Նիկոլ Փաշինյանը լուծարում է քաղաքացիական պայմանագիրը․ բոլորը՝ ընդդեմ բոլորի

Հայաստանում հաստատված ճգնաժամը բազմաշերտ է ու բազմամակարդակ։ Ի թիվս կենսական բազմաթիվ ոլորտների՝ պետական կառավարման համակարգ, զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն, ճգնաժամի լրջագույն արտահայտություններ կան նաև հասարակական հարաբերությունների, հանրային բարոյականության, փոխադարձ վստահության հետ կապված հարցերում։

Վերջինը՝ վստահության ճգնաժամը, իր բնույթով համակարգաստեղծ է ու քայքայիչ ազդեցություն է թողնում հանրային ու պետական կյանքի մնացած գրեթե բոլոր ոլորտներում։
Հայաստանում գործնականում որևէ մեկը մյուսին չի վստահում։

Հարևանը չի վստահում հարևանին, ազգականը կասկածում է բարեկամին, գործատուն անհավատ է աշխատակցի հանդեպ, աշխատողը նախանձում է ղեկավարին․․. որևէ մեկը չի վստահում իշխանությանը, իշխանությունը թքած ունի քաղաքացիների, հանրային կարծիքի վրա, վստահություն չկա նաև ընդդիմության նկատմամբ, նույնը վերաբերում է նաև եկեղեցուն, հանրային ու քաղաքացիական մնացած ինստիտուտներին։

Վստահության այդ համատարած ճգնաժամն իրականում պետության դևալվացիայի հետևանք է, քանի որ հենց պետությունն է վստահության ինտեգրալ աղբյուրը։ Եվ երբ քաղաքացիները դադարում են վստահել պետությանը, վստահության ճգնաժամը դոմինոյի էֆեկտով տարածվում է կենսագործունեության մյուս բոլոր ոլորտներում։

Կարդացեք նաև

Վստահության համըդհանուր բացակայությունը չափազանց վտանգավոր երևույթ է, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Խնդիրն այն է, որ հենց վստահությունն է այն պայմանական շաղախը, որի վրա կառուցվում է պետության հիմնասյունը համարվող քաղաքացիական պայմանագիրը (չշփոթել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ)։ Այդ քաղաքացիական պայմանագրի միջոցով է կանխվում դեռևս Թոմաս Հոբսի առաջ քաշած «բոլորը՝ ընդդեմ բոլորի» (Bellum omnium contra omnes) սցենարը, որի այլընտրանքն էլ պետությունն է։

Հիմա Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը։ Պետական կառավարման համակարգերի կազմաքանդումը հանգեցրել է պետության՝ որպես ինստիտուտի, անթույլատրելի հեղինակազրկմանը, մարդիկ ամեն օրվա հետ դադարում են պետությունը համարել իրենց անգամ ամենակենսական խնդիրների՝ անվտանգության, պաշտպանվածության ապահովման միջոց։

Պետությունից մնացել են միայն ձևական ատրիբուտները, բովանդակային ու գործառութային առումով պետությունը վերածվել է, լավագույն դեպքում, Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովող մեքենայի։ Իսկ երբ պետությունը դադարում է գոյություն ունենալ բովանդակորեն, այն դադարում է կատարել նաև «բոլորը՝ ընդդեմ բոլորի» սցենարի կանխման գործառույթը։

Հայաստանում հասարակության շերտավորումն ու մասնատումը, դրանցից յուրաքանչյուրի կողմից մյուսի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը երբեք չեն եղել այն աստիճանի, որքան վերջին տարիներին ու հատկապես այսօր։ Բոլորը չեն վստահում բոլորին, ինչը նշանակում է, որ բոլորը բոլորին համարում են պոտենցիալ թշնամի։ Դա ուղիղ ճանապարհ է «բոլորը՝ ընդդեմ բոլորի» աղետալի սցենարի իրագործման համար, ինչը ավելի շատ ընդունված է անվանել քաղաքացիական պատերազմ։

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Արցախն ու Հայաստանը վերածել անպետություն տարածքի, իսկ դրանում ապրողներին՝ անհայրենիք քաղաքացիների, որոնց հայրենիքը կարող է փոխվել Ալիևի առաջին իսկ պահանջով ու նրա հայկական ֆունկցիոներների հլու կատարմամբ։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն լուծարում է Հայաստանի Հանրապետության հիմքում դրված քաղաքացիական պայմանագիրը։ Ճակատագրական ողբերգականությամբ՝ դա անում է սեփական «Քաղաքացիական պայմանագրի» միջոցով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031