Հայաստանի ամենամեծ դեֆիցիտը

Հայաստանի խորքային խնդիրներից մեկը համատարած անհամարժեքությունն է։ Պետությունը ղեկավարում է ոչ ադեկվատ իշխանություն, որն այսօր ցույց է տալիս, թե փորձում է երկիրը դուրս բերել այն ողբերգական վիճակից, որում հայտնվել է հենց իշխանության ոչ համարժեքության պատճառով։

Այդ անհամարժեքությունն արտահայտվել ու շարունակում է արտահայտվել, առանց բացառության, բոլոր ոլորտներում՝ սկսած բանակի մարտունակությունը սննդի որակով պայմանավորելուց՝ մինչև լուսանկարչական նպատակներով գերթանկարժեք սպառազինության գնում, վերջացրած արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները սոցցանցային հավանումներով կառուցելուց՝ մինչև այս կամ այն երկրի նկատմամբ վերաբերմունքը դրա ղեկավարին դիմավորել-չդիմավորելու հարցի մակերեսայնացում։

Նույնը տեղի է ունեցել և շարունակվում է նաև ներքին կյանքում։ Խորհրդարանը բաղկացած է առողջ բանականության հետ անգամ համարժեքություն չունեցող անդեմ կամակատարներից, կառավարության անդամներն անառողջ մրցավազքի մեջ են խորհրդարանականների հետ՝ իրենց ոչ ադեկվատության ու ծառայամտության հարցում, դատական իշխանությունը խոշոր քայլերով դեգրադացվում է իշխանության մյուս թևերից հետ չմնալու անթաքույց մղումով, և այդպես շարունակ։

Օրինաչափորեն կամ որպես իշխանական անհամարժեքության հայելային արտացոլում նույնքան ոչ ադեկվատ է նաև քաղաքական դաշտը, ընդդիմադիր կուսակցություններն ու միավորները։

Կարդացեք նաև

Հայաստանը գտնվում է իրական գոյաբանական սպառնալիքների առջև, երկրի տարածքները դարձել են միջազգային առևտրի առարկա, ամեն օր իշխանությունը հայտարարում է այս կամ այն փաստաթուղթը ստորագրելու ու բոլորի պահանջներն անհատապես ու հավաքականորեն կատարելու պատրաստակամության մասին, և այդ պայմաններում ընդդիմության գործունեությունը հանգում է լավագույն դեպքում հերթապահ հարցազրույցների ու սոցցանցային գրառումների։

Սոցցանցերով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը կարողացել է վիրտուալ տարածություն տեղափոխել գրեթե բոլորին՝ ընդդիմադիրներին ու ակտիվիստներին, երիտասարդներին ու տարեցներին, մտավորականներին ու շինականներին։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ մինչև հասարակության ու քաղաքական դաշտի հարաբերականորեն ակտիվ հատվածն իր էներգիան անիմաստ վատնում  է վիրտուալ Հայաստանում, Նիկոլ Փաշինյանն իրական, ֆիզիկական Հայաստանի հետ անում է այն, ինչ պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան, Ռուսաստանն ու Արևմուտքը, բոլորը։

Այսպիսով, ոչ ադեկվատ իշխանության, այդ իշխանությանը ոչ ադեկվատ քաղաքական դաշտի ու ընդդիմության պայմաններում, հասարակության մեծամասնությունը համարժեքություն է գտնում հանրային ու պետական կյանքից մեկուսանալու, ամեն ինչ միայն անհատական մակարդակում գնահատելու մեջ, ինչի համար քննադատվում ու պիտակավորվում է՝ իշխանական, իսկ ավելի հաճախ՝ ընդդիմադիր բարձունքներից պաթետիկ ելույթներ ունեցողների կողմից։ Քաղաքական սուբյեկտներից որևէ մեկը, սակայն, չի ցանկանում մտածել անգամ այն մասին, որ որպես այսօրվա ողբերգությունների պատճառ՝ արդարացիորեն կամ հանիրավի մատնանշվող հանրային անտարբերությունն իրականում հասարակության համարժեք պատասխանն է ադեկվատության այն դեֆիցիտին, որում ապրում է Հայաստանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս