Քաղաքական դաշտի երևանյան պերճանքն ու մարզային թշվառությունը
Կիրակի օրը Հայաստանի 18 համայնքներում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոշակի բացառություններով, ունեցան ինչպես սպասելի արդյունքներ, այնպես էլ այդ արդյունքներին սպասելի գնահատականներ ու արձագանքներ։ Համայնքների մոտ կեսում հաղթել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, կեսից ավելիում՝ բոլոր մեծ համայնքներում, նրանք պարտվել են ամենատարբեր ուժերի թեկնածուներին։
Եվ ահա, հանրային-սոցցանցային բոհեմը, ժանրի կանոններին համաձայն, տասնյակ զգայական գրառումներ է հորդում՝ գեղագիտորեն պիտակավորելով այն համայնքի բնակիչներին, որոնք ընտրել են ՔՊ-ին, և նույնքան գեղագիտորեն ձոներ երկնելով նրանց հասցեին, ովքեր մերժել են նիկոլիզմը։
Իհարկե, այս արձագանքները զգայական մակարդակում նույնպես հասկանալի են․ բանականություն ունեցող ցանկացած մեկի համար անընկալելի է՝ ինչպե՞ս կարող են օրեր առաջ ռմբակոծված բնակավայրում անգամ գեթ մեկ ձայն տալ այս ԱՂԵՏԸ բերած իշխանության թեկնածուներին։ Սակայն, քաղաքականությունն այդուհանդերձ էմոցիոնալ զբաղմունք չէ, եթե, իհարկե, դրանով զբաղվողների նպատակը ոչ թե ասմունքի մրցույթներում հաղթանակի արժանի էպիտետների թողարկումն է, այլ ստեղծված վիճակը, ողբերգական վիճակը փոխելը։ Եվ արդեն քաղաքական հարթությունում, ոչ թե լիրիկական, այլ գործնական քաղաքականության հարթությունում այս և այլ ընտրությունների արդյունքները ոչ թե համազգային ողբի, այլ ինստիտուցիոնալ վերլուծության ու քննարկման պետք է արժանանան։
Ահա այդ վերլուծության, ոչ թե ստեղծագործական մրցության տիրույթում քաղաքականությամբ զբաղվողները պետք է փորձեն հասկանալ այն խորքային պատճառները, որոնք մարդկանց ստիպում են ընտրել աղետն իրենց տուն բերածներին։
Այդ պատճառները կարող են լինել ամենատարբեր բնույթի՝ սկսած պարզունակ թվացողից մինչև խորը հոգեբանական, բացառված չէ անգամ, որ մարդկանց զգալի մասը դեռևս չի հասկանում ԱՂԵՏԻ խորությունն ու դրա հեղինակներին, կամ հասկանալով հանդերձ՝ նրանց մատչելի կերպով չեն հասկացնում, թե ովքեր և ինչ պետք է անեին այդ աղետը կանխելու համար, բայց չեն արել։
Բոլոր այս և չթվարկված բազմաթիվ պատճառները ենթադրում են ամենօրյա, տքնաջան աշխատանք, պատկերավոր ասած՝ «դաշտային քաղաքական աշխատանք» տեղերում՝ ամենափոքր քաղաքից մինչև ամենասահմանամերձ գյուղ։ Դա աշխատանք է, որով մեր քաղաքական ուժերից ոչ մեկը գործնականում գրեթե չի զբաղվում, թերևս, բացառությամբ իշխանության, որը դա անում է վարչական ռեսուրսի տիրապետելով ու բոլոր բնակավայրերում պետական համակարգը, պետական բյուջեն կուսակցական շահերին ծառայեցնելով։ Մյուս քաղաքական ուժերը չեն զբաղվում մարդկանց հետ անմիջական աշխատանքով։
Քաղաքականությամբ զբաղվողների գերակշիռ մեծամասնության համար քաղաքականությունը սահմանափակվում է երևանյան լուսավոր տաղավարներում հարցազրույցներ տալով ու սոցցանցերում հերթապահ գրառումներ կատարելով։
Իրականության մեջ, սակայն, քաղաքականությունը երկրի մութ ու հեռավոր անկյուններում է, այն մարդկանց խառնված մտքերում, դատարկված գրպաններում ու ալեկոծված հոգիներում, որոնք որևէ ընտրության ժամանակ վերջում ընտրում են իշխանությանը։
Նրանց մեղադրելն ու պիտակավորելը, իհարկե, ամենահեշտ ու լայքաբեր զբաղմունքն է։ Բայց դա նշանակում է ոչ միայն չհասկանալ իրերի խորքային դրությունն ու պատճառները, այլ ավելի խորացնել դրանք։
Լայն իմաստով, ինչպես համապետական մակարդակում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում մարդիկ դեռևս չեն տեսնում իշխանությանն իրական այլընտրանք, ոչ թե կարգախոսային ու քարոզչական, այլ իրական, ծրագրային, աշխատանքային այլընտրանք։ Ահա այդ պայմաններում, նրանք իրական այլընտրանքի բացակայության պատճառով այդուհանդերձ գերադասում են իշխանությանը, որը, եթե անգամ աղետ է, ապա իրական է, ի տարբերություն ընդդիմադիրների խոստացած փրկության։
Բուն ՏԻՄ ընտրություններում ընդդիմության՝ որոշ համայնքներում պարտության կամ անհաջողության պատճառներից մեկն էլ մեթոդաբանական սխալն է։ Երևանյան գրասենյակներում բազմած ընդդիմադիրներից շատերին թվում է, թե, օրինակ, խոտհունձի կամ սերմացուի խնդիրներ ունեցող գյուղացուն կարելի է արթնացնել «Նիկոլ դավաճան» կամ «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսներով, այն դեպքում, երբ ՏԻՄ ընտրությանը մասնակցող իշխանական թեկնածուն՝ ունենալով նաև վարչական լծակներ, լուծում է մի տուկ թելի ու մի պարկ պարարտանյութի, սերմացուի հարցը՝ այդպիսով կորզելով նրա քվեն։
Գուցե թանկարժեք կոստյումը քաղաքականության չափանիշ համարողների համար պատվից ցածր է իջնել գյուղական գոմաղբի մակարդակի խնդիրների հարթություն։ Հնարավոր է։ Բայց այդ դեպքում նրանք պետք է ընդունեն, որ տեղի ունեցածը օրինաչափ է, և դադարեն մեղադրել քաղաքացիներին, որոնց մեծամասնությունը գտնվում է կամ իշխանական, կամ այլասերված հայհոյախոսության քարոզչության ազդեցության ներքո՝ կրկին այլընտրանքային տեղեկատվության, հենց այլընտրանքային հասանելի քարոզչության բացակայության պատճառով։
Իհարկե, ցանկացած ընտրությունից հետո կարելի է նեղանալ քաղաքացիներից և հեռանալ որևէ տաքուկ ծովեզր, հատկապես, որ քաղաքականությամբ զբաղվողներից շատերը դրա հնարավորությունն ունեն։ Բայց արժե նաև մտածել այն մասին, թե ինչու են քաղաքացիներն իրենք գլոբալ առումով նեղացել ամենայնից, ինչը ճոռոմաբար անվանվում կամ ներկայացվում է՝ որպես քաղաքականություն։
Հարություն Ավետիսյան