Ալիևը ՀՀ-ից պահանջում է հետաքննել Գյանջայի դեպքերը. Ի՞նչ են զեկուցել Փաշինյանին Գյանջայի գործողությունների մասին, ի՞նչ պատասխանատվություն ունի նա

Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«2020թ. հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ «Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն չէր, այլ ահաբեկչության կանխամտածված քաղաքականություն (չակերտները.- Մ.Պ.)»: Եվ Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի) հրթիռային հարձակումները»:

Հիշենք 4 տարի առաջվա՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ի իրադարձությունները, մասնավորապես՝ Գյանջայի շուրջ: Եվ այսպես:

2020թ. հոկտեմբերի 17-ին Բաքուն դարձյալ հայտարարել էր, իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ:

Կարդացեք նաև

ՀՀ ՊՆ «Զինուժ մեդիան» անմիջապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ էր հրապարակել,որ Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերն Ադրբեջանի հերթական փորձն է՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, տեսանյութում մասնավորապես ասվում էր, որ ապատեղեկատվության տարածման, միջազգային հանրությանը մոլորեցնելու հարցում Ադրբեջանն այս գիշեր գերազանցել է նույնիսկ ինքն իրեն՝ հատելով բանականի բոլոր հնարավոր սահմանները:

«Կեսգիշերին մոտ ադրբեջանական՝ մեծության երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, հզոր պայթյուն է որոտացել, դրան հետևել է իրադարձությունների մի այնպիսի շրջապտույտ՝ համեմված կեղծիքով և բացահայտ ստով, որ ևս մեկ անգամ ակնհայտ են դարձնում՝ պաշտոնական Բաքուն ունակ է ամեն ինչի, նույնիսկ սեփական քաղաքացիների արյան գնով իր համար ցանկալի քարոզչական ֆոն ապահովելու համար: Գյանջայի պայթյունից ակնթարթներ անց տեղում էր ադրբեջանական հեռուստատեսությունը, որն ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները. Սա՝ այն դեպքում, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաև հաջորդը: Այսինքն, եթե դա հարված էր, ապա տեղի իշխանությունները պետք է փորձեին զգուշանալ հնարավոր երկրորդից, երրորդից և այլն՝ առժամանակ հեռու տանելով քաղաքացիական բնակչությանը: Բայց չգիտես ինչու, կար վստահություն, որ հարվածներ այլևս չեն լինի: Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնականը պնդել է, թե հարվածը հասցվել է Հայաստանի կողմից, և այն իրականացվել է «Սկադ» տիպի հրթիռով. բացարձակ ոչ մի ապացույց: Եվ սա՝ պայթյունից ընդամենը րոպեներ անց, մինչդեռ արձակած հրթիռի տեսակը պարզելու համար բավական երկար ուսումնասիրություն է պետք:

Բայց քիչ անց ադրբեջանական քարոզչամեքենան լայնորեն սկսել է տարածել մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար հայկական ուժերը Գրադ կայանքից հրթիռարձակում են իրականացնում, և դա սկսել են ներկայացնել՝ որպես հայերի կողմից Գյանջան հրթիռակոծելու ապացույց: Բայց քարոզչության հարցում Բաքուն ծայրահեղ ապաշնորհ է, և այս դեպքը բացառություն չէր: Գյանջայում որոտացած պայթյունն ընդամենը մեկն է եղել, և դա փաստում է հենց իրենց իսկ տեղադրած տեսանյութը, մինչդեռ կայանքից արձակված հրթիռների քանակն առնվազն 3 տասնյակ է: Ինչպե՞ս կարող էր արձակված մի քանի տասնյակ հրթիռներից արձանագրվել ընդամենը մեկ պայթյուն: Նման բան հնարավոր է միայն ադրբեջանական քարոզչական հեքիաթներում: Ի դեպ, Գրադ կայանքից Գյանջան հրթիռակոծելու համար անհրաժեշտ է այդ կայանքը տեղադրել Գյանջայից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ասենք՝ քաղաքի արվարձաններում, ինչն էլ կնշանակեր, թե հայկական ուժերը գրեթե մտել են Գյանջա:

Ընդամենը րոպեներ անց Բաքուն շրջանառության մեջ է դրել իբր Գյանջայի պայթյունից զոհված երեխայի սարսափազդու մի լուսանկար: Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տվել, որ այս տեղեկությունը նույնպես կեղծիք է: Այդ լուսանկարն արված է 4 տարի առաջ Սիրիայում: Ամենացնցողը պնդումն է, թե Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից: Պաշտոնական Բաքուն հայտարարությունն անում է՝ չունենալով որևէ ապացույց, ինչը բնական է, քանի որ այդպիսիք չեն էլ կարող լինել:

Հայաստանը բազմաթիվ անգամ արդեն հայտարարել է, որ մեր երկրի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի հրթիռ, արկ և նույնիսկ գնդակ չի արձակվել»,- մանրամասնել էր պետական լրատվամիջոցը:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները՝ «Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»:

Իսկ Բաքվի տարածած այս մեղադրանքներին անդրադարձել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը»,- մասնավորապես նշվում էր ԱԳՆ հայտարարության մեջ:

Իր հերթին՝ Արցախի պաշտպանության բանակը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին հրապարակել էր  Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.

– ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա

– ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,

– ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,

– ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

– ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

– ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուքային նյութերի բազա,

– Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Միաժամանակ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքն էր ներկայացրել Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղերը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա:

– Գյանջայի ավիաբազա-օդանավակայանը մինչև 2020-ի օգոստոս Ադրբեջանն օգտագործում էր քաղաքացիական նպատակներով, սակայն օգոստոսին զորավարժությունների համար տեղակայեցին այդտեղ Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ, որոնք այդտեղից հետո չհանեցին:

– ՀՕՊ- կազմված է Ս-125-ների դիվիզիոնից:

– ՌԱՆ- Ռազմարդյունաբերության նախարարություն, նշված գործարանները ենթակա են նախարարությանը:

– ՆԶ- Ներքին զորքեր:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ «Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները»:

Հավելենք, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո և 44-օրյա պատերազմից առաջ թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին տեղի ունեցել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Այդ օրերին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ 2023 թվականի օգոստոսին էլ Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

Այս փաստերը պարբերաբար հայկական կողմը պետք է թարմացնի և որպես իրավարար փաթեթ՝ շրջանառության մեջ դնի, միջազգային հանրությանը ներկայացնի՝ ի պատասխան ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքների:

Մյուս կողմից, հարց է՝ արդյո՞ք հայկական կողմը թիրախավորել է 44-օրյայի ժամանակ ՊԲ-ի՝ Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը, եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Գյանջայի շուրջ 2020 թվականի հոկտեմբերի 17-ի իրադարձությունների համատեքստում հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական Libération թերթին, որտեղ հարց է տրվում վերը նշված զարգացումների և ադրբեջանական մեղադրանքների մասին:

Libération- Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:

Նիկոլ Փաշինյան Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է:

Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:

 Ի դեպ, նույն 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական մեղադրանքները:

Իսկ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարվել էր 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, հրադադարի մասին հաջորդ հայտարարությունը մեկ շաբաթից էր:

Մասնավորապես, 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. 

«2020 թվականի հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Այս հայտարարության վերաբերյալ՝ դեռ մինչև հրապարակումը, մենք խորհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը: Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո, ընդհանրապես դադար տեղի չունեցավ»:

Իսկ Գյանջայի ուղղությամբ իբր հայկական կողմից թիրախավորման մասին ադրբեջանական կողմը հայտարարել էր նաև հոկտեմբերի սկզբին:

168.amը մանրամասն ներկայացրել է հոկտեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում իրադարձությունների հաջորդականությունը, մասնավորապես, Գյանջայի թիրախավորման մասին ադրբեջանական հայտարարությունները և հայկական կողմի արձագանքները։

Ըստ էության, ուշագրավ է, որ դարձյալ այդ օրերին Փաշինյանը հարցազրույց է տվել և այս թեմայով հարցին ի պատասխան՝ ողջ պատասխանատվությունը դրել է Արցախի վրա՝ միաժամանակ ցույց տալով, որ տեղյակ է ամեն ինչից:

Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակված РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց էին տվել՝ «մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում», ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:

Հակադարձմանը՝ այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա, իրեն գերագույն հրամանատար հռչակած Փաշինյանն արձագանքել էր.

«Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չէր հերքել հարցի առաջին հատվածը և նոր միայն անցել երկրորդ հատվածին, սրա պատասխանը չունենք, թեպետ այդ օրերին և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Աննա Հակոբյանը եղել են Արցախում: Եվ հիմա Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը քննի այս դեպքերը:

Ի՚՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը, պատասխանը դնելու է միայն Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության վրա՞, թեպետ իր հարցազրույցներից երևում է, որ իրադարձությունների զարգացումներին շատ լավ տեղյակ է, հատկապես, երբ Արցախի նախագահի հետ մշտապես կապի մեջ է եղել 44-օրյայի ժամանակ և նրա տեղեկությունները համարել շատ վստահելի։ Ավելին, ինչպես նշեցինք, այդ օրերին Արցախում է եղել: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանի ՀՀ իշխանությունը, սրանք ադրբեջանական պահանջներ են, որոնց պետք է հակադարձի Նիկոլ Փաշինյանը, այդ թվում՝ ձեռքի տակ ունեցած ադրբեջանական գործողությունների մասին փաստերով:

Տեսանյութեր

Լրահոս