Մայամիի բնակիչները դատի են տվել՝ պահանջելով դադարեցնել Թրամփի նախագահական գրադարանի շինարարությունը
Մայամի քաղաքի բնակիչները հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով դադարեցնել Դոնալդ Թրամփի նախագահական գրադարանի շինարարությունը քաղաքի կենտրոնում գտնվող հեղինակավոր առափնյա հատվածում, հայտնում է NBC News-ը:
Հայցվորները պնդում են, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի իշխանություններն ապօրինի կերպով Թրամփին են փոխանցել պատմական «Ազատության աշտարակի» հարևանությամբ գտնվող մոտ 1,2 հեկտար տարածքը, որի արժեքը գերազանցում է 67 միլիոն դոլարը:
Ըստ նրանց՝ դա խախտում է ԱՄՆ Սահմանադրության՝ ներքին վարձատրությունների մասին դրույթը (Domestic Emoluments Clause), որն գործող նախագահին արգելում է սահմանված աշխատավարձից զատ նահանգներից ստանալ նվերներ և առավելություններ:
Պատասխանողների թվում նշված են հենց ինքը՝ Թրամփը, նրա նախագահական գրադարանի հիմնադրամը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, Մայամի-Դեյդ քոլեջը և մի շարք պետական պաշտոնյաներ:
Հայցվորները նշել են, որ հողատարածքի փոխանցումը կարող է նահանգներին դրդել այլ նախագահին նմանատիպ արտոնություններ տրամադրել՝ ակնկալելով բարենպաստ որոշումներ դաշնային քաղաքականության հարցերում, ներառյալ՝ աղետների ժամանակ օգնությունը, սակագները և շելֆային հանքավայրերի մշակումը:
Թրամփն այդ վայրն ընտրել էր անցյալ տարի՝ Ֆլորիդայի իշխանությունների և Մայամի-Դեյդ քոլեջի հետ համաձայնության գալուց հետո: Նա ստիպված չի եղել գնել հողը։
Մարտին նախագահը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր տեսանյութ, որտեղ պատկերված էր ապակեպատ երկնաքերի նախագիծը՝ ճակատային մասում ոսկեգույն «Trump» մակագրությամբ։
Ըստ նրա՝ համալիրը կարող է ներառել ոչ միայն գրադարան, այլև հյուրանոց, ինչը այն կդարձնի ԱՄՆ-ում հյուրանոց ունեցող առաջին նախագահական գրադարանը։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ապագա գրադարանը կդառնա «աշխարհի հոյակապ շենքերից մեկը» և երկրի պատմության վրա Թրամփի ունեցած ազդեցության հուշարձանը։
Հայցվորները համարում են, որ նախագիծը առևտրային բնույթ ունի և կարող է զգալի շահույթ բերել հենց Թրամփին և նրա ընտանիքին։ Դատարանը պետք է որոշի՝ արդյոք հողատարածքի փոխանցումը խախտո՞ւմ է գործող նախագահի համար սահմանված սահմանադրական սահմանափակումները:



