Նիկոլ Փաշինյանը ստեղծում է ֆինանսական ոստիկանություն
Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվանից ներդնել քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգ, որն ամբողջությամբ գործելու է մի քանի տարվա ընթացքում՝ փուլերով։
Այդ համակարգը, գոնե մինչ այս պահը հրապարակված տարբերակով, պարունակում է բազմաթիվ խրթին դրույթներ, անորոշ ձևակերպումներ, որոնց նպատակը, թերևս, այն է, որ հնարավորինս քիչ մարդ հասկանա, թե ինչ է իրականում ցանկանում կառավարությունը։ Իսկ կառավարության ցանկությունը նույնքան պարզ է, որքան բարդ են դրա իրականացման համար գրված ձևակերպումները՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մտնել մարդկանց գրպանը և հարկել քաղաքացիների բոլոր եկամուտները։
Հայաստանում ապրող ու աշխատող քաղաքացիները, բնականաբար, հարկվում են գործող օրենսդրությամբ։ Բայց մեծ թվով մարդիկ դրամական փոխանցումներ են ստանում արտերկրից՝ արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամներից, տարբեր երկրներում ապրող ազգականներից։ Արտերկրից ստացվող դրամական փոխանցումները տարբեր տարիների հասնում են մինչև 1.5-2 միլիարդ դոլարի։
Դա հսկայական գումար է, որը տարբեր մեխանիզմներով ու տարբեր դրույքաչափերով հարկելու դեպքում կառավարությունը տարեկան կարող է ստանալ տասնյակ, իսկ գուցե հարյուր միլիոնավոր դոլարի եկամուտներ։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը, ով առանձակի սեր ու հանկարծակի թուլություն ունի ամենայն փողայինի նկատմամբ, մտածել է, որ անարդար է մարդկանց թողնել չհարկվող եկամուտները և կարելի է զգալի գումարներ ստանալ դրանք հարկելով։
Հասկանալի է, որ այդ ցանկությունը համապատասխան մասնագետների կողմից ձևակերպվելու է այնպես, որ «միջազգային կառույցները բարձր գնահատեն նորամուծությունը»։
Իրականում, սակայն, տեղի է ունենալու պարզ թալան՝ մարդիկ ստիպված են լինելու պետությանը վճարել իրենց հարազատների՝ դժվարությամբ աշխատած գումարների մի մասը։ Ընդ որում, դա կատարվելու է բավական բարդ ընթացակարգերով՝ հարկային հայտարարագրեր, ծանուցագրեր, հարաբերություններ հարկային տեսուչների հետ և այլն։ Այսինքն, եթե այս համակարգը, ի վերջո, գործադրվի, ստեղծվելու է մի հսկայական պետական մեքենա, որի հետ քաղաքացիները ստիպված են լինելու հարաբերվել իրենց հայտարարագրերը լրացնելիս և հարկերը վճարելիս։ Հասկանալի է, որ դա մեծացնելու է նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, բայց դա հազիվ թե մտահոգում է կառավարությանը, որի համար կարևորն այն է, որ «մեջը փող կա»։
Բայց այս համակարգը միայն ֆինանսական հետևանքներ չի ունենալու։ Այն դառնալու է լրացուցիչ վերահսկողության գործիք՝ գործնականում բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Իսկ բոլորի թվում դա վերաբերելու է նաև ու առաջին հերթին՝ իշխանությանն ընդդիմացող քաղաքացիներին ու նրանց խմբերին, հետևաբար՝ կարող է դառնալ նաև քաղաքական լծակ։ Դժվար չէ պատկերացնել, որ ընդդիմադիր գործունեություն ծավալող որևէ միավոր, կուսակցություն, կազմակերպություն, լրատվամիջոց և այլն, հեշտությամբ կարող է հայտնվել այն համակարգի թիրախում, որը պայմանականորեն դառնալու է Նիկոլ Փաշինյանի «ֆինանսական ոստիկանությունը»։
Այն գործնականում մտնելու է բոլորի գրպանը՝ սկսած «nikoly mer prkichn a» զառանցանքով սոցցանցերը ողողող գյուղաբնակներից (որոնց մեծ մասի եկամուտները գոյանում են արտերկրում աշխատող ու նույն գրառումները Օմսկից տարածող հարազատների ուղարկած միջոցներից)՝ մինչև այդ զառանցանքից մարդկանց դուրս բերել փորձող ընդդիմադիրներ ու լրատվամիջոցներ։
«Ժողովրդավարության բաստիոնը», այսպիսով, նոր բարձունքներ է նվաճում։
Հարություն Ավետիսյան