Ֆլորիդան դատի է տվել OpenAI-ին
=ԱՄՆ Ֆլորիդայի նահանգը հունիսի 1-ին դատի է տվել OpenAI-ին և դրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին՝ մեղադրելով ընկերությանն իր ChatGPT հարթակի անվտանգությունը սխալ ներկայացնելու համար, որն, ըստ հայցի, վնասել է երեխաներին՝ դպրոցներում հրաձգություններ իրականացնողներին տեղեկատվություն տրամադրելով, ինքնավնասման վերաբերյալ ուղեցույցներ առաջարկելով և երիտասարդ օգտատերերին կախվածության մեջ գցելով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ֆլորիդան դարձել է OpenAI-ի դեմ դատական հայց ներկայացրած առաջին նահանգը։ Գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերի ներկայացրած հայցում նշվում է 2025 թվականին Թալահասի քաղաքի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով երկու մարդ էր զոհվել, վեցը՝ վիրավորվել, ինչպես նաև այլ նահանգներում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ. պնդվում է, որ ChatGPT-ն, ենթադրաբար, տեղեկատվություն է տրամադրել այն մարդկանց, որոնք հետագայում բռնություն են իրականացրել։
Մամուլի ասուլիսում Ութմայերը նշել է, որ նահանգն Ալթմանին ընդգրկել է հայցում, քանի որ նա «շատ կենտրոնական» դեր է խաղացել ChatGPT-ի որոշ գործառույթների առաջխաղացման գործում, որոնք, Ութմայերի խոսքով, ամենավտանգավորն են եղել։
«Մարդիկ տուժում են, ծնողները խաբվում են, և նրանք պետք է վճարեն դրա համար», – լրագրողներին ասել է Ութմայերը։
Ըստ նրա՝ հայցը պահանջում է մինչև մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում, ինչպես նաև դատարանի որոշում, որը կհրահանգի ընկերությանը փոխել երիտասարդ օգտատերերի հետ իր փոխազդեցության ձևը։
OpenAI-ի խոսնակն առայժմ չի արձագանքել մեկնաբանություն տալու Reuters-ի հարցմանը։ OpenAI-ը նախկինում հայտարարել է, որ մարզում է իր մոդելներին մերժել այն հարցումները, որոնք կարող են նպաստել բռնությանը, և տեղեկացնում է իրավապահ մարմիններին, երբ զրույցները ենթադրում են «ուրիշներին վնաս հասցնելու անխուսափելի և հավաստի ռիսկ», իսկ հոգեկան առողջության փորձագետներն օգնում են գնահատել վտանգավոր դեպքերը։
Reuters-ը նշում է, որ արհեստական բանականություն մշակող ընկերությունները բախվում են դատական հայցերի աճող ալիքի. նրանց մեղադրում են ինքնավնասման, հոգեկան հիվանդությունների և բռնությանը նպաստող փոխազդեցությունների կանխումը ձախողելու համար։
OpenAI-ի դեմ դատական հայց է ներկայացրել նաև Թալահասիում՝ Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհված տղամարդու ընտանիքը, որը պնդում է, որ հարձակումը պլանավորելու գործում հրաձիգին օգնել է ChatGPT-ն։
Ապրիլին Կանադայի դպրոցներից մեկում 10 մարդու կյանք խլած զանգվածային հրաձգության զոհերի ընտանիքների անդամները մի շարք դատական հայցեր են ներկայացրել OpenAI-ի և Սեմ Ալթմանի դեմ՝ պնդելով, որ ընկերությունը հարձակումից ութ ամիս առաջ գիտեր, որ կրակողը նման բան է պլանավորում ChatGPT-ում, բայց չէր զգուշացրել ոստիկանությանը։



