Սա իսկապես պատերազմ է… Նիկոլը պարտված է 65 տոկոսի դեպքում. քեզնից է կախված, հա՛յ քաղաքացի. Գագիկ Մինասյան
Եթե հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 65 տոկոսը և ավելին, ապա Նիկոլ Փաշինյանը պարտված է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կանխատեսում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքների և դրանց կարևորության թեմայի շուրջ։
Քաղաքական գործիչն ընդգծում է իր գլխավոր ուղերձն ընտրողին ու հանրությանը՝ սրանք սովորական ընտրություններ չեն իշխանության և ընդդիմության միջև, այս ընտրությունը Հայաստանի լինել-չլինելու մասին է, ինչպես ինքն է ձևակերպում՝ հունիսի 7-ի քվեարկությունը ընտրություն է Հայաստանի և թուրքական «Էրմենիստանի» միջև։

«Իսկապես մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք մենք այդ օրը ընտրում. մի քաղաքական ուժ, որը մի կողմնորոշում ունի, թե՞ մյուս քաղաքական ուժին, որը մեկ այլ կողմնորոշում ունի։ Սակայն հարցի էությունը դրանից ավելի բարձր է՝ մենք ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ ընտրում ենք «Էրմենիստան»։
Եթե ընտրում ենք այն ուժին, որը դեռ իշխանության է Հայաստանում, ապա մենք ընտրում ենք «Էրմենիստան», և բոլոր այն կորուստները, որ մենք ունեցել ենք 2018 թվականից, շարունակվելու են, և մենք հասնելու ենք այն իրավիճակին, որում այսօր մեր Արցախն է՝ հանգիստ, խաղաղ, ոչ մի կրակոց չկա և ոչ մի հայ չկա։ Եթե մենք նրան ենք ձայն տալիս՝ չարիքի իշխանությանը, Հայաստանը դառնալու է «Էրմենիստան»՝ որպես Թուրքիայի գավառ, ճիշտ այնպես, ինչպես այսօր Արցախն է Ադրբեջանի գավառ։
Եթե մենք ընտրում ենք հակառակ բևեռին, ապա մենք ընտրում ենք Հայաստանը և կամաց-կամաց՝ ոչ արագ վերադառնում ենք հզոր Հայաստանի կարգավիճակ ունեցող պետության Հարավային Կովկասում, որը պահանջված կլինի բոլոր քաղաքական կենտրոնների, մասնավորապես, մեր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության համար, Չինաստանի համար, Միացյալ Նահանգների համար և այդ նույն Եվրոպայի համար»,- նշեց Գագիկ Մինասյանը։
ԱԺ նախկին պատգամավորը նաև շեշտում է. «Այս ընտրությունը լավի ու վատի միջև չէ։ Աստված մի քանի անգամ տվել է մեզ այդ հնարավորությունը, մենք միշտ վատն ենք ընտրել. հիմա պիտի ընտրենք ապրելու և մեռնելու միջև»։
Խոսելով սոցհարցումների տվյալների և ընտրություններում ընդդիմադիր հիմնական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքնի, ԲՀԿ-ի հնարավորությունների և այն հարցի շուրջ, թե քանի տոկոս կհավաքեն ՔՊ-ն և ընդդիմադիր ուժերն ԱԺ ընտրություն 2026-ի արդյունքներով, ԱԺ նախկին պատգամավորը պարզաբանում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն ունեն շատ կոնկրետ ու կայուն ընտրազանգված, որը պայմանականորեն կարող է կազմել քաղաքացիների, ասենք, 25 տոկոսը, որը կգնա և կքվեարկի նրա օգտին, և այս պայմաններում Փաշինյանի գլխավոր խնդիրն է՝ այնպես անել, որ ընտրությանը հնարավորինս քիչ մարդ մասնակցի՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության թիվն ավելի փոքր լինի, որպեսզի իր այդ պայմանական 25 տոկոսն ընտրությունների արդյունքներով մեծանա և հասնի 50 կամ 60 տոկոսի։

Այլ խոսքերով՝ Փաշինյանը խաղադրույք է անում ոչ թե իր ընտրողների թիվն ավելացնելու, այլ ընդդիմության ընտրողների թվի ավելացումը թույլ չտալու վրա։ Այս տեսանկյունից Գագիկ Մինասյանը կանխատեսում է, որ եթե ընտրություններին քվեարկի ընտրելու իրավունք ունեցողների 65 տոկոսը և ավելին, ապա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է։ Գագիկ Մինասյանի խոսքով՝ «սա իսկապես պատերազմ է»։
«Սա առաջին պատերազմն է։ Սա իսկապես պատերազմ է. սա պատերազմ է այն բանի համար, թե ինչպիսի մասնակցություն մենք ունենանք։ Եթե մեր մասնակցությունը 65 տոկոս և ավելին լինի, Նիկոլը պարտված է միանգամից, Նիկոլը և այս չարիքը հաղթահարված են։ Դա կախված է հենց քեզնից, հա՛յ քաղաքացի, հա՛յ ընտրող… Այսինքն՝ հիմնական խնդիրը մեր քաղաքացուն ընտրատեղամաս տանելն է, որովհետև այն նրանք, ովքեր պետք է քվեարկեն Նիկոլի օգտին, նրանք հաստատ գնալու են։ Մարդկանց մասնակցության թիվն ավելացնելու հիմնական ճանապարհը մեր քաղաքացու հետ խոսելն է»,- նշեց Գագիկ Մինասյանը։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից ընդդիմադիր ուժերի առաջնորդների թիրախավորմանը և մասնավորապես երեկվա՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ագրեսիվ հայտարարություններին, թե «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է…» և այլն, Գագիկ Մինասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն «ընկնում է ցնցումների մեջ» այն պատճառով, որ իր սեղանին ունի իր համար շատ վտանգավոր թվերը և տեսնում է՝ ժողովուրդն ինչպես է իրեն վերաբերվում։

«Այն, ինչ երեկ բոլորս տեսանք, նշանակում է՝ այստեղ պետականության հետք չի մնացել, կա մի դիկտատոր, որն ինչ որոշում է՝ դա էլ մնացած պետական ինստիտուտները կատարում են։ Սա պետություն չի, սա դիկտատուրա է… Էս մարդն ամեն ինչ սևացնելու իր մոլուցքի մեջ որևէ սրբություն չունի»,- հավելեց Գագիկ Մինասյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



