Մինչև վերջին բունկերը
Այս օրերին Արցախում ու Հայաստանում տեղի ունեցողը սարսափելի է ոչ միայն այն պատճառով, որ Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում հայկական հերթական երեք գյուղերը, ինչը, իհարկե, սարսափելի է առաջին հերթին այնտեղ բնակվող մարդկանց, երեխաների համար։ Բայց Փաշինյանն ու Ալիևը սրանով լուծում են շատ ավելի երկարաժամկետ ու վտանգավոր խնդիրներ։
Արդեն մի քանի օր է՝ ողջ հայ հասարակությունը համակարգչի ու հեռուստացույցի էկրաններին գամված հետևում է, թե ինչպես են 21-րդ դարում ազգությամբ հայ պաշտոնյաների պահանջով մարդիկ դատարկում իրենց տները։ Մարդիկ այս ամենին հետևում են ամենասարսափելի էմոցիաներով, բոլորը հայհոյում են, շատերը՝ հեծկլտում, առավել սառնասիրտները տեսնում են նույնի անխուսափելիությունը նախ ողջ Արցախի, ապա նաև՝ Հայաստանի համար։ Բոլոր այս և էլի բազմաթիվ անհատական ապրումներ հանրագումարում մարդկանց մեջ առաջացնում են անօգնականության, անճարության զգացողություններ։
Եվ անգամ հայհոյանքով ուղեկցվող պոռթկումը՝ «մի՞թե ողջ ազգով չենք կարողանում ազատվել մի քանի դավաճաններից», ոչ թե մեղմացնում, այլ շատ ավելի խորն է դարձնում այդ անօգնականության զգացումը, որովհետև դրանից բխող հետևությունն այն է, որ եթե հայ հասարակությունը չի կարողանում պայքարել մի քանի տասնյակ թիկնապահով ու մի քանի հազար ոստիկանով պաշտպանվող Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա ինչպե՞ս կարող է հակազդել տասնյակ-հազարավոր զորք ունեցող Ադրբեջանին ու Թուրքիային։ Եվ սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին։
Նրան հուզում է բացառապես սեփական իշխանությունը, և քանի դեռ Ալիևը նրանից չի պահանջում հանձնել վարչապետի ավտոշարասյունն ու ամառանոցը, Նիկոլ Փաշինյանը ոչ մի խնդիր չունի Ալիևի հետ։ Նա պատրաստ է հանձնել ամենայնը, բացի սեփական իշխանությունից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ, անձամբ իր համար սպառնալիքի աղբյուր է ոչ թե Ադրբեջանը, այլ հայ հասարակությունը, որը կարող է իր մեջ ուժ գտնել և որևէ ճանապարհով ազատվել երկիրը կործանող իշխանությունից։ Իսկ ի՞նչ է պետք դա թույլ չտալու համար։ Առաջին հերթին՝ անօգտակարության, անկարողության զգացում, որն ամեն օրվա հետ խորացնում է Ալիևը՝ պահանջներ ներկայացնելով, և ինքը՝ այդ պահանջները կատարելով։
Ամեն օր Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ գործնականում պատրաստ է հանձնել ամեն ինչ, բացի սեփական իշխանությունից։ Նա Ալիևին կարող է հակադրվել միայն այն դեպքում, երբ վերջինս պահանջի իր հրաժարականը։ Բայց Նիկոլ Փաշինյանը գիտի, որ դա տեղի չի ունենա, քանի որ Ալիևն ինքն է հայտարարել, որ դեր է խաղացել 2018 թվականին Հայաստանում կատարված իշխանափոխության հարցում։ Հետևաբար, նա հաճույքով կատարելու է իրեն իշխանության բերելու գործում «դեր խաղացած» Ալիևի պահանջները, որոնց արդյունքում հայ հասարակության դիմադրողականությունը, իմա՝ իրեն իշխանությունից զրկելու ռեսուրսները նվազում են ամեն օրվա հետ։
Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն առայժմ իրականանում են։ Բայց նա չգիտի կամ նրան չեն զեկուցել, որ անօգնականությունը՝ թուլացնելով ինչպես մարդուն, այնպես էլ՝ հասարակությանը, իր մեջ նաև ցասում առաջացնելու ներուժ ունի։ Նիկոլ Փաշինյանն ամեն օրվա հետ ավելի է խորացնում մթնոլորտը, որում հասարակությունը կարող է հայտնվել այլևս կորցնելու ոչինչ չունեցողի վիճակում։ Ահա այդ հոգեվիճակը կարող է հանգեցնել հանրային այնպիսի պոռթկման, որի դեպքում Նիկոլ Փաշինյանին չի կարողանա փրկել անգամ Ալիևը՝ Էրդողանի ձեռքը բռնած։
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել ամեն ինչ՝ մինչև վերջին բունկերը։
Հարություն Ավետիսյան
Աղավնոյում երեխաների լուսանկարների հեղինակը արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն է