Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «Ելք» օպերացիան

Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանը», պարզվում է, այն մասին էր, որ այլևս հայրենիքը հանձնվելու է ոչ թե պատերազմով, գոնե պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախյան խամաճիկներով-բանով, ընդամենը հերթով կատարում է Ալիևի բոլոր պահանջները։

Ալիևը պահանջո՞ւմ է հանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը,  ոչ մի խնդիր․ միշտ կգտնվի որևէ հայկ խանումյան, որը հանձնվող բնակավայրի բնակիչներին կփոխանցի Ալիևի պահանջը, և միշտ կգտնվի որևէ էդմոնմարուքյան, որը հերթական ցնդաբանությամբ դա կվերագրի ընդդիմությանը։

Նիկոլ Փաշինյանը, առանց ավելորդ ձևականությունների, խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը, «իհարկե, առանց զոհերի»։ Ավելի վաղ նա ասել էր, որ այդպես չի վարվել, որովհետև վախենում էր, որ իրեն «դավաճան» կկոչեն։

Նա դավաճանի պիտակից, իհարկե, չխուսափեց, «իհարկե, զոհերով», բայց քանի որ կյանքը ցույց տվեց, որ իշխանության վայելքները ուտվում են նաև «դավաճան» կոչվելով, Նիկոլ Փաշինյանը հիմա հերթով հանձնում է այն, ինչ պահանջում է Ալիևը՝ առանց որևէ բարդույթի։ Հայ հասարակությունն էլ՝ որպես տեսարանների առանձնակի սիրահար, համարյա ուղիղ եթերում մղկտում է տնավեր դարձող մարդկանց պատմությունների կապակցությամբ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ հասարակության հիմնական հատվածի մոտ համազգայինների բոլոր դրսևորումներից առանձնապես ու հատկապես լավ է ստացվում համազգային լացը, շարունակում է անմտահոգ անել այն, ինչը նորանոր ողբի պատճառ է դառնալու։

Կարդացեք նաև

 Անհաց հասարակության համար այս տեսարաններն իսկական նվեր են, որքան էլ դա հնչում է գռեհիկ ու անմարդկային։ Իսկ այսպիսի հասարակությունն էլ իսկական նվեր է Նիկոլ Փաշինյանի համար, որը Ալիևի կյանքի ընծան լինելով՝ վերջինիս պարգևում է տարածքներ, հայ հասարակությանն էլ՝ մղկտալու տեսարաններ։

Նիկոլ Փաշինյանի որևէ գործողություն ու ուղերձ պատահական չի եղել։ Երբ տարիներ առաջ մի ծախու լոռեցու ու մի ուրացող արարատցու հետ նա գոռում էր՝  «Ելք», չէր մասնավորեցնում, թե որտեղից ու ում ելքը նկատի ունի։ Կյանքը ցույց տվեց, որ նա իրականում նկատի ուներ ոչ թե իրավիճակից ելքը, ինչպես թվում էր հավատացողներին ու չէր թվում նրա առաջ ճամփա բացողներին, այլ Հայաստանի ելքն Արցախից, որի մասին կառավարության վերջին նիստում առանց ամաչելու զեկուցեց զեկույցը լսողներին։ Նա ուղիղ չասաց, բայց հասկացողը հասկացավ, որ ելքը վերաբերում է նաև բերձորցիների ելքին՝ մինչև այս ամսվա վերջ, ու մնացած արցախցիների ելքին՝ մինչև այն ժամկետը, որը կսահմանի Ալիևը։

Սրանք չոր փաստեր են․ մարդը «Ելք կա» կարգախոսով խցկվել է խորհրդարան, ապա եկել է իշխանության, ինչի արդյունքում տեղի է ունեցել, իր իսկ խոստովանությամբ՝ ՀՀ զինծառայողների ելքն Արցախից և արցախցիների ելքն իրենց բնակավայրերից։ Դա, ի դեպ, կատարվել է ռուս խաղաղապահների և ոչ այնքան խաղաղապահների աչալուրջ հսկողությամբ, որոնք գուցե կռահում են, որ ելքի հաջորդ հրավերը վերաբերելու է Ռուսաստանին։

Բայց դա իրենց խնդիրն է, որովհետև անցնող տարիներին Նիկոլ Փաշինյանի «Ելք» օպերացիան իրագործվել է իրենց կամ հովանավորությամբ, կամ լուռ համաձայնությամբ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս