Նիկոլ Փաշինյանի ստվերային նպատակները

Նիկոլ Փաշինյանը որոշել է բանակ տանել բոլորին։ Հենց այս իմաստն ուներ նախօրեին կառավարության նիստում պաշտպանության նախարարի ներկայացրած կցկտուր տեղեկությունը՝ եռամսյա հավաքներից հրաժարվելու և բոլոր զինապարտ քաղաքացիներին տարվա մեջ 25 օր զինվորական հավաքներում ընդգրկելու մասին։

Ավելի դետալային տեղեկություն իշխանության հերթական այսրոպեական որոշման վերաբերյալ հայտնի չէ։ Այն դեպքում, երբ այս որոշումը կամ նորամուծությունը խիստ համակարգային քայլ է, որը կարող է արդյունավետ լինել միայն բոլոր քայլերի համակարգման ու համալիր մոտեցման դեպքում։ Սակայն դատելով այն մակերեսայնությունից, որով հանրությանը ներկայացվեց այդ որոշումը, իրականում որևէ խորքային վերլուծություն, քննարկում, հաշվարկ չի կատարվել և, ըստ ամենայնի, որոշումը կայացվել է «ոտքի վրա»։

Զինապարտ բոլոր քաղաքացիներին տարվա մեջ 25 օրով հավաքների ներգրավելու գործընթացը ենթադրում է միանգամայն այլ ենթակառուցվածքային, տեխնիկատնտեսական, լոգիստիկ և այլ բնույթի կարողություններ, քան այսօր ունեն հայկական բանակն ու նրան սպասարկող ծառայությունները։

Խոսքն ամեն ամիս մի քանի տասնյակ հազար տղամարդկանց զորահավաքային գործընթացում ներգրավելու մասին է, ինչը ենթադրում է հսկայական նոր կարողությունների գործադրում՝ սկսած տրանսպորտային միջոցներից, մինչև զորամասային շենքեր, զինպատրաստության համակարգեր, ի վերջո, զինամթերք։

Կարդացեք նաև

Դրանք, և բազմաթիվ այլ անհրաժեշտ բաղադրիչներ ենթադրում են հսկայական նյութական միջոցների ծախս, որը գոնե հանրությանը չի ներկայացվել «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունների կողմից։

Այսինքն՝ հասարակությունը չի տեղեկացվել, թե որքա՞ն է վճարելու այս՝ կասկածելի արդյունավետությամբ որոշման համար։ Իսկ արդյունավետությունն այս դեպքում գլխավոր հանգամանքն է, որովհետև չափելի ցուցանիշներ ունենալու պարագայում (նորմալ պայմաններում նման որոշումները ունենում են հիմնավորումներ, արդյունավետության կանխատեսում, և այլն) կարող էր պարզվել, որ ավելի արդարացված է եռամսյա հավաքների ինստիտուտի կատարելագործումը, քան «բոլորին բանակ տանելը»։

Այս որոշման կայացման հապճեպությունն ու մակերեսայնությունը հիմք է տալիս մտածելու, որ այն իրականում ունի ոչ միայն, իսկ որ ավելի հավանական է՝ ոչ այնքան պետության մարտունակության բարձրացման, որքան այլ, այդ թվում՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակներ։

Ամեն ամիս մի քանի տասնյակ հազար աշխատունակ տղամարդկանց կյանքի նորմալ ռիթմը խաթարելը ունենալու է բազմաթիվ հարակից հետևանքներ՝ սկսած սոցիալ-հոգեբանական ազդեցություններից (ընտանեկան բնականոն կյանքի խաթարում, միջավայրային կապերի խզում և այլն) մինչ տնտեսական ցիկլի խաթարումներ (մեծ թվով աշխատակիցների թեկուզ մեկ ամսվա բացակայությունը հատկապես մասնավոր բիզնեսում առաջացնելու է աշխատանքային, տեխոնոլոգիական, բազմաթիվ այլ բնույթի անհամամասնություններ և դառնալու է հավելյալ ծախս բիզնեսի համար)։

Հանրագումարում, բոլոր այս գործոնների համալիր ազդեցությունը հանգեցնելու է քաղաքացիական, նաև քաղաքական կյանքի հարաբերականորեն բնականոն ռիթմի խաթարմանը՝ այդպիսով բացառելով ակտիվ քաղաքացիների հնարավար ներգրավվածությունը որևէ քաղաքական գործընթացի, այդ թվում՝ հակաիշխանական ձևաչափերի։

Հասկանալի է, որ այս որոշման իրագործումը մեծ խթան կհանդիսանա նաև կոռուպցիայի համար՝ էականորեն բարձրացնելով պարտադիր հավաքներից ազատվելու ստվերային ծառայությունների գները։ Հաշվի առնելով ինստիտուցիոնալ կոռուպցիայի նկատմամբ գործող իշխանության անհագուրդ սերը, պետք չէ բացառել, որ այդ հեռանկարը ևս որոշիչ ազդեցություն է ունեցել այս՝ գոնե այս պահին անհեթեթ ու վտանգավոր թվացող որոշման կայացման հարցում։

Հարություն  Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս