Ամանորյա հուղարկավորություն՝ կառավարության շենքում
Չտեսության հասնող ամանորյա քաղաքային լուսավորության ու զարդարանքի շրջանակներում վանդալիզմի են ենթարկվում Կառավարության շենքի զարդանախշերով պատերը, դրանք ուղղակի մեխվում են ինչ-որ լարեր անցկացնելու, մի քանի շաբաթվա համար լույսեր կախելու նպատակով։
Համացանցը ողողված է այդ այլանդակությունը պատկերող լուսանկարներով, լրագրողները մեկնաբանություն ու բացատրություն ստանալու համար դիմում են այս կամ այն պետական մարմնին, նրանցից ոմանք անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, անկախները վրդովվում են ու տարակուսում, և այդպես շարունակ…
Առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե տեղի ունեցողը հերթական փնթիության, ոչ կոմպետենտ կառավարման, անտեղյակության կամ այլ ներելի արատի դրսևորում է, հերթականը այն խայտառակություններից, որ ամեն օր արձանագրվում է մեր պետական կառավարման համակարգում։ Բայց այս վանդալիզմի նման բացատրությունը մեծագույն նվեր է այն իրականացնող իշխանությանը, որի անտեղյակ ներկայացուցիչները, հնարավոր է, իսկապես առաջնորդվում են «դե պատ ա, մխում ենք» հիմնավորմամբ։
Իրականության մեջ, սակայն, այս բարբարոսությունն ունի շատ ավելի խորքային պատճառներ և պարունակում է չափազանց վտանգավոր ուղերձներ։
Իշխանությունը, խիստ մեծ հավանականությամբ, ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հավանության կամ համաձայնության, այլանդակում է Երևանի ճարտարապետական հպարտությունը համարվող շենքերից, թամանյանական ժառանգության ամենաշքեղ մոնումենտներից մեկը։
Շենքի ծագումը, որում արդեն չորսուկես տարի աշխատում է Նիկոլ Փաշինյանը, պետք է որ հայտնի լինի նույնիսկ իրեն։ Այդ դեպքում ինչո՞ւ է թույլատրում կամ հանձնարարում այլանդակել այն։ Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել այն ենթատեքստային ուղերձներում, որոնք Նիկոլ Փաշինյանը սեփական ճառերի կամ կնոջ միջոցով հղում է հանրությանը։
Դրանք ընդհանուր առմամբ հանգում են անցյալի ամենայնը զրոյացնելուն, անցյալի, պատմության հետ «մեր հարաբերությունները թաղելուն»։ Դրա համար, սակայն, միայն ճառերն ու գրառումները բավարար չեն, անհրաժեշտ են նաև էքսհիբիցիոնալ, ցուցադրական թաղումներ, որոնցից մեկն էլ թամանյանական զարդանախշերի հրապարակային մեխումն է։
Այս վանդալիզմն իր մեջ պարունակում է մեկ այլ նշանակություն ևս։
Կառավարության շենքը համարվում է պետության կողմից պահպանվող հուշարձան։ Ահա, ուրեմն, պետությունը ոչ միայն չի պահպանում, այլ այլանդակում է այդ հուշարձանը՝ ընդհանրացված ուղերձ հղելով հասարակությանը, որ պետության կողմից պահպանվող ամեն ինչ գործնականում կարող է այլանդակվել։
Կառավարության շենքը, այսպիսով, արժանանում է նույն ճակատագրին, ինչ, օրինակ, Սև լճի տարածքը կամ Ջերմուկի բարձունքները։
Ինչպես կառավարության շենքը, այնպես էլ դրանք և էլի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են պետության պահպանության տակ։
Տարբերությունն այն է, որ այդ տարածքները գրավվել են ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Կառավարության շենքն այլանդակում են քաղաքապետարանի կամ որևէ այլ կառույցի աշխատակիցներ՝ «դե պատ ա, մխում ենք» ամանորյա զառանցանքով։
Հարություն Ավետիսյան