Առանձնյակապետություն
Ցանկացած ժողովրդավարության առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։ Իրական ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման պրոցեսն առավելագույն չափով ապակենտրոնացված է, դրանում ներգրավված են իշխանության հնարավորին չափ շատ մակարդակներ, օղակներ ու մարմիններ, գործում են զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս որոշումները զերծ պահել կամայականություններից, քաղաքական կոնյունկտուրայից, անձնական շահագրռվածություններից։ Եվ հակառակը՝ ոչ ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացումը խիստ կենտրոնացած է, դրանում մասնակցում են լավագույն դեպքում սահմանափակ թվով անձինք, իսկ դեպքերի մեծ մասում՝ մեկ անձ, ով կանգնած է իշխանության գլխին։
Այս չափանիշով Հայաստանը մաքուր հակաժողովրդավարություն է կամ ավտորիտար պետություն, որովհետև որոշումների կայացման գործընթացն անթույլատրելիորեն կենտրոնացած է և, որպես կանոն, տեղի է ունենում մեկ մարդու գլխում։ Հայաստանը կանգնած է կենսական, առաջին հերթին՝ անվտանգային սպառնալիքների առջև, գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում բանակցություններ, հանդիպումներ թշնամիների ու գործընկերների, դաշնակիցների ու չարակամների հետ ամենատարբեր ձևաչափերով։
Հասարակությունն այդ գործընթացների մասին տեղեկանում է լուսանկարներով կամ կարճատև հոլովակներով, որոնցում տեսնում է Հայաստանը ներկայացնող մի քանի անհասկանալի դեմքեր, հիմնականում, իհարկե, մազածածկ։ Ահա այդ անդեմ դեմքերն իրականացնում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը որոշվում է կամ անձամբ Նիկոլ Փաշինյանի, կամ, լավագույն դեպքում, նրա մի քանի մերձավորների կողմից։
Ձևականորեն, իհարկե, Հայաստանն ունի իշխանական համակարգ՝ տասնյակ պատգամավորներով, նախարարներով, զանազան պաշտոնյաներով, հատուկ ու հասարակ հանձնարարություններով դեսպաններով, և այդպես շարունակ։ Բայց նրանք բոլորը ունեն հարյուր տոկոսանոց բուտաֆորիկ նշանակություն։ Նրանք կան, գոյություն ունեն, երևում են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կա իշխանական համակարգ։
Սակայն իրականում, համակարգ՝ բառի ընդգրկուն ու գործառութային իմաստով, չկա, կա իշխանական առանձնյակ, լավագույն դեպքում՝ մի քանի պալատական մերձավորներով, որոնցից կախված է ամբողջ երկրի ու մոտ երեք միլիոն մարդու ճակատագիրը։ Նորմալ, ժողովրդավարական երկրներում գրեթե բոլոր, առավել ևս՝ կենսական նշանակություն ունեցող որոշումները կայացվում են համակարգային մեխանիզմով, զսպումների հակակշիռների միջոցով, որոնց դերը կատարում են առաջին հերթին՝ խորհրդարանը, իշխանության ամենատարբեր կառույցներն ու համակարգերը։
Հայաստանում, սակայն, և՛ որոշում կայացնողը, և՛ զսպողը, և՛ հակակշռողը մեկն է, և նրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Որևէ ֆանտաստ գրողի երևակայությունն անգամ չի կարող բավարարել պատկերելու համար տեսարան, որում Հայաստանի իշխանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ կարող է հակադրվել նրան։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին վերաբերող կենսական հարցերի վրա ազդում են ոչ թե քաղաքական գործոնները, անվտանգային հաշվարկներն ու կանխատեսումները, այլ բացառապես մեկ անձի պատկերացումները, տրամադրությունը, արժեքները կամ դրանց բացակայությունը, սկզբունքները կամ դրանց բացակայությունը, ոգևորությունը կամ հուսահատությունը, և այդպես շարունակ։
Դրա համար էլ Հայաստանը, հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում, գնալով ավելի հաճախ է հայտնվում այնպիսի իրավիճակներում, որպիսիք ժամանակին պատահում էին Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտության հետ ճգնաժամային կամ հերսոտ պահերին՝ զանազան բունկերներից հեռարձակվող ուղիղ եթերների ժամանակ։
Հարություն Ավետիսյան