Սկանդալային բացահայտումներ. փողերի լվացման սխեմաներ, կոկաին, Դոնբասի հանձնում. Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը գաղտնիքներ է բացել
Զելենսկին այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է։ Նա այն մարդը չէ, ինչպիսին որ ներկայանում է հանրությանը։ Այս մասին ամերիկացի հաղորդավար Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում պատմել է Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը՝ սենսացիոն բացահայտումներ անելով Զելենսկու իրական կերպարի և նրա կոռուպցիոն գործունեության մասին։
«Նախ և առաջ, նա այն մարդը չէ, ինչպիսին որ ներկայանում է հանրությանը։ Նրա իսկական էությունը շատ տարբեր է այն կերպարից, որ տեսնում եք հեռուստաէկրանին։ Նա անընդհատ փոխում է դիմակները։ Նա էմոցիոնալ առումով անվերահսկելի է, նա չի կարողանում կառավարել իր հույզերը, հաճախ հիստերիկանում է և կարծում է, թե ցանկացած մարդու կարելի է օգտագործել։ Նա չունի կարեկցանք մարդկանց նկատմամբ, որ փորձում է խաղալ։ Նա խելագարության աստիճանի մեծ դերասան է, բայց իր դերասանական խաղը որևէ բովանդակություն, և ցանկացած բան, որ նա ասում է, կտրված է իրականությունից»,- ասել է Զելենսկու նախկին մամուլի խոսնակը։
Յուլիա Մենդելը, որն Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում աշխատել է 2019-2021 թթ., նշել է, որ չի եկել Պուտինին որևէ կերպ արդարացնելու, բայց այս պատերազմը այլևս «սևի ու սպիտակի» պատերազմ չէ։ Նրա խոսքով՝ Պուտինին դիտում են որպես չարիք, բայց Զելենսկին նույնպես չարիք է։
Որպես «ներսի մարդ» և տիրապետելով ինսայդերական ինֆորմացիայի՝ Յուլիա Մենդելը կարծում է, որ Զելենսկին՝ հանրության աչքին «բարի արջուկ» կամ անգլերեն ասած՝ «Teddy bear» խաղացող նախկին տաղանդավոր դերասանը, կանգնած է փողերի լվացման բազմաթիվ սխեմաների հետևում.
«Ես ունեմ մի ընկեր, որն ընդգրկված էր սոցիալական քաղաքականության նախարարությունում հաստիքային պաշտոնի նշանակվելու թեկնածուների ցանկում լայնածավալ ռազմական ներխուժման ժամանակ, և նրան կանչել էին հարցազրույցի, և նա 5 թեկնածուներից մեկն էր։ Զելենսկին և այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Երմակն էին նրանից հարցազրույց վերցրել և հարցազրույցի ժամանակ նրան ասել էին, որ նա պետք է մշակի փողերի լվացման սխեմաներ, որպեսզի դրանք ֆինանսավորվեն սոցիալական քաղաքականության նախարարության կողմից։ Իսկ սոցիալական քաղաքականության նախարարությունը պատասխանատու է թոշակների համար, ուստի, երբ մենք խոսում ենք խեղճ թոշակառուների մասին, և Զելենսկին անձամբ հաստատում է փողերի լվացման սխեմաները, հարց է ծագում, թե արդյոք նա մեղավոր չէ՞»։
Ի դեպ, Երմակի մասին էլ Մենդելը պատմել է, որ Երմակն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «սթրիփ ակումբում», իհարկե, ոչ որպես «սթրիփ» պարող, այլ որպես իրավաբան։
Մոտ մեկուկես ժամանոց հարցազրույցի ամենասենսացիոն հատվածներից մեկը սկսվում է Թաքեր Կարլսոնի այն հարցից, թե արդյո՞ք Զելենսկին օգտագործում է թմրանյութեր:
«Դա հանրահայտ գաղտնիք է»,- հարցին այսպես է պատասխանել Յուլիա Մենդելը.
«Ես երբեք չեմ տեսել նրան թմրանյութ օգտագործելիս, սակայն իմ գիրքը գրելու համար ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք հաստատել են, որ տեսել են նրան թմրանյութ օգտագործելիս տարբեր ակումբներում։ Միայն մեկն է տեսել նրան թմրանյութ օգտագործելիս 2021-ին։ Ես պարզել եմ՝ ով է մատակարարը «Կվարտալ-95»-ից («Ստուդիա Կվարտալ-95»-ը Զելենսկու հումորային-դերասանական ընկերությունն է,- Ա.Ս.), և ես հանդիպել եմ այդ անձնավորությանը։ Ես չեմ ասում, թե նա թմրավաճառ է։ Նա պարզապես «Կվարտալ-95»-ի դերասաններից է»։
Թաքեր Կարլսոնի հարցին՝ Զելենսկին օգտագործո՞ւմ է կոկաին, նախկին խոսնակը պատասխանել է, որ ինքն անձամբ չի տեսել, բայց բոլոր այդ մարդիկ խոսում են հենց կոկաին օգտագործելու փաստի մասին։
Երկրորդ փաստը, որը նշել է Յուլիա Մենդելը, այն է, որ իր խոսքով՝ ամեն անգամ, երբ իրենք պատրաստվում էին հարցազրույց տալու, Զելենսկին լսում էր իր ներկայացրած տեղեկությունները տվյալ լրագրողի հարցերի և մոտեցումների մասին, հետո մոտ 15 րոպե փակվում էր լվացարանում և այնտեղից դուրս էր գալիս որպես «լրիվ ուրիշ մարդ»։
«Ես Ձեզ հավաստիացնում եմ՝ նա այնտեղից դուրս էր գալիս որպես լրիվ ուրիշ մարդ։ Ես նրան համառոտ պատմում էի սպասվող հարցազրույցի մասին, հետո նա մտնում էր լվացարան, այնտեղ մնում էր 15 րոպե և այնտեղից դուրս էր գալիս էներգիայով լի, ակտիվ և պատրաստ ասելու ամեն ինչ»,- պատմել է Զելենսկու խոսնակը։
Յուլիա Մենդելի մոտ ծիծաղ է առաջացրել հաղորդավարի հարցը, թե կա՞ արդյոք Զելենսկուց ազատվելու որևէ ճանապարհ, սակայն նա նշել է, որ դա շատ լավ հարց է։ Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե ինչպես դա անել օրինական ճանապարհով, և ով է փոխարինելու նրան նախագահի պաշտոնում։
Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի խոսնակի հարցազրույցի ամենաուշագրավ մասը, թերևս, նրա այն հայտարարությունն էր, որ ինչպես իր աղբյուրներն են պատմել իրեն՝ Զելենսկին 2022-ին համաձայնել է հանձնել Դոնբասը Ռուսաստանին։
«Ես խոսել եմ այն մարդկանց հետ, ովքեր 2022-ին մասնակցում էին խաղաղության բանակցություններին: Նրանք պատմել են, որ Զելենսկին անձամբ համաձայնել է հանձնել Դոնբասը, և դա կլիներ պատերազմի ավարտը: Իսկ հիմա նա ասում է. «Ես չեմ կարող»: Տեսնում եք, նա անհետևողական է»,- ասել է Մենդելը։
Զելենսկու գրասենյակից «անլուրջ» և «իրականությանը չհամապատասխանող» են անվանել նախկին խոսնակի հայտարարությունները։
Մենդելի պատմելով՝ երկու տարվա ընթացքում երկու մեջբերում է անընդհատ լսել Զելենսկուց, որոնցից մեկը՝ «Ուկրաինան պատրաստ չէ ժողովրդավարության», մյուսը՝ «բռնապետությունը կարգ է»։
Ի պատասխան հարցին, թե արդյոք Զելենսկին անձամբ կոռումպացված է, նախկին խոսնակը պատմել է.
«Մի նախարար կար, ես անուններ չեմ տալիս, լա՞վ։ Նա լավ կապեր ուներ Միացյալ Նահանգների հետ, և այդ պատճառով էլ Զելենսկին բարձր էր գնահատում նրան, և մի անգամ բացարձակ անհեթեթ պատմություն եղավ, որ ուկրաինական նախարարները ցածր աշխատավարձ են ստանում, ասենք՝ տարեկան 12000 դոլար, և նա ասաց.
«Տեսեք, ես շատ չեմ ուզում, բայց ես ամսական մոտ 5000 դոլարի կարիք կունենամ, այսպիսով՝ տարեկան 60 000 դոլար։ Զելենսկին, անշուշտ, խոստացավ նրան առաջին հարցազրույցի ժամանակ և ակնհայտորեն ոչինչ չարեց դրա համար, ուստի նախարարը սկսեց ինքն իրեն պարգևավճարներ նշանակել, և ընդդիմությունը խիստ քննադատում էր նրան, ուստի երբ առաջին կառավարությունը հրաժարական տվեց, այս տղային հրավիրեցին, և Զելենսկին նրան ասաց. «Լսիր, ինձ դուր է գալիս, թե ինչպես ես դու աշխատում։ Դու լավ հարաբերություններ ունես Արևմուտքի հետ։ Միգուցե դու կցանկանաս շարունակել աշխատել մյուս կառավարության կազմում, բայց դու չես կարող պաշտոնապես 5000 դոլար աշխատավարձ ստանալ, քանի որ դա մեծ սկանդալ է առաջացնում, և երբ այդ տղան մտավ սենյակ, այնտեղ նախագահ Զելենսկին էր, պարոն Երմակն էր և մեկ այլ անձնավորություն, որին ես ճանաչում եմ, և սեղանին դրված էր դոլարներով լիքը պայուսակ, և այդ մարդն ասաց. «Ես չեմ կարող 5000 դոլար պաշտոնական աշխատավարձ տալ Ձեզ, բայց ես քեզ 5000 ստվերային փող կտամ, և դա կլինի Ձեր աշխատավարձը, սակայն դա պաշտոնական աշխատավարձ չէ, լա՞վ։ Ինչը նշանակում է, որ Զելենսկին գիտեր այդ մասին, դա կոռուպցիա չէ։ Տեսնո՞ւմ եք»։



