Կաթողիկոսը Դանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու շուրջ 30 հոգևորականների և ուխտավորների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու շուրջ 30 հոգևորականների և ուխտավորների։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ընդգծելով, որ նման այցելությունները պատեհ առիթ են փոխճանաչողության, հոգևոր հաղորդակցության և եղբայրական կապերի ամրապնդման համար։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման և ազգային ինքնության պահպանության գործում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ գոհունակություն հայտնելով Քույր Եկեղեցիներին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին, Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսին, ինչպես նաև տարբեր միջեկեղեցական և կրոնական կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու Հայ և Ընդհանրական Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930