Մահվան տեսիլ. մարդու հակառակ կողմը
Դիակապտողների հասարակության նպատակը մահն է՝ անհատական և հավաքական մահը, որի վերջնարդյունքը լինելու է պետության վախճանը։
Երբ հանրային բարոյականության տարրական սահմանագծերը խախտվում են այնքան, որ կյանքի նկատմամբ հարգանքը տրորած լինելով՝ անարգվում է նաև մահը, հասարակությունն անցնում է անդառնալիության կետը։
Նման հանրությունը չի կարող պետություն ունենալ, որովհետև ամենայնից զատ՝ պետությունը կյանքի խորհրդանիշ է, ոչ թե մեռելներին ծաղրելու տարածություն։
Պետություն չի կարող լինել նաև, որովհետև այն ղեկավարողները՝ սեփական գերեզմանների պղծումն անխուսափելի համարելով՝ քաջալերում են դիակապտության փսիխոզը։
Հայաստանն այսքան ու այսպես բարոյազրկվել է տոտալ անարժանապատվության պատճառով։ Իսկ անարժանապատվությունը սուբլիմացվում է պետության ամենավերևից մինչև շարքային ստորաքարշը։ Որովհետև սեփական արժանապատվությունը թշնամու առաջ փալաս դարձրած ամենավերևում գտնվողին պետք է, որ պետությունն ու հասարակությունն ամբողջությամբ թաթախվի անարժանապատվության մեջ։ Եվ թաթախվել է։
Հանրային արժանապատվության նշաձողն իջել է սոցցանցային ստատուսի մակարդակի․ մի քանի տող ցասում, և արժանապատվությունը՝ պաշտպանված, անելիքն արված է համարվում։
Հասարակությունն ապրում է զոհից զոհ վիրտուալ գիրն ավելի պաթետիկ դարձնելու ինքնախաբեությամբ։ Մարդիկ մահանում են, ավելի հաճախ՝ սպանվում, իսկ հասարակության պատասխանը մնում է եթերային դատաստանի տիրույթում, որն անէանում է ամեն հաջորդ օրվա հետ։
Մենք վերածվել ենք ոչ միայն ողջերին հանձնող, այլ նաև մահացածներին տեր չկանգնող հասարակության, հանձնելը մեզ համար դարձել է կենսակերպ՝ անկախ նրանից՝ դա վերաբերում է անկենդան հողի՞ն, թե՞ այդ հողը հայրենիք դարձնող մարդկանց։
Համազգային անարժանապատվությունը ծնել է ամենաթողություն, որի մենաշնորհը, ինչպես մենաշնորհների մեծ մասը, պատկանում է արժանապատվությունն իշխանության հետ փոխածին։
Նրա իշխանության հիմքը, սակայն, ոչ թե հազարավոր ոստիկաններն ու թիկնապահներն են, ինչպես ներկայացնում են ստեղնաշարային պատերազմի մարտիկները, այլ հասարակության անարժանապատվությունը, որովհետև արժանապատվություն ունեցող համայնքը նման ստորացում չէր հանդուրժի։
Մահից մահ ու զոհից զոհ այդ անարժանապատվությունը խորանում է, այսինքն՝ մեծանում է անարգողի իշխանության հիմքը, որին հեռացնել փորձողները նամուսի պաշտպանության իմիտացիայի ամենշաբաթյա ճոռոմաճառ ռիտուալին մասնակցելով՝ իրենց անելիքը՝ արված, ժամավաճառության դոզան սպառված են համարում՝ նպաստելով դահիճի կողմից հերթական զոհաբերությունը մարսված համարելուն։
Հայաստանը գտնվում է անհատակ գահավիժման ինքնահոս ճանապարհին, որովհետև դրանում ապրողներն իրենց թույլ են տվել իջնել այնքան ու այնպես, որ մասնակցել են դագաղների փողոցային կառնավալին։
Իսկ դագաղով բերված սիրո ու հանդուրժողականության վերջը դագաղն է։ Պետության դագաղը։ Ու մեռելների վրա հրճվող կենդանիները։
Հարություն Ավետիսյան