Հայրենասիրական դավաճանության հայկական առանձնահատկությունները
Պետական կառավարման համակարգը ցանկացած պետության ողնաշարն է։ Դա արտահայտվում է ոչ միայն նրանով, որ պետական համակարգն է զբաղվում երկրի հեռանկարային և ընթացիկ կառավարմամբ։ Շատ ավելի կարևոր է այն հատկանիշը, որ նորմալ երկրներում ներքնապես բնորոշ է պետական կառավարման համակարգերին, և որի մասին որևէ փաստաթղթում ֆորմալ առումով որևէ ձևակերպում չի արձանագրվում ու որևէ ամբիոնից չի թմբկահարվում։ Խոսքը պետության, պետականության դիմադրողականության մասին է, որի պահպանումը պետական կառավարման համակարգի գուցե առաջնային առաքելությունն ու գործառույթն է։
Կայացած պետական կառավարման համակարգն ունի ներքին, օրգանապես կապված շերտեր, որոնք հանրագումարում ձևավորում են այն կարմիր գծերը, որոնցից անդին որևէ գործողություն կարող է սպառնալ պետությանն ու պետականությանը։ Դա վերաբերում է նաև անձերին, անհատներին, որոնք՝ հայտնվելով պետական կառավարման համակարգի ստորին, միջին և բարձր օղակներում, կարող են վտանգել պետությանն ու պետականությանը։
Դիմադրողունակ պետական համակարգն ուղղակի դուրս կշպրտի նման որևէ մեկին, եթե անգամ այդ մեկը զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը։ Հայաստանում, սակայն, համակարգային դիմադրողականության այս մեխանիզմը չի գործում։ Խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ թե անձը, անհատն է՝ անկախ կարգավիճակից, ծառայում պետական կառավարման համակարգին, ինչպես ցուցանում են Սահմանադրությունն ու օրենքները, այլ ճիշտ հակառակը՝ համակարգն է ծառայեցվում անձի, անհատի կամայականություններին, ինչպես գրված չէ որևէ Սահմանադրությունում և օրենքում։ Արդյունքում, պետական կառավարման համակարգը դառնում է անհատի անգամ ամենահակապետական ծրագրերի սպասարկողը, ինչի արտահայտությունը մենք տեսնում ենք Հայաստանում։
Հանրային, քաղաքական քննարկումներում շատ է հնչում հարց-տարակուսանքը՝ մի՞թե մեր պետական կառավարման համակարգում չկան հայրենասեր, պետության շահերը գիտակցող անհատներ ու խմբեր, որոնք կկարողանան կանխել Նիկոլ Փաշինյանի հակապետական քայլերը։ Իրականում այդպիսի անհատներ ու շերտեր պետական կառավարման համակարգում վստահաբար կան, գուցե դրանք քանակապես շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել։ Խնդիրը, սակայն, համակարգի գործունեության մեխանիզմն է, արատավոր ներքին դրվածքը, ըստ որի, այդ համակարգը՝ նույնիսկ ամենահայրենասեր անհատներով, ծառայում է այն մեկ անձին, որը ղեկավարում է պետությունը։
Արդյունքում՝ գործ ունենք պարադոքսալ, բանականությանն անհասու երևույթի հետ՝ հայրենասիրական դավաճանության հետ. այն, ինչով զբաղված է Հայաստանի պետական կառավարման համակարգն այսօր։ Սրա պատճառները շատ են, բայց գլխավոր խնդիրն իշխանության թևերի իրական տարանջատման և իշխանության կառուցվածքում կենսունակ, իրապես գործող հակակշիռների ու զսպումների համակարգերի բացակայությունն է։
Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու համակարգերը կենտրոնացած են ու ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Անգամ ամենահամարձակ ֆանտաստը չի հանդգնի երևակայել, որ այսօր երկրում գործող որևէ համակարգ կամ պաշտոնյա կարող է հակադրվել Նիկոլ Փաշինյանին։ Կրկին՝ նույն խորքային պատճառով․ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ծառայում պետական կառավարման համակարգին, այլ հակառակը։ Պետական կառավարման համակարգի այս դեգրադացիան երկրում ժողովրդավարության ձևի և բովանդակության միջև առաջացած խզման արդյունք է։ Հայաստանում ժողովրդավարությունը գործում է միայն միջազգային հանրության ու տարբեր զեկույցների հեղինակների համար, ինչը միանգամայն բավարարում է այս իշխանություններին։ Բովանդակային առումով, ժողովրդավարություն, իշխանության տարանջատում ու ապակենտրոնացում գոյություն չունի, ինչը, կրկին, բխում է իշխանության, իմա՝ Նիկոլ Փաշինյանի և, ըստ ամենայնի, նաև միջազգային հանրության շահերից։
Հարություն Ավետիսյան