Արայիկ Հարությունյանի ցուցմունքը և Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չափը. ինչ է զեկուցվել Փաշինյանին «Գյանջայի դեպքերի» մասին, ով է որոշում կայացրել
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ում Ադրբեջանը մեղադրում է նաև «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար, երեկ ադրբեջանական դատարանում հայտարարել է, որ Գյանջային հարվածելու որոշում ինքը չի կայացրել, նման իրավունք և լիազորություն չուներ, և, որ քննության ընթացքում ինքը բացատրել է, թե ինչու է նման հայտարարություն արել:
Ինչ բացատրություն է տվել Արայիկ Հարությունյանն իր հայտարարության կամ համապատասխան ֆեյսբուքյան գրառման հետ կապված, բնականաբար, չենք կարող իմանալ: Կամ՝ արդյո՞ք ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդածն իրականություն է:
Բայց ինչպես ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն է ֆեյսբուքյան էջում գրել, «Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն, կկորզեն՝ լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով, այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ»:
168.am-ը դեռ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին էր այս թեմային անդրադարձել և գրել՝ «Ինչ հարցերի պատասխան են տալու Արայիկ Հարությունյանի ցուցմունքները. ի՞նչ է նա զեկուցել Փաշինյանին Գյանջայի գործողությունների մասին»:
Այս մասին ևս մեկ հոդված հրապարակել էինք 2024-ին, երբ Ալիևը Հայաստանից պահանջեց հետաքննել Գյանջայի դեպքերը:
Բացի այս, մենք անդրադարձել ենք նաև 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում ուշագրավ փաստերին՝ արդյո՞ք շղթայական կապ կա դրանց միջև: Նշենք, որ մեր վերլուծություններում ներառված են միայն բաց փաստերը, ինչպես նաև՝ պաշտոնական հայտարարություններն ու տեղեկությունները: Տվյալ դեպքում այդ ամբողջը մեկ հոդվածում նորից չենք վերարտադրի, դրանց կարող եք ծանոթանալ համապատասխան վերլուծություններում: Բայց մի քանի դրվագ կարող ենք ներկայացնել:
Դրվագ առաջին. 2020թ., հոկտեմբերի 2-6-ն ընկած փաստեր
2020թ. հոկտեմբերի 3-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ արդեն Ստեփանակերտում է, դրանից առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Փաշինյանի ընթանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», տեղեկացրել էր, որ նա այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ:
Նույն ժամանակահատվածում լուրեր շրջանառվեցին, որ Ստեփանակերտ քաղաքը տարհանվում է:
Իսկ 2020թ. հոկտեմբերի 2-ին այդ ժամանակ ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնապես հերքել էր այդ լուրերը, հոկտեմբերի 3-ին նույնը ստիպված էր անել նաև Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Հոկտեմբերի 4-ին Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը Գյանջա քաղաքում տեղակայված ադրբեջանական ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հարվածների մասին էր խոսել, քանի որ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր նաև՝ «Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված», սակայն պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար»:
2020թ. հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։
Եվ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև թե պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Փաստերի ստուգման հարթակը, սակայն, պարզել էր, որ այդ լուսանկարները որևէ կապ չունեին Գյանջայի հետ։
«Առաջ» նկարում պատկերված էր Ադրբեջանի Լենքորան քաղաքի օդանավակայանը, իսկ «հետո»-ում՝ Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի օդանավակայանը, որն ավերվել էր 2014-ին։
2020թ. հոկտեմբերի 4-ին «Դոժդ» հեռուստաընկերությունն այս առնչությամբ հրապարակումներ էր արել և ռեպորտաժ էր պատրաստել՝ նշելով, որ Գյանջայի օդանավակայանին ոչ մի հարված չի կպել:
Իսկ հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում:
«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- շարունակել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ սխալ են զեկուցում, կամ զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել:
Անդրադառնալով Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, նա նշել էր.
«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»:
Գյանջայի օդանավակայանի ոչնչացման մասին խոսակցություններին Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել էր նաև հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին հրավիրված բրիֆինգի ժամանակ:
Նա չէր գաղտնազերծել «հօդս ցնդած» թիրախների կամ նշանակետերի անունները` ասելով, որ միշտ չէ, որ դրանց անունները նշում են, բայց այնպես էլ չի, որ դա չի իրականացվում։
«Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնությունը տեղին է հայտնել: Միշտ չէ, որ որոշակի այդ առանձին լուրերը, որ հայտնում ենք, իրենք ստատիկ բնույթ ունեն: Դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ և արագ զարգացման մեջ են: Սպասեք լավ լուրերի, միևնույնն է` հաղթելու ենք»,- շեշտել էր Հովհաննիսյանը:
2020թ. հոկտեմբերի 5-ին Արցախ էր այցելել Նիկոլ Փաշինյանը, իսկ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառումներ էին արել հակահարվածի հայտնի օպերացիայի մասին:
Դրվագ երկրորդ. 2020թ., հոկտեմբերի 7
Շարունակելով հոդվածի բուն թեման, նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 7-ին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց էին տվել՝ «մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:
Հակադարձմանը, թե՝ այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա, իրեն գերագույն հրամանատար հռչակած Փաշինյանն արձագանքել էր.
«Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»:
168.am–ը գրել է արդեն, որ պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարություններ է արել «ղարաբաղցի գեներալների» մասին, որոնք գուցե հեռահար նպատակներ ունեին: Ինչի ականատեսն ենք արդեն այսօր:
Դրվագ երրորդ
Գյանջա քաղաքի հրետակոծության մասին ադրբեջանական կողմը հայկական կողմին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել ոչ միայն հոկտեմբերի 4-ին, այլև հոկտեմբերի 17-ին:
Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 17-ին Բաքուն հայտարարել էր, թե իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ «Զինուժ մեդիան» անմիջապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ էր հրապարակել, որ Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերն Ադրբեջանի հերթական փորձն է՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, տեսանյութում մասնավորապես ասվում էր, որ ապատեղեկատվության տարածման, միջազգային հանրությանը մոլորեցնելու հարցում Ադրբեջանն այս գիշեր գերազանցել է նույնիսկ ինքն իրեն՝ հատելով բանականի բոլոր հնարավոր սահմանները:
«Կեսգիշերին մոտ ադրբեջանական՝ մեծության երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, հզոր պայթյուն է որոտացել, դրան հետևել է իրադարձությունների մի այնպիսի շրջապտույտ՝ համեմված կեղծիքով և բացահայտ ստով, որ ևս մեկ անգամ ակնհայտ են դարձնում՝ պաշտոնական Բաքուն ունակ է ամեն ինչի, նույնիսկ սեփական քաղաքացիների արյան գնով իր համար ցանկալի քարոզչական ֆոն ապահովելու համար: Գյանջայի պայթյունից ակնթարթներ անց տեղում էր ադրբեջանական հեռուստատեսությունը, որն ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները. սա այն դեպքում, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաև հաջորդը: Այսինքն, եթե դա հարված էր, ապա տեղի իշխանությունները պետք է փորձեին զգուշանալ հնարավոր երկրորդից, երրորդից և այլն՝ առժամանակ հեռու տանելով քաղաքացիական բնակչությանը: Բայց չգիտես ինչու, կար վստահություն, որ հարվածներ այլևս չեն լինի: Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնականը պնդել է, թե հարվածը հասցվել է Հայաստանի կողմից, և այն իրականացվել է «Սկադ» տիպի հրթիռով. բացարձակ ոչ մի ապացույց: Եվ սա պայթյունից ընդամենը րոպեներ անց, մինչդեռ արձակած հրթիռի տեսակը պարզելու համար բավական երկար ուսումնասիրություն է պետք:
Բայց քիչ անց ադրբեջանական քարոզչամեքենան լայնորեն սկսել է տարածել մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար հայկական ուժերը Գրադ կայանքից հրթիռարձակում են իրականացնում, և դա սկսել են ներկայացնել՝ որպես հայերի կողմից Գյանջան հրթիռակոծելու ապացույց: Բայց քարոզչության հարցում Բաքուն ծայրահեղ ապաշնորհ է, և այս դեպքը բացառություն չէր: Գյանջայում որոտացած պայթյունն ընդամենը մեկն է եղել, և դա փաստում է հենց իրենց իսկ տեղադրած տեսանյութը, մինչդեռ կայանքից արձակված հրթիռների քանակը առնվազն 3 տասնյակ է: Ինչպե՞ս կարող էր արձակված մի քանի տասնյակ հրթիռներից արձանագրվել ընդամենը մեկ պայթյուն: Նման բան հնարավոր է միայն ադրբեջանական քարոզչական հեքիաթներում: Ի դեպ, Գրադ կայանքից Գյանջան հրթիռակոծելու համար անհրաժեշտ է այդ կայանքը տեղադրել Գյանջայից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա՝ ասենք քաղաքի արվարձաններում, ինչն էլ կնշանակեր, թե հայկական ուժերը գրեթե մտել են Գյանջա:
Ընդամենը րոպեներ անց Բաքուն շրջանառության մեջ է դրել իբր Գյանջայի պայթյունից զոհված երեխայի սարսափազդու մի լուսանկար: Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տվել, որ այս տեղեկությունը նույնպես կեղծիք է: Այդ լուսանկարն արված է 4 տարի առաջ Սիրիայում: Ամենացնցողը պնդումն է, թե Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից: Պաշտոնական Բաքուն հայտարարությունն անում է՝ չունենալով որևէ ապացույց, ինչը բնական է, քանի որ այդպիսիք չեն էլ կարող լինել:
Հայաստանը բազմաթիվ անգամ արդեն հայտարարել է, որ մեր երկրի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի հրթիռ, արկ և նույնիսկ գնդակ չի արձակվել»,- գրել էր պետական լրատվամիջոցը:
Բաքվի տարածած այս մեղադրանքներին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն:
«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված, «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը»,- մասնավորապես նշվում էր ԱԳՆ հայտարարության մեջ:
2020թ. հոկտեմբերի 17-ին ՊԲ-ն հրապարակել էր Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.
– ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
– ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
– ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
– ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
– ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
– ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուքային նյութերի բազա,
– Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
2020թ. հոկտեմբերի 17-ի իրադարձությունների համատեքստում հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական Libération թերթին, որտեղ հարց է տրվում վերը նշված զարգացումների և ադրբեջանական մեղադրանքների մասին:
Libération – ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:
Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է:
Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:
Նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 17-ին, Հայաստանը և Ադրբեջանը որոշել էին հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Ինչ վերաբերում է Գյանջայի դեպքերի հետ կապված Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի պատասխանատվության չափին, վերոշարադրվածից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանն առնվազն տեղյակ է եղել բոլոր գործողություններից: Չմոռանանք, որ Քննիչ հանձնաժողովում նա ասել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մշտապես կապի մեջ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, ավելին, նրա տեղեկությունները համարել է շատ ավելի վստահելի, քան նույնիսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարության հայտնածը: