Նիկոլ Փաշինյանին սպառնացող ամենամեծ վտանգը

Հայկական քաղաքականության, հանրային հարաբերությունների համակարգի լրջագույն խնդիրներից մեկը ճշմարտության ու հավատի պրոբլեմն է։ Ճշմարտությունը՝ որպես օբյեկտիվ իրականության արտահայտություն, գրեթե տեղ չունի մեր կյանքում։

Փոխարենը՝ որպես ամենատարբեր ճշմարտություններ, հասարակությանը հրամցվում է ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ տարիների, գուցե տասնամյակների ընթացքում մարդիկ դադարել են ճշմարտությունն ընկալել օբյեկտիվորեն, անանձնական հարթությունում, այնպես, ինչպես այն կա։ Ճշմարտությունը՝ փոխարենը, գնահատվում, կշռվում է ոչ թե նրա, ասենք այսպես, մաքուր հատկանիշներով, այլ կախված այն արտահայտող անձից կամ խմբերից։ Արդյունքում՝ մարդկանց համար որպես ճշմարտություն է ներկայանում այն, ինչը ներկայացնում է իրենց կողմից սիրելի/պաշտելի գործիչը կամ դրանց խումբը՝ անկախ նրանից՝ ներկայացվողը ճշմարտությո՞ւն է, թե՞ կեղծիք։ Եվ հակառակը՝ շատ-շատերն անգամ ապացուցելի, հիմնավորված, մաքուր ճշմարտությունը չեն ընկալում՝ որպես այդպիսին, եթե չեն սիրում/պաշտում այն ներկայացնողին։

Պայմանական օրինակով, եթե, ասենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ Արտաշատ քաղաքն ադրբեջանական է, ապա հազարավոր մարդիկ դա կընդունեն՝ որպես ճշմարտություն, եթե անգամ ոչ միայն դպրոցներում են ուսանել պատմություն, այլ պատմաբաններ են ու պատմասացներ ու գիտեն, որ դա կատարյալ խաբեություն է։ Կընդունեն, որովհետև դա ասողը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հակառակը՝ նրանք որպես ճշմարտություն չեն ընդունի Արցախի՝ հազարամյա հայկական պատկանելությունն ապացուցող, փաստարկող, հիմնավորող տեղեկությունը, եթե այն ներկայացնողը որևէ կապ ունի «նախկինների» հետ։

Նման օրինակներ կարելի է գտնել պետության ու հանրության կենսագործունեության, առանց բացառության, բոլոր ոլորտներում։ Խնդիրը հանգում է նրան, որ մարդկանց զգալի մասը ճշմարտությունը գնահատում է այն ներկայացնողի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, այն դեպքում, երբ առողջ իրականության մեջ պետք է լինի ճիշտ հակառակը՝ որևէ մեկի նկատմամբ հավատը, վստահությունը պետք է պայմանավորված լինի նրանով, թե որքանով է նա արտահայտում ճշմարտությունը և որքանով է կեղծում կամ խաբում։

Կարդացեք նաև

Հայաստանում այս մեխանիզմը գլխիվայր շրջվել է, ինչի արդյունքում ճշմարտությունը՝ որպես օբյեկտիվ իրականության կատեգորիա և, ամենակարևորը՝ որպես հանրային-քաղաքական հարաբերությունների չափորոշիչ ու մոտիվատոր, դադարել է կատարել իր դերը։ Դրան, իհարկե, մեծապես նպաստել են նաև սոցիալական ցանցները, որոնք իդեալական պայմաններ են ստեղծում կեղծ մարգարեների համար։ Մյուս կողմից, սակայն, այս իրավիճակի ավելի խորքային պատճառը հանրության ոչ այնքան բարձր ինտելեկտուալ մակարդակն է, քանի որ միայն կրթված անհատներն ու նրանց բազմություններն են ճշմարտի, իրականի նկատմամբ պահանջ ձևավորում ու ջանք գործադրում դրան հասնելու համար։

Պակաս զարգացած հասարակությունները պարարտ հող են կեղծիքի, ստի, հորինվածքների տարածման համար, ինչն իսկական նվեր է պոպուլիստ ու անգաղափար ցանկացած իշխանության համար, ինչպիսին որ է՛ Հայաստանի այսօրվա իշխանությունը։

Ընդհանրապես քաղաքականությունը պատրանքների, առասպելների, պատումների մեծ վաճառաշուկա է, որում հաղթում են առավել ճարպիկները, ստախոսներն ու կեղծարարները։ Բոլոր այս հատկանիշներով բնորոշվող պոպուլիստների համար ամենամեծ թշնամին ճշմարտությունն է, որը կարող է բացել մարդկանց աչքերը ու հասնել մինչև նրանց հոգիները։ Դա է պատճառը, որ հատկապես վերջին 4.5 տարիներին ճշմարտությունը Հայաստանում ենթարկվել է բոլոր հնարավոր բռնություններին ու ոտնահարումներին, ինչն օգնել է պահպանել իշխանությունը։

Բայց ճշմարտությունը երբևէ բացահայտվելու հատկություն ունի, եթե անգամ այն բռնաբարողներին թվում է, թե օբյեկտիվ իրականությունը կարողացել են խեղել անդառնալիության աստիճանի։ Ահա այդ ժամանակ փլվում են բոլոր առասպելներն ու պատումները, իսկ փլատակներում, որպես կանոն, մնում են դրանց հեղինակներն ու տարածողները։ Իրականում սա ամենամեծ վտանգն է, որը պետք է մտահոգի Նիկոլ Փաշինյանին, եթե, իհարկե, նա ինքը չի դարձել սեփական կեղծիքի կայսրության զոհը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս