Նիկոլը ցանկացած մայրաքաղաքում փնտրում է իր աթոռի ոտքերը պահողին․ Աննա Մկրտչյան
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականի հայտնի իրադարձություններին, դրա պատճառներին և 2018 թ․-ից հետո ստեղծված իրականությանը։
Ընդդիմադիր պատգամավորն այս համատեքստում դիտարկում է արել նաև նախընտրական պրոցեսների մասին և պատասխանել, թե ինչպիսի՞ Հայաստանում է ցանկանում ապրել արդեն հունիսի 7-ից հետո։
Հարցազրույցի թեզերը՝ ստորև՝
- Հանրապետական կուսակցության՝ խորհրդարանական հերթական ընտրություններին չմասնակցության մոտիվը, հիմնական նպատակը կայանում է հետևյալում՝ միասնական ուժերով փորձել հաղթել Նիկոլին, վերջ դնել այս իշխանազավթմանը և վերականգնել պետությունը։ Մենք 2018 թվականից ենք այս պայքարի մեջ, ընդ որում՝ ինչքան ծանր լինի ինձ համար այս թեմայի մասին խոսելը, միևնույն ժամանակ, շատ պատվաբեր է, որովհետև այն քաղաքական թիմի անդամն եմ, որը 2018 թվականից գեթ 1 վայրկյան իր վարքով, խոսքով չի շեղվել և մնացել է պայքարի նույն գծի մեջ։

- Երբ 2018թ․ նախկին-ներկա թեզը ներմուծվեց, Փաշինյանը մի նպատակ ուներ՝ մեզ բոլորիս բաժանելու սևերի-սպիտակների, տարանջատելու, և դրա միջոցով պետությունը զավթելու։ Այդ նույն տրամաբանության մեջ էր՝ «գալու եմ՝ արագաչափերը չլինեն», «գալու եմ՝ կարմիր գծերը չլինեն», «Արցախը Հայաստան է, և վերջ», «վարկերը բոլորը մարվելու են», «Հայաստանի Հանրապետությունում քրեաօլիգարխներ չեն լինելու»․․․ Ստել, որովհետև այլ գործիքակազմ չկար Հայաստանի հասարակությանը քայքայելու, և այդ ինստիտուցիոնալ դիմադրողականությունը նաև վերացնելու համար հասարակությանը հենց այսպիսի ստեր էին պետք, ու սա էդ ստերից մեկն է։
- Ցավալիորեն, այսօր իրենց ընդդիմադիր անվանող մարդիկ կան, ովքեր այդ խոսույթը շարունակում են, որովհետև Նիկոլի հետ ունեն համատեղ անցյալ, և այդ համատեղ անցյալը մոռացության չեն կարողանում տալ՝ ինչքան էլ Ֆեյսբուքից ջնջեն իրենց համապատասխան գրառումները, կամ փորձեն տարբեր լրատվականների հետ պայմանավորվել և 2018թ․ իրենց հարցազրույցները ջնջել, դա մեր հիշողությունից չի ջնջվելու։
- Կան նաև ընդդիմադիրներ, ովքեր չեն ուզում խորքային տեսնել, թե որտեղ է պրոբլեմը, և համարում են, որ իրենց պայքարի սկիզբը հենց այս պահից պիտի սկսվի։ Նրանք չեն գնում դեպի սկզբնաղբյուր, չեն ուզում հասկանալ, թե ով էր Նիկոլը 2020 թվականին, դրանից առաջ: Եթե ընդդիմադիրները, ովքեր այսօր հավակնում են Նիկոլին հեռացնել, հիշեն, որ նա ընդամենը մեկ տասնամյակ առաջ փողոցային անկարգություններ հրահրող էր, ապա՝ Ազգային ժողովում՝ մի ստախոս, հետո արդեն կտեսնեն, թե ինչ եղավ 2018թ․՝ իշխանազավթում, երբ նա թույլ տվեց, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտեն տարբեր երկրների և տարբեր պետությունների, թույլ տվեք իմ կասկածը ձեզ հայտնել, հատուկ ծառայությունները։
- Շատերն ասում էին՝ 2018թ․ ինչի դեմ եկել էր պայքարելու Նիկոլը, այդ բարքերն էին, որ հանգեցրին նրան, որ մարդիկ այլևս չէին հասկանում իրականության ու ստի ջրբաժանը, բայց Նիկոլի այսօրվա իրականությունն ապացուցում է՝ այդ թեզը չի աշխատում․ այն, ինչ տեղի է ունեցել 2018թ.՝ եղել է գեներացված, ընդ որում՝ գրոհային խմբերով կազմակերպված։ Այսինքն՝ հո փողոցում եղած մարդի՞կ չեն արել 2018թ․ իշխանազավթումը․ արել են գրոհային խմբեր, ես վստահ եմ՝ ինձնից շատ ավելի շատ տեղեկություններ գիտեք, թե որ դեսպանատունն ինչն էր համակարգում։
- Հիմա քրեաօլիգարխներ չկա՞ն Հայաստանում․ կան․․․ Գռզոն ավելի լավ վարքագի՞ծ ունի, քան 2018թ․ առաջ որևէ մեկը՝ չէ՛, քրեաօլիգարխներ չե՞ն հիմա Նիկոլի ֆրակցիայում նստածները, չկա՞ն մարդիկ, ովքեր տենդերներ են շահում միլիարդներով և 0 հաշվետվողականություն ունեն՝ կան, չկա՞ն նախարարներ, ովքեր չգիտես՝ ինչով են զբաղվում, չկա՞ն պատգամավորներ, ովքեր իրենց լկտի են պահում և ամենավերջին բառապաշարով խոսում են պատգամավորների հետ՝ կան, ընդ որում՝ շատ ավելի վայրագ ձևով։ Ես նախորդ 30 տարիների ընթացքում չեմ հիշում, որ կին քաղաքական գործիչները բռնության ենթարկված լինեն։
- Դրսից արձագանքներ չեն լինելու, որովհետև իրենք կամակատար իշխանություն ունեն էստեղ։ Իրենց, իհարկե, չէր կարող Սերժ Սարգսյանի իշխանությունը ձեռնտու լինել. որտեղ Սերժ Սարգսյանը նստում էր սեղանի շուրջ, այդ սեղանի շուրջ հայկական շահի ներկայությունն ամրապնդում էր։ Հիմա՝ Նիկոլը ուր ասես գնում է, մի հատ բրոշյուր է տանում հետը, ժեշտի կտորն էլ կպցրել է, ասում է՝ նայեք, դեռ այսքան բան կա, այսքան բան է մնացել, որ մեկիդ ինչ է պետք։ Աճուրդի հանած երկիր, որտեղ իրենք կարգել են որպես ձևական ղեկավար, իբր տվել են ձևական լեգիտիմություն, իբր տվել են հնարավորություն՝ ծախելու։

- 2018թ. էլ Նիկոլ Փաշինյանը գտավ այդ աշխարհաքաղաքական բալանսը, ու ես չեմ ուզում մենք շարունակենք էն տպավորությունը, թե հայ ժողովուրդն իրեն բերեց․ հայ ժողովուրդն իրեն չբերեց, այո՛, հայ ժողովուրդը խաբվեց էն իրականությանը, որը կար 2018թ., բայց 2018թ. էլ Նիկոլին այլ մարդիկ են բերել իշխանության՝ իր դրսի տերերը, ում ինքը շարունակեց ծառայել, 2020թ․ նոյեմբերի 9 ի փաստաթուղթն էլ է դրա մասին, 2025թ․ օգոստոսի 8-ի փաստաթուղթն էլ է դրա մասին։
- Եվրոպացիները շատ ավելի լավ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում, մեր ակցիաներով չէ, որ պիտի իմանային։ Այսինքն՝ էն խոսակցությունը, որ չգիտեն՝ ինչ է կատարվում, ուղղակի բացառված է․ իրենց զեկույցներով էլ են դա ամրագրում։ Իրենք եկել են մի երկիր, որտեղ կան կին քաղաքական բանտարկյալներ, որտեղ աշակերտ է կալանավորվում միայն նրա համար, որ Նիկոլը եկել, որոշել է Պատարագը հարամի, ու այդ երիտասարդը շարունակել է Պատարագին իր մասնակցությունը, այ դրա համար իրեն բռնության են ենթարկել, իրենք եկել են մի պետություն, որտեղ Նիկոլի իշխանության օրոք դատարանում մարդ է մահացել, որտեղ քաղաքացին, ով համարձակվել էր նստել գործակալական անցյալով և միգուցե նաև ներկայով հայտնի Օմեգայի աթոռին՝ Ազգային ժողովի նախագահի աթոռին, իրեն 1 օր անց գտնում են ինքնասպան եղած։
- Հիմա մենք հասկանում ենք, չէ՞, էսօր եվրոպական քաղաքական էլիտա և քաղաքական վերնախավ կոչվածն ինչպես է վերաբերվում մարդու իրավունքներին․ հայի կյանքն իրենց համար 0 է, և շատ լավ է, որ կա խամաճիկ Նիկոլը, որը պատրաստ է Սյունիքից մինչև Տավուշ, Տավուշից մինչև Վայոց ձոր, և անգամ Վայոց ձորից էլ մինչև Երևան «բազար անել և վաճառել»։

- Նիկոլի դիվերսիֆիկացիան մի տեսք ունի՝ Պուտինի կոշիկը լիզել, անցնել Էրդողանի գիրքը պաչելուն, էդ ընթացքում գնալ Էմանուել Մակրոնի կոշիկը լիզել, էդ ընթացքում, եթե հաջողվի, Թրամփին հիշեցնել իր անուն-ազգանունը։ Իրենց դիվերսիֆիկացիան էս տեսքն ունի։ Եվ այն տրամադրությունը կամ տրամադրվածությունը, որ իրենք նաև հայ հասարակության մեջ են ուզում տարածել, թե՝ գիտե՞ք ինչ կա, մենք ընտրել ենք եվրոպական ուղին, դրա համար ունենք բարդություններ, օրինակ՝ նույն ռուսական կողմի հետ հարաբերություններում, սուտ է․ Նիկոլը չի գնում Եվրոպա և մեզ չի տանում Եվրոպա, կամ հակառակը՝ Նիկոլը չի գնում ռուսական կողմի հետ հարաբերությունների կամ տնտեսական համագործակցության խորացմանը, ինքը ցանկացած մայրաքաղաքում փնտրում է իր աթոռի ոտքերը պահողին։
Մանրամասները՝ տեսանյութում




