Հայկական դիմադրողականության ոչնչացման ներքին և արտաքին շահառուները

Պետության դիմադրողականությունը համալիր կատեգորիա է, որը պայմանականորեն բաղկացած է այդ իմունիտետն ուղղակի և անուղղակիորեն ապահովող համակարգերից։

Զինված ուժերը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը պետության, իմա՝ նաև հասարակության դիմադրողականությունն ուղղակիորեն ապահովող կենսական համակարգերն են։

Բայց միայն դրանցով պետության/հասարակության իմունիտետը չի կարող ամբողջական համարվել։ Այդ ամբողջականությունը, ահա, անուղղակիորեն, սակայն ոչ պակաս կարևորությամբ, ապահովում են այնպիսի համակարգեր, ինչպես եկեղեցին, մտավորականությունը, մասնագիտական վերնախավերը, քաղաքացիական հասարակությունը։

Այս բոլոր համակարգերի՝ վերջին տարիների իրավիճակի անգամ հպանցիկ քննարկումն ակնհայտ է դարձնում, որ տարիներ շարունակ հետևողականորեն, մեթոդաբար Հայաստանի դիմադրողականությունը գտնվել և շարունակում է գտնվել հարվածների տակ և նվազում է ամեն օրվա հետ։

Կարդացեք նաև

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո զինված ուժերը ոչ միայն դեռևս ուշքի չեն եկել, այլև այսօր էլ՝ հարաբերականորեն խաղաղ պայմաններում, գտնվում են ուղղակի հարվածների ներքո։

Նախ, դեռևս պատերազմից առաջ, ապա նաև դրանից հետո հանրային ընկալումներում զինվորականությունը, բանակը ենթարկվեց ու շարունակում է ենթարկվել հեղինակազրկման, ընդ որում՝ դա արվում է իշխանության ամենաբարձր մակարդակով։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ դրանում իրենց մեղքի բաժինն ունի հենց նույն զինվորականությունը՝ գեներալիտետի գլխավորությամբ, որը չդիմացավ ներքաղաքական ճղճիմ կոնյունկտուրային ենթարկվելու գայթակղությանը։

Սակայն, եթե երկրի բարձրագույն իշխանությունն իր առջև չդներ բանակը վարկաբեկելու խնդիր, դա տեղի չէր ունենա, անգամ, եթե բոլոր գեներալները Հանրապետության հրապարակում փահլևվանություն անեին։

Զինված ուժերի կազմալուծումը հիմա արդեն հասել է ինստիտուցիոնալ մակարդակի․ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պարտադիր զինծառայությունից կարելի է ազատվել՝ վճարելով ոմանց համար՝ ընդամենը, շատերի համար՝ ամբողջ 24 միլիոն դրամ։ Բայց խնդիրը գումարի չափը չէ, այլ այն, որ պետությունը, փաստորեն, վաճառքի է հանում քաղաքացիների՝ հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորությունից ազատվելու ինդուլգենցիան։

Զինված ուժերը՝ որպես պետության դիմադրողականության գլխավոր համակարգ, այսպիսով գտնվում են խայտառակ վիճակում և անասելի հեռու են դիմադրողականության, անվտանգության պահպանության իրենց սահմանադրական գործառույթի կատարումից։

Պետական-հանրային դիմադրողականության ապահովման մյուս համակարգը՝ Ազգային Անվտանգության ծառայությունը, գտնվում է բանակից ոչ պակաս խղճուկ վիճակում։

Այդ կառույցը դեֆորմացվել է այնպես ու այնքան, որ վերածվել է առավելապես Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովող ու նրա ընդդիմախոսներին հետապնդող մարմնի։

Այդ հարցում ԱԱԾ-ն առավել քան փութաջան է, բայց դա որևէ կապ չունի պետության/հանրության դիմադրողականության հետ, այդ մարմինը զբաղվում է Նիկոլ Փաշինյանի իմունիտետով՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։

ԱԱԾ-ն անկարող է հայտնաբերել հանրապետությունում տասնյակ կեղծ ահազանգեր իրականացնողներին, բայց անմիջապես գտնում է Նիկոլ Փաշինյանին հայհոյող քաղաքացուն։ Այսպիսով, պետության դիմադրողականության ևս մեկ կարևոր համակարգ՝ ԱԱԾ-ն, մեղմ ասած, կենսունակ չէ։
ԱԱԾ-ից քիչ է տարբերվում Ոստիկանությունը, որի ղեկավարությունն ավելի նախանձախնդիր է Նիկոլ Փաշինյանի անձնական դիմադրողականության բարձրացման առումով՝ դրա ղեկավարի դպրոցական կենսագրության բերումով։

Ավելի լայն համատեքստում, Ոստիկանությունը վերածվել է համակարգի, որի կազմում գործում է Դանիել Իոաննիսյանի կազմակերպած պարեկային ծառայությունը՝ դրանից բխող խայտառակ հետևանքներով։

Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ պետական կառավարման համակարգի մյուս ենթահամակարգերը դեգրադացված են նշվածներից ոչ պակաս չափով, Հայաստանի դիմադրողականությանը հասցված վնասների պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Սակայն այնպես չէ, որ հայկական դիմադրողականությունը խարխլվել է միայն ֆորմալ համակարգերի հարթությունում։ Անցած մի քանի տարիներին հետևողական հարվածներ են հասցվել նաև ազգային-պետական դիմադրողականությունն անուղղակիորեն  ապահովող համակարգերին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ամենատարբեր մասնագիտական էլիտաներին և, վերջին հաշվով՝ նաև քաղաքացիական հասարակությանը, որի ներկայացուցիչների մեծամասնությունը, ինչպես պարզվեց, քաղաքացիականությունն օգտագործում էր հատկապես Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, իսկ դրանից հետո՝ նրա իշխանությունը պահպանելու նպատակով։
Այսպիսով, անցած ավելի քան չորս տարիներին Հայաստանի ազգային-պետական դիմադրողականությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական հարձակումների, ինչը շարունակվում է նաև այսօր։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ պետության ու հասարակության դիմադրողականության հաշվին ամրապնդվել է իշխանության դիմադրողականությունը։ Այդ ողբերգականությունը, սակայն, ունի պարզ բացատրություն․ Նիկոլ Փաշինյանի իշխանության նման իշխանության գլխավոր հենասյունը հենց այսպիսի՝ դիմադրողականությունից զուրկ պետությունն ու հասարակությունն է, քանի որ ուժեղ պետական համակարգը հենց ներքին դիմադրողականության համար կարող էր չհանդուրժել նման իշխանությանը։

Դիմադրողականությունից զուրկ Հայաստանն ունի ներքին և արտաքին շահառուներ։ Ներքին գլխավոր շահառուն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է՝ իր իշխանությամբ, իսկ արտաքին շահառուների ցանկը բավական երկար է՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, վերջացրած տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր գերտերություններով՝ Ռուսաստանից մինչև Իրան, ԱՄՆ-ից մինչև Չինաստան։

Մեծ հաշվով, հայ հասարակությունը մնացել է այս բոլոր կենտրոնների դեմ միայնակ ու գուցե նաև ենթագիտակցական մակարդակում զգալով այդ իրողությունը՝ պայքարն անիմաստ կամ անհնարին է համարում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս