Ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 44 անձ
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 44 անձ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի՝ մի մասը բանտում, մի մասը՝ հեռակա, այդ թվում՝ արտասահմանում գտնվող, այսպես կոչված, երկու «օրենքով գողի»։
Ձերբակալվածները կապված էին քրեական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ այսպես կոչված «օրենքով գողերի»՝ Լևան Մարգիայի և Նոդար Շուկակիձեի հետ, որոնք անձնական շահ ստանալու նպատակով որոշումներ էին կայացնում քաղաքացիների միջև ֆինանսական և քրեական վեճերի վերաբերյալ՝ համաձայն, այսպես կոչված, գողական կանոնների, որից հետո կողմերին պարտադրում էին վճարել։ Որոշակի ժամկետների խախտման դեպքում սպառնում էին ֆիզիկական պատժով և սպանությամբ։
Իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամները, ըստ նախապես մշակված պլանի, մեքենաներով շրջել են Թբիլիսիի տարբեր թաղամասերում, ընտրել կոնկրետ անձանց և նրանց կամքին հակառակ ակտիվացրել վարկեր ինտերնետ բանկի միջոցով, որից հետո ապօրինաբար խոշոր գումար են ձեռք բերել՝ փոխանցելով իրենց սեփական հաշվին։



