Ի՞նչ է սերը, ինչո՞ւ են ամուսնությունները քանդվում, և ե՞րբ արժե ամուսնալուծվել
Սիրո, ընտանեկան հարաբերությունների և հաճախակի հանդիպող ամուսնալուծությունների մասին 168TV-ն զրուցել է «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն, հոգեբան, հոգեթերապևտ Էլոննա Ավետյանի հետ։

– Ի՞նչ է սերը։
– Սիրո մասին շատ-շատ են խոսում, գրում։ Իրականում առաջին հերթին հորմոնների խաղ է, ադրենալին։ Ամեն մարդ իր ձևով է հասկանում սերը։ Սիրո բաղադրատոմսը բավականին բարդ է, միևնույն ժամանակ՝ հեշտ ու հասարակ։
– Երբ նմանը նմանին է գտնում, նույն կերպ են մտածում, նույն հետաքրքրություններն ունեն, դա՞ է համարվում սեր։
– Սերը նաև դա է, որ, այո, ունեն նույն հետաքրքրությունները։ Սեր է կոչվում այն, որ երկուսով նայում են մեկ ուղղությամբ, հասկանում են իրար, գտնում են իրար ու, իրոք, լինում են իրար կողքի ոչ թե ֆիզիկապես, այլև զգալով, տեսնելով մեկը մյուսի ներաշխարհը։
– Կա՞ սիրելու արվեստ։
– Միանշանակ՝ Էրիկ Ֆրոմն էր գրում սիրո արվեստի մասին, գրում էին Ջոն Բոուլբին, Ֆրեյդը։ Սիրո մասին շատ քիչ տեղեկություններ ունեն մարդիկ․ օրինակ՝ ինչպե՞ս կարելի է սիրել, որպեսզի ես ինձ լավ զգամ։ Եթե ես ինձ լավ զգամ՝ դիմացինը, միանշանակ, լավ կզգա։
– Ինչպե՞ս սիրել։
– Սերն իր մեջ պարունակում է մեծ հասկացողություն՝ զգացողության մասին։ Նախ պետք է հասկանամ՝ ես ինձ ո՞նց եմ սիրում, ինչպե՞ս եմ վերաբերում ինքս ինձ, նոր հասկանամ, թե դիմացինի հետ ինչպե՞ս կվարվեմ։ Եթե ես ինձ հարգում եմ, սիրում եմ ու ես ինձ հետ ինձ լավ եմ զգում՝ դիմացինը միանշանակ ինձ հետ իրեն լավ կզգա, և այդ դեպքում ես կհասկանամ՝ ինչպե՞ս սիրեմ, ինչպե՞ս մոտենամ, ե՞րբ լինեմ կողքին ու ինչքանո՞վ։
– Կա՞ն մարդիկ, ովքեր սիրելու ընդունակ չեն։
– Սերը միշտ եղել է, մարդը ծնվում է սիրով Աստծո նկատմամբ, ինքն իր, ծնողների․․․ Ինչքան մարդն ապրում է, այդքան հարստացնում է սիրո մասին տեղեկությունը։ Հարստացնել՝ նշանակում է՝ բացել, բացահայտել ներքին այն որակները, ունակությունները, այն զգացողությունները, որն անընդհատ աշխատանք է պահանջում։
– Կան մարդիկ, որ անգամ սեփական երեխաների հանդեպ սառն են, երևի սիրել չգիտեն կամ սերը ցույց տալ չգիտեն։
– Տեղեկության պակաս է։ Խոսք կա, երբ կինն ամուսնուն ասում է՝ վաղուց չես ասել, որ ինձ սիրում ես, իսկ ամուսինն ասում է՝ ես քեզ 15 տարի առաջ ասել եմ, որ սիրում եմ․ եթե մի բան փոխվի՝ քեզ կտեղեկացնեմ։
Բայց, այո՛, ճիշտ եք, սիրո մասին լավ կլինի արտահայտվել։ Սերն անընդհատ շարժ,վող մասնիկ է։ Սերը չի կարող տեղում մնալ՝ սիրեցի ու վերջ։ Սիրո համար երկուսն էլ պետք է անընդհատ գործողություններ անեն։ Շատ են գալիս զույգեր, ովքեր, իրոք, միասին ապրում են 7 տարի, 8 տարի, 4 տարի, ու հասարակ բաներից տեղյակ չեն, օրինակ՝ միմյանց հաճույք պատճառելը։ Եթե աշխատանքից եկաք՝ կարելի է ուղղակի նստել դեմ դիմաց, բռնել կնոջ կամ ընկերուհու ձեռքը, լսել իրեն թեկուզև լռության մեջ, խորանալ հայացքի մեջ, զգալ ու հասկանալ՝ ի՞նչ է զգում այս պահին այս մարդը կամ ինչպե՞ս անցավ իր օրը, ի՞նչ տրամադրությամբ է եղել ամբողջ օրվա ընթացքում։
– Այսինքն, սերը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլև գործողություններ։
– Միանշանակ, գործողություններ ու անընդհատ։ Այնպես չէ, որ մենք 15, 17 տարի ամուսնացած ենք ու վերջ՝ ապրում ենք ավտոմատացված։ Շատ ժամանակ զույգերն ասում են՝ հարմար չէ միասին ժամանակ անցկացնել, բայց կարող են երեխաներին յողնել ծնողների, բարեկամների մոտ ու ամիսը մեկ երկուսով գնան ուրիշ տեղ ու առանց սոցցանցերի։ Կարելի է ամբողջ օրը գտնվել իրար հետ, բայց ամեն մեկը հեռախոսի մեջ, դա չեղավ, որ սերը շարժման մեջ է։
– Եթե 100 տարի առաջ լիներ կամ դրանից ավելի վաղ, գուցե չզարմանայինք, բայց, ցավոք, մեր օրերում էլ պատահում է, որ ասում են՝ հարգելով ամուսնացիր՝ ժամանակի ընթացքում կսիրեք։ Ժամանակի ընթացքում սեր ծնվո՞ւմ է, և նորմա՞լ է, որ չսիրելով ամուսնանում են։
– Գիտեք, առաջին հերթին լինում է հրապուրանք, հետո՝ սիրահարվածության փուլ, իսկ հետո նոր սիրելու փուլ, որտեղ այդ 3-րդ փուլի մեջ մտնում է դա։ Իրար հարգելը շատ ժամանակ մարդիկ շփոթում են դիմանալու հետ։ Կան զույգեր, որոնք ընտրության ժամանակ առաջնորդվում են այս կամ այն կերպ։ Կա հարմար «պարտիա», որ տղան ունի բնակարան կամ՝ հակառակը՝ աղջիկն ունի բնակարան և լավ աշխատանք։ Չեմ կարծում, որ հետո կարող է բերել ինչ-որ նոր զգացողությունների, միևնույն է՝ իրենք կողքից փնտրելու են, կա՝մ կարող է և չփնտրեն, այլ պատահական հանդիպեն այն մեկին, ում համար սիրտն ուրիշ ձևով կբաբախի։

– Տատիկ-պապիկներ են լինում, չէ՞, որ ասում են՝ նա ինձ լավ էր նայում, լավ տեղեր էինք գնում, այդպես սկսեցի սիրել։ Այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ երկար ժամանակ իրար հետ ապրելու դեպքում ոչ թե սեր է ի հայտ գալիս, այլ կապվածություն։
– Կապվածություն, կախվածություն․․․ թե՛ տղամարդու, թե՛ կնոջ համար կան կետեր, որոնք պահպանում են իրենց միությունը։ Կարելի է ասել՝ հարգանք, բայց սեր ասվածը մի քիչ այլ է։ Կա հիվանդագին կապվածություն, որը նույնիսկ առողջությանն է վնասում։ Երբ զույգեր են գալիս՝ զգում ենք, որ մարդը ձեռք է բերել հիվանդություն։ Այդ կապվածությունը խեղդում էր դիմացինին։ Մեկի մոտ բրոնխիալ ասթմա է առաջանում, մյուսի մոտ՝ քրոնիկական այլ հիվանդություններ։ Կապվածությունը կա, և այն չպետք է վնասի, հակառակը՝ պետք է հաճելի զգացողություն բերի։ Պետք է դիմացինն ապահով զգա զույգի կողքին։ Երբ կա սիրո զգացողություն՝ անտարբերությունը հանգչում է, սերը շարժվում է առաջ։
– Հոգեբանները նշում են, որ սիրահարվածության փուլը տևում է մոտ երկու տարի․ ինչքա՞ն պետք է հանդիպեն, որ հասկանան՝ սիրում են, նոր ամուսնանան։
– «Ջերմությունը» տևում է 2,5 տարի։ Կա հրապուրանք, սիրահարվածություն, և այդ 2,5 տարուց հետո սկսվում է լճացման փուլ, որտեղ միմյանց նկատմամբ ինչ-որ պահանջներ են, մեղադրանքներ։ Այս դեպքում կրկին պետք է ինչ-որ տեղեր գնան, անակնկալներ մատուցեն իրար։ Ամուսնանալուց հետո երբ կինը երեխա է ունենում, երբեմն մոռանում է, որ ինքը կին է, ոչ թե միայն մայր, ու սա վնասում է հարաբերությանը։
– Ամուր ընտանիք ունենալու համար ի՞նչ է պետք։
– Ամուր ընտանիքը հենց այնպես չի ստեղծվում ու չի ստեղծվում տատիս, պապիս, մամայիս, պապայիս ասածով, այլ ստեղծվում է զույգերի՝ իրար լսելով, հարգելով։ Պետք է իրենք իրենց հարց տան՝ հոգեպես եղե՞լ են ընտրյալի կողքին, հասկացե՞լ են՝ որտեղ պետք է խոսել, որտեղ՝ լռել։
– Այսօր երիտասարդները ձգտում են միայնակ ապրել, այսինքն՝ մեծահասակներ չլինեն տանը։ Դա որքանո՞վ է խանգարում կամ օգնում։
– Զույգերը պետք է միշտ առանձին ապրեն։ Դարեր շարունակ ինչ-որ պապենական բաներ կային, որ ընտանիքում ապրեն, որովհետև պետք է ծնողներից սովորեն, թե ինչպես է պետք միմյանց վերաբերվել, խնամել երեխային կամ հարգանք ձեռք բերել մեծի նկատմամբ։ Չգիտեմ, հիմա ամենալավ տարբերակն այն է, որ երիտասարդներն ապրեն առանձին, որովհետև ցանկացած պահի, երբ, օրինակ, կա վեճ, կարող է դա ամուսնու կամ կնոջ կողմից դրսևորվի որևէ հաճելի դրվագով՝ փաթաթվել կամ զրուցել շատ նեղ, ընտանեկան՝ ինտիմ թեմայից։ Այդ դեպքում, եթե որևէ 3-րդ անձ է գտնվում իրենց շուրջ, դա, իհարկե, խանգարում է միասնությանը, կոնֆլիկտը հեշտ լուծելուն։
– Իսկ մեր օրերում որո՞նք են ամուսնալուծության պատճառները։
– Ամուսնալուծության պատճառն այն է, որ մեկը մյուսին չի լսում, չեն հասկանում՝ ի՞նչ է ուզում դիմացինը, ի՞նչ է խոսում, ի՞նչ թեմայից է խոսում։ Մյուսն այն է, որ ամեն մեկը բերել է իրենց ընտանեկան մոդելը՝ վարքի, վերաբերմունքի… այն, թե վեճի ժամանակ հայրն ինչպես է իրեն դրսևորել մայրիկի հետ, կամ մայրն ինչպես է դրսևորել, երբ որ նեղված է եղել։
– Ամուսնալուծությունները շատ են, բայց ո՞ր դեպքում է ճիշտ բաժանվելը, ո՞ր դեպքում կարելի է փրկել՝ քայլեր անելով։
– Երբ գալիս են զույգեր ու որոշում են ամուսնալուծվել, թերապիաների ընթացքում որոշները մնում են միասին, լինում են դեպքեր, որ մտածելու տեղիք է տալիս՝ արդյո՞ք ճիշտ էր, որ իրենք մնային միասին, որովհետև այդ անձինք իրար համար չեն․ դու զգում ես՝ որպես թերապևտ, բայց իրենց ընտրությունն է, իրենք որոշում կայացրին։ Որպես մասնագետ՝ ասեմ, որ հետագայում այն կբերի իր արդյունքները, այսինքն՝ էլի կլինեն բախումներ, ու զույգերը կհասկանան, որ իրար համար չեն։ Բացի այդ, ամուսնալուծությանը նաև նպաստում են ընտանեկան ճգնաժամային տարիները՝․ 2․5, 3, 5, 7…։ Կա նաև անձի առանձին ճգնաժամային տարիքը։ Լինում են ժամանակներ, որ այս երկուսը համընկնում են, ու այդտեղ ուժեղ բախում է տեղի ունենում, որը կարող է ամուսնալուծության պատճառ հանդիսանալ։
– Շատերը հանուն երեխայի չեն ամուսնալուծվում, այդ դեպքում ճի՞շտ քայլ են անում, թե՞ սխալ։
– Երբ գալիս են զույգեր ու ասում են՝ երեխայի համար եմ դիմանում, հարցնում ես՝ այդտեղ երեխայի խնդիրը ո՞րն է, պատասխանում են՝ ո՞նց, երեխաս մնա առանց հա՞յր։ Հարց՝ առանց հայր՝ ի՞նչը նկատի ունեք։ Քանի մարդը ողջ է, ամեն ինչ կարելի է պայմանավորվել։ Մարդը կենդանիներից ինչո՞վ է տարբերվում, որ ունի բառ, լեզու, կարող է արտաբերել ու գալ պայմանավորվածության, թե ե՞րբ, ինչպե՞ս, ինչքա՞ն հանդիպեն երեխային, որպեսզի նրան չվնասեն։
Ինչքան ընտանիքն առողջ է, երջանիկ, այդքան երեխան առողջ կմեծանա։ Շատ ժամանակ մայրիկները բերում են երեխային, ով խնդիր ունի, ու պարզվում է, որ ընտանեկան խնդիրն է անդրադարձել ու հանգեցրել այսպիսի խնդրի։ Ծնողին ասում եմ՝ գիտե՞ք, որ երեխան մինչև 25 տարեկանը սնվում է մայրիկի էներգիայով։ Ինչքան մայրիկը երջանիկ է իրեն զգում, այդքան երեխան առողջ է, ու անկախ նրանից՝ երեխան մայրիկի կողքի՞ն է մեծանում, թե՞ չէ։ Միևնույն է՝ մայրիկի էներգիան ավելի է ազդում ու լավ է ավելի շատ ապահովել ձեր երջանկությամբ, քան գնել գազար կամ խնձոր, վիտամիններ։ Երեխայի համար առողջ ապրելաձև ապահովելու համար առողջ մթնոլորտ է պետք։ Կա, որ փակ ագրեսիա է տեղի ունենում տանը․ մայրը եկավ, հայրը եկավ, իրար հետ չեն խոսում, նեղված են, լարված են, ու այդ լարված մթնոլորտում հաստատ երեխան առողջ չի մեծանա, և, բացի այն, որ ֆիզիոլոգիական խնդիր կունենա, նաև հետագայում հոգեբանական, որն իրենք ապահովում են երեխայի համար․ ամբողջ կյանքը երեխան պետք է գնա հոգեթերապևտների մոտ։

Այսինքն, ծնողները պետք է մտածեն, որ ավելի լավ է՝ դու միայնակ լինես հայրիկ կամ մայրիկ, ու երեխան որևէ մեկի մոտ մեծանա, քան մեծանա անառողջ, լարված մթնոլորտում։
– Երեխաները քանի՞ տարեկան պետք է լինեն, որ ծնողները որոշում կայացնեն բաժանվել։ Ո՞ր տարիքում են երեխաներն այդ փաստը ծանր տանում։
– Գիտակից հասակում ծանր են տանում։ 2-3 տարեկան երեխան, որը դեռ լավ չի խոսում, շատ ուժեղ է զգում ծնողի էներգիան, ծնողի ներսում կատարվողը, և պարտադիր չէ, որ կոնֆլիկտի ականատես լինի։
– Բայց երեխաները երբ փոքր են լինում, և ծնողները բաժանվում են, հետո երեխան սկսում է մեղադրել ծնողներից մեկին, չէ՞, մտածելով, որ մյուսն իդեալական էր։
– Մեղադրանքը երեխայի մոտ գնում է այն ծնողից, ով մեծացնում է։ Մայրը կարող է երեխային ասել՝ ես ամուսնալուծվել եմ հայրիկիցդ, բայց հայրիկդ, եթե իրականում այդպես է, շատ լավ մարդ է, բայց ինձ համար հարմար ամուսին չէ, մենք իրար հետ լեզու չենք գտել։ Առողջ խոսելու դեպքում երեխան դժվար ունենա մեղադրանքի միտումներ։
– Արդյո՞ք ամուսնալուծված ընտանիքների երեխաների մոտ պսիխոպաթիա է զարգանում։
– Նման վիճակագրություն չկա, բայց, այնուամենայնիվ, նայած, թե ինչպես են իրենք ամուսնալուծվել․ կա կոնֆլիկտով ու կա շատ ինտելիգենտ վիճակով, որ երկուսն էլ ընկերներ են։
Շատ զույգեր կան, որոնք ասում են՝ մենք իրար տուն գնում-գալիս ենք։ Դա գալիս է ծնողների ինտելեկտից։ Առհասարակ, եթե երեխային ուզում ես դաստիարակել՝ պետք է առաջինը քեզ դաստիարակես՝ կապ չունի, դու որ տարիքում ես․ քո շարժը, քո խոսելը, քո պահելաձևը, քո վարքը, որովհետև ինչպիսին դու ես, այդպիսին քո երեխան է։ Երեխան ընտանիքի հայելին է, ու դա ճիշտ է։
– Մեկ-մեկ լինում է՝ երեխան ոչ մեկին նման չէ։
– Լինում է ու այն դեպքում, որ ծնողն ինչ-որ տեղ բաց է թողել ինչ-որ բան։ Իրավիճակներ կան, որ ծնողն անտեսել է, հաշվի չի առել, կամ տեսել է ու ժամանակ չի տրամադրել դրան։
– Հետևաբար, ինչպե՞ս լինել լավ ծնող։
– Բոլորս ունենք սխալվելու իրավունք, բայց սխալից միշտ պետք է հետևություն անել, դաս քաղել․ մտածել՝ ի՞նչ անեմ, որ նման խնդիրներ չլինեն, առկա խնդիրն ինչպե՞ս լուծեմ, որ ոչ ոքի չվնասեմ։


