո Հայաստանն այլևս կարող է չլինել, բայց ինքը կկարողանա հայտարարել, որ իրականացրել է իր ամենակարևոր երկու խոստումները միաժամանակ՝ և՛ Հայաստանն ունեցել է Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, և՛ Հայաստանն այլևս վարչապետ չունի։

Մինչ այս պահը Հայաստանում տիրող անգործությունից դատելով՝ բոլորը սպասում են նրա այդ վերջին ելույթին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս