Ալիևի աչքը լույս. ՔՊ-ական դեսպանն առաջարկել է լուծարել Գերմանա-Հայկական ֆորումը
168.am-ի տեղեկություններով՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն առաջարկել է լուծարել Գերմանա-Հայկական ֆորումը։
Այն ներկայացուցչական մարմին էր՝ բաղկացած գերմանացի պատգամավորներից, ինչպես նաև այլ ազդեցիկ անձանցից։
Ըստ ամենայնի, փաշինյանական «Իրական Հայաստանի» գաղափարների հետևորդ դեսպանն անիմաստ է համարել մի կառույցի գոյությունը, որն, ի թիվս այլոց, նաև լոբբիստական նշանակություն ուներ, իսկ Ալիևի հետ հարաբերությունների «ջերմացման» համատեքստում նման «անիմաստ» կառույցներն արդեն անիմաստ են իրենց համար։ Եվ սա այն դեպքում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ինտենսիվ աշխատանքներ են տանում ադրբեջանաթուրքական համայնքների կառույցների ստեղծման և ընդլայնման գործում:
Ի դեպ, տարիներ առաջ Գերմանա-Հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հայանպաստ գործունեության համար Ադրբեջանի իշխանություններն արգելեցին նրա մուտքն Ադրբեջան։
Ամեն ինչ պարզ է. Փաշինյանը և նրա թիմը, ինչպես նաև արտերկրում նրա ներկայացուցիչները խորապես թքած ունեն Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի վրա, նրանց համար նորմալ է, որ Ալիևը հայատյացության և հայ ժողովրդին ուղղված սպառնալից ելույթներ է ունենում, Արցախում հայկական հետքն են ոչնչացնում, հայկական եկեղեցիներն են հողին հավասարեցնում, ցեղասպանություն են ուրանում… ալենսիմոնյանները պնդում են, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղության երաշխավորն է:
Հետևաբար, նրանց այս քայլն Ալիևին հաճոյանալու և հակահայկական հերթական քայլերից է:



