Ի՞նչ հարցերի պատասխան են տալու Արայիկ Հարությունյանի ցուցմունքները. ի՞նչ է նա զեկուցել Փաշինյանին Գյանջայի գործողությունների մասին
Ադրբեջանն առևանգել և ապօրինի ձերբակալել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը Բաքվում արդեն հարցաքննվել է, նրա պաշտպանությունը ստանձնել է ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։
«Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է, ես միայն կարող եմ ասել, որ նրա ցուցմունքները կօգնեն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,– նշել է նա:
Թե 44-օրյա պատերազմի ռազմական ինչ դրվագներին են առնչվում Արայիկ Հարությունյանի ցուցմունքները, կամ ինչ հարցերի պատասխան գտնելուն են օգնելու, դեռ հայտնի չէ, բայց մինչև Արցախի նախկին նախագահի առևանգումը ադրբեջանական լրատվամիջոցներն ու աղբյուրները հայտնում էին, որ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Ըստ այդմ, թերևս, տեղին է հիշեցնել մի քանի դրվագ:
Դրվագ առաջին
2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Եվ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Փաստերի ստուգման հարթակը, սակայն, պարզել էր, որ այդ լուսանկարները որևէ կապ չունեին Գյանջայի հետ։
«Առաջ» նկարում պատկերված էր Ադրբեջանի Լենքորան քաղաքի օդանավակայանը, իսկ «հետո»-ում՝ Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի օդանավակայանը, որը ավերվել էր 2014-ին։
Դրվագ երկրորդ
2020 թվականի հոկտեմբերի 4-ին «Դոժդ» հեռուստաընկերությունն այս առնչությամբ հրապարակումներ էր արել և ռեպորտաժ էր պատրաստել՝ նշելով, որ Գյանջայի օդանավակայանին ոչ մի հարված չի կպել:
Հավելենք, որ նույն օրը՝ հոկտեմբերի 4-ին, «Դոժդ» հեռուստաընկերությունը հարցումներ էր անցկացրել Ստեփանակերտում, որի ժամանակ երկու ռուս կանանց էր խոսեցրել, որոնք ներկայացել էին՝ որպես Ստեփանակերտի բնակիչ, և պնդել, որ Ստեփանակերտում սարսափելի վիճակ է: Նրանք դժգոհել էին, որ չպետք է երիտասարդներին ուղարկել ռազմաճակատ, երբ գիտեն, որ այնտեղ նրանց «սպանելու» են:
Դրվագ երրորդ
Հոկտեմբերի 4-ին Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր.
«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը»:
Այսինքն, որևէ հրաման չի տրվել վնասել քաղաքացիական բնակչությանը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սովորություն ունի հրետանու դիրքերը ոչ միայն իրենց իսկ բնակավայրերին մոտ տեղադրել, այլև հենց բնակավայրերի թիկունքում, խորքում, ինչի արդյունքում ստացվում է, որ այդ բնակավայրերը ոչ միայն կարող են թիրախ լինել, այլև գտնվել հայկական ու ադրբեջանական կրակակետերի միջև: Իսկ նման փաստեր կան, և հայկական կողմը միշտ է ներկայացրել, դեռ նախկին իշխանությունների օրոք:
Դրվագ չորրորդ
2020 թվականի հոկտեմբերի 4-ին ադրբեջանական, ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից թիրախավորվել են Ադրբեջանի բնակավայրերը՝ Գյանջան, Խըզըի և Ապշերոնի տարածքները և այլն: ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ միայն հաղորդագրության տարբերակով էր հերքել այս պնդումները, այլև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր «Զինուժ մեդիայի» հարցերին ի պատասխան՝ շեշտել՝ «կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել»:
Դրվագ հինգերորդ
Հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում:
«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- շարունակել էր Հովհաննիսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ սխալ են զեկուցում, կամ զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել:
Անդրադառնալով Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, նա նշել էր.
«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»:
Գյանջայի օդանավակայանի ոչնչացման մասին խոսակցություններին Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել էր նաև հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին հրավիրված բրիֆինգի ժամանակ:
Նա չէր գաղտնազերծել «հօդս ցնդած» թիրախների կամ նշանակետերի անունները` ասելով, որ միշտ չէ, որ դրանց անունները նշում են, բայց այնպես էլ չի, որ դա չի իրականացվում։
«Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնությունը տեղին է հայտնել: Միշտ չէ, որ որոշակի այդ առանձին լուրերը, որ հայտնում ենք, իրենք ստատիկ բնույթ ունեն: Դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ և արագ զարգացման մեջ են: Սպասեք լավ լուրերի, միևնույնն է` հաղթելու ենք»,-շեշտել էր Հովհաննիսյանը:
Դրվագ վեցերորդ
2020 թվականի հոկտեմբերի 7-ին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց էին տվել՝ «մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:
Հակադարձմանը՝ այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա, իրեն գերագույն հրամանատար հռչակած Փաշինյանն արձագանքել էր.
«Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»:
168.am–ը գրել է արդեն, որ պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարություններ է արել «ղարաբաղցի գեներալների» մասին, որոնք գուցե հեռահար նպատակներ ունեին:
Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա. Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն, ըստ էության, համարվել է Արցախի գերագույն հրամանատարը, այսինքն, սա սլաք է նաև ուղղված հենց նրա դեմ, գուցե հետին նպատակներով: Մյուս կողմից, ՌԲԿ-ի հարցին իր պատասխանում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ տեղյակ է Գյանջայի դեպքից, համենայն դեպս, նա չի հերքում հարցադրման մեջ առկա տեղեկությունը:
Ի դեպ, հենց այդ օրերին, իսկ ավելի ստույգ՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-6-ին Փաշինյանն Արցախում էր: Իսկ շուրջ 3 տարի անց՝ 2023 թվականի հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի ընթացքում տիրող իրավիճակի վերաբերյալ միշտ օպերատիվ, հավաստի և ճիշտ տեղեկություններ է զեկուցել իրեն:
«Պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ»,- մասնավորապես շեշտել էր Փաշինյանը:
Դրվագ յոթերորդ
2020թ. հոկտեմբերի 17-ին Բաքուն դարձյալ հայտարարել էր, թե իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ «Զինուժ մեդիան» անմիջապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ էր հրապարակել, որ Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերը Ադրբեջանի հերթական փորձն է՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, տեսանյութում մասնավորապես ասվում էր, որ ապատեղեկատվության տարածման, միջազգային հանրությանը մոլորեցնելու հարցում Ադրբեջանն այս գիշեր գերազանցել է նույնիսկ ինքն իրեն՝ հատելով բանականի բոլոր հնարավոր սահմանները:
«Կեսգիշերին մոտ ադրբեջանական՝ մեծության երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, հզոր պայթյուն է որոտացել, դրան հետևել է իրադարձությունների մի այնպիսի շրջապտույտ՝ համեմված կեղծիքով և բացահայտ ստով, որ ևս մեկ անգամ ակնհայտ են դարձնում՝ պաշտոնական Բաքուն ունակ է ամեն ինչի, նույնիսկ սեփական քաղաքացիների արյան գնով իր համար ցանկալի քարոզչական ֆոն ապահովելու համար: Գյանջայի պայթյունից ակնթարթներ անց տեղում էր ադրբեջանական հեռուստատեսությունը, որն ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները. սա այն դեպքում, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաև հաջորդը: Այսինքն, եթե դա հարված էր, ապա տեղի իշխանությունները պետք է փորձեին զգուշանալ հնարավոր երկրորդից, երրորդից և այլն՝ առժամանակ հեռու տանելով քաղաքացիական բնակչությանը: Բայց չգիտես ինչու, կար վստահություն, որ հարվածներ այլևս չեն լինի: Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնականը պնդել է, թե հարվածը հասցվել է Հայաստանի կողմից, և այն իրականացվել է «Սկադ» տիպի հրթիռով. բացարձակ ոչ մի ապացույց: Եվ սա պայթյունից ընդամենը րոպեներ անց, մինչդեռ արձակած հրթիռի տեսակը պարզելու համար բավական երկար ուսումնասիրություն է պետք:
Բայց քիչ անց ադրբեջանական քարոզչամեքենան լայնորեն սկսել է տարածել մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար հայկական ուժերը Գրադ կայանքից հրթիռարձակում են իրականացնում, և դա սկսել են ներկայացնել որպես հայերի կողմից Գյանջան հրթիռակոծելու ապացույց: Բայց քարոզչության հարցում Բաքուն ծայրահեղ ապաշնորհ է, և այս դեպքը բացառություն չէր: Գյանջայում որոտացած պայթյունն ընդամենը մեկն է եղել, և դա փաստում է հենց իրենց իսկ տեղադրած տեսանյութը, մինչդեռ կայանքից արձակված հրթիռների քանակը առնվազն 3 տասնյակ է: Ինչպե՞ս կարող էր արձակված մի քանի տասնյակ հրթիռներից արձանագրվել ընդամենը մեկ պայթյուն: Նման բան հնարավոր է միայն ադրբեջանական քարոզչական հեքիաթներում: Ի դեպ, Գրադ կայանքից Գյանջան հրթիռակոծելու համար անհրաժեշտ է այդ կայանքը տեղադրել Գյանջայից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա՝ ասենք քաղաքի արվարձաններում, ինչն էլ կնշանակեր, թե հայկական ուժերը գրեթե մտել են Գյանջա:
Ընդամենը րոպեներ անց Բաքուն շրջանառության մեջ է դրել իբր Գյանջայի պայթյունից զոհված երեխայի սարսափազդու մի լուսանկար: Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տվել, որ այս տեղեկությունը նույնպես կեղծիք է: Այդ լուսանկարն արված է 4 տարի առաջ Սիրիայում: Ամենացնցողը պնդումն է, թե Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից: Պաշտոնական Բաքուն հայտարարությունն անում է՝ չունենալով որևէ ապացույց, ինչը բնական է, քանի որ այդպիսիք չեն էլ կարող լինել:
Հայաստանը բազմաթիվ անգամ արդեն հայտարարել է, որ մեր երկրի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի հրթիռ, արկ և նույնիսկ գնդակ չի արձակվել»,- գրել էր պետական լրատվամիջոցը:
Դրվագ ութերորդ
Բաքվի տարածած այս մեղադրանքներին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն:
«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված, «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը»,- մասնավորապես նշվում էր ԱԳՆ հայտարարության մեջ:
Դրվագ իններորդ
2020 թվականի հոկտեմբերի 17-ին ՊԲ-ն հրապարակել էր Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.
– ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
– ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
– ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
– ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
– ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
– ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուքային նյութերի բազա,
– Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Միաժամանակ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքն էր ներկայացրել Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղերը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա:
– Գյանջայի ավիաբազա – օդանավակայանը մինչև 2020-ի օգոստոս Ադրբեջանը օգտագործում էր քաղաքացիական նպատակներով, սակայն օգոստոսին զորավարժությունների համար տեղակայեցին այդտեղ Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ, որոնք այդտեղից հետո չհանեցին:
– ՀՕՊ – կազմված է Ս-125-ների դիվիզիոնից:
– ՌԱՆ – Ռազմարդյունաբերության նախարարություն, նշված գործարանները ենթակա են նախարարությանը:
– ՆԶ – Ներքին զորքեր:
Դրվագ տասներորդ
2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ «Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները»:
«Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։
Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա»,- հայտնել էր ՊՆ խոսնակը:
2023 թվականի օգոստոսի 1-ին էլ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ պատերազմին նախորդած ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- մանրամասնել էր նա:
Ներկայացված փաստերը կարելի է լրացնել: Իսկ ինչո՞ւ հայկական կողմն այս փաստերին այլևս չի անդրադառնում, ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանը Գյանջայի ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ հիմնականում մեղադրել է ՀՀ-ին, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է: Թեև ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական բոլոր պնդումները: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ-ի ուղիղ հարցին շրջանցող պատասխան էր տվել՝ հստակ չհերքելով Գյանջա քաղաքի ուղղությամբ հարվածների իրական լինելը:
Փոխարենը՝ սլաքն ուղղելով դեպի արցախյան կողմը, ասել էր. «Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, որը շատ հավանական է, Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո չի սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը»: Դիտավորությո՞ւն էր, թե՞ քաղաքական հնարք:
Փաստ է, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, որ Գյանջայում տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել և այսօր այս գործով մեղադրվում է միայն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որը, ըստ Փաշինյանի, ամեն ինչի մասին օպերատիվ տեղեկացրել է իրեն, անգամ ավելի շուտ, քան ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը: