Մտահոգիչ իրավիճակ. Ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը լարվում է

Վերջին ամիսներին, ընտրողներին սիրաշահելու համար, քաղաքական իշխանությունը համատարած օգնություններ է բաժանում բյուջեի հաշվին։ Բայց ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը Հայաստանում վատանում է։ Աշխատավարձերի աճն էապես դանդաղել է, փոխարենը՝ գնաճն է մեծապես ակտիվացել։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարի անվանական միջին աշխատավարձերի աճն անհամեմատ զիջում է գնաճի տեմպերին։

Աշխատավարձերի աճը չի հասցնում թանկացումների հետևից, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, քան նախորդ տարի էին ապրում։

Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ու քաղաքական ուժի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում էր այն, որ աշխատավարձերը շատ ավելի արագ են աճում, քան գնաճն է։ Դրանից ելնելով էլ ասում էր, թե մարդիկ հիմա ավելի լավ են ապրում։ Այս տարի տեսնում ենք, որ գնաճը շատ ավելի արագացված տեմպերով է աճում, քան աշխատավարձերը։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել։

Կարդացեք նաև

Տարեսկզբի առաջին 3 ամիսներին, պաշտոնական վիճակագրության տվյալներով, միջին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է ընդամենը 2.9 տոկոսով։

Խոսքը մեկ տարվա ընթացքում արձանագրված միջին աշխատավարձի աճի մասին է։

Խոստովանենք՝ սա բավական համեստ աճ է, ինչը վկայում է, որ աշխատավարձերի աճի տեմպերն էապես դանդաղել են։ Դա տեղի է ունեցել տնտեսության ոչ պակաս բարձր աճերի պայմաններում։ Տնտեսական ակտիվության աճը առաջին եռամսյակում կազմել է 7.1 տոկոս։ Շատ ավելի բարձր, քան նախորդ տարի էր։ Բայց այդ աճը շրջանցել է աշխատող քաղաքացիներին։ Նրանց աշխատավարձի աճի տեմպերը թուլացել են։

Մարտին նույնիսկ անվանական աշխատավարձերի անկում է գրանցվել։

Պաշտոնական տվյալներով, մարտին միջին աշխատավարձը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա մարտին. 1.2 տոկոս անկում է գրանցվել։

Սա շատ վատ ազդակ է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս նվազումը սեզոնային նվազում չէ, որից կարելի է հանգիստ լինել։ Եթե այն շարունակվի, կարող են լրջագույն խնդիրներ առաջանալ, և ոչ միայն՝ սոցիալական առումով։

Աշխատավարձերի նվազումը բազմաթիվ այլ հարակից բացասական հետևանքներ կարող է ունենալ, և առաջին հերթին՝ բանկային համակարգի համար։ Հայտնի է, որ վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են վարկերի տակ, ու շատերը մի կերպ են հասցնում մի կողմից՝ փակել վարկերը, մյուս կողմից՝ լուծել իրենց սոցիալական խնդիրները։ Աշխատավարձերի նվազումը նրանց վրա մեծացնելու է ֆինանսական ճնշումը։ Շատերը կարող են հայտնվել անվճարունակության փաստի առաջ՝ չկարողանալով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։

Թե ի՞նչ կլինի դրանից հետո, մեծ երևակայություն պետք չէ հասկանալու համար։

Աշխատավարձերի նվազումն ամենամեծ ռիսկերից մեկն է, որը վերջին տարիներին ռումբի տեսքով դրել են երկրի տակ։ Դրանով պայմանավորված՝ բազմաթիվ խնդիրներ կարող են առաջացնել տարբեր ոլորտներում։

Հատկանշական է, որ աշխատավարձերի նվազումը տեղի է ունեցել գերազանցապես տնտեսության մեջ։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, միջին աշխատավարձը տնտեսական հատվածում կրճատվել է 4 տոկոսով։ Ու դա տեղի է ունեցել գնաճի ակտիվացման ֆոնին։

Մարտին միջին գնաճը կազմել է 4.5 տոկոս։ Նախորդ տարվա մարտի համեմատ՝ սպառողական ապրանքները միջինում թանկացել են 4.5 տոկոսով։

Այդ նույն ժամանակահատվածում տնտեսության մեջ զբաղված գրեթե 600 հազար քաղաքացիների անվանական կամ «կեղտոտ» աշխատավարձերը նվազել են միջինում 4 տոկոսով։ Հարկումից հետո նվազումն ավելի մեծ կլինի։

Հիմա թող Նիկոլ Փաշինյանը բարի լինի ասել՝ նախո՞րդ տարի էին այս մարդիկ ավելի լավ ապրում, թե՞ այս, այս մարդկանց սոցիալական վիճակը նախորդ տարվա համեմատ բարելավվե՞լ, թե վատացել է։

Այլ բան՝ պետականի դեպքում. պետական համակարգում զբաղվածների ու հատկապես բարձրաստիճան չինովնիկների սոցիալական վիճակը լավացել է։ Նրանց աշխատավարձերի աճի տեմպերն անհամեմատ ավելի բարձր են եղել, քան գնաճն է։

Մինչ տնտեսության մեջ աշխատող ու բարիք ստեղծող քաղաքացիների աշխատավարձերը նվազել են, պետական համակարգում մարտին միջին աշխատավարձի 9.8 տոկոս աճ է գրանցվել։

Գիտե՞ք, թե ինչի հաշվին, այն միլիոնների, որոնք բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից վերցնում՝ խրախրուսական գումարների անվան տակ բաժանում են իրենց միջև։ Այդ միլիոնների հաշվին են պետական համակարգում աշխատավարձերի այդպիսի աճեր գրանցել։

Աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացու աշխատավարձը նվազել է, իսկ պետական պաշտոնյաներինը, որոնք սնվում են այս մարդկանց վճարած հարկերի հաշվին, բավական կտրուկ բարձրացել է։ Բարձրացել է, որովհետև որոշել են միլիոններով խրախուսել իրենց։

Պետական համակարգում միջին աշխատավարձի աճի տեմպն ավելի քան կրկնակի բարձր է եղել գնաճի տեմպից։

Պետական համակարգում սկսել են ավելի լավ ապրել, իսկ այդ համակարգը կերակողներն՝ ավելի վատ ապրել։ Եվ դա միայն մարտին չի եղել։

Տարեսկզբի առաջին երեք ամիսներին միջին աշխատավարձը՝ ներառյալ պետական համակարգը, բարձրացել է ընդամենը 2.9 տոկոսով, իսկ գնաճն այդ ժամանակահատվածում կազմել է 4.2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ։

Գնաճը 1.3 տոկոսային կետով գերազանցել է միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը։

Մասնավորում առաջին եռամսյակում միջին անվանական աշխատավարձը բարձրացել է 1.7 տոկոսով, գնաճը կազմել է 4.2 տոկոս։ Պետականում միջին աշխատավարձը բարձրացել է 6.9 տոկոսով՝ գնաճը կազմել է 4.2 տոկոս։

Պետական համակարգում, որը գոյատևում է մասնավորի հաշվին, կյանքը լավացել է, մասնավորում՝ վատացել։ Մասնավորում մարդիկ աշխատում են, որպեսզի ՔՊ-ական չինովնիկներն իրենց ավելի լավ զգան ու ավելի լավ ապրեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031