Ռուսաստանը դադարել է դիտարկել Հայաստանին՝ որպես «անվերապահ դաշնակից». գծում է սահմանը
Հայ-ռուսական հարաբերություններն այլևս գտնվում են բացահայտ և ագրեսիվ հրապարակային ճգնաժամի փուլում, որտեղ դաշնակցային էթիկան զիջել է իր տեղն ուղղակի վերջնագրերին։ Երևանի և Մոսկվայի միջև տարիներով կուտակված անվստահությունը դուրս է եկել վերահսկողությունից՝ վերածվելով աշխարհաքաղաքական բացահայտ առճակատման։ Ականատեսն ենք մի իրավիճակի, երբ ռազմավարական գործընկերության ընկալումը փշրվում է, իսկ կողմերի միջև հաղորդակցությունը վերածվել է հեռակա մեղադրանքների փոխանակման, ինչը վկայում է հարաբերությունների դեգրադացիայի և նոր, անկանխատեսելի հանգրվանի մասին։
Այս ճգնաժամի արտահայտման գագաթնակետը դարձավ Վլադիմիր Պուտինի վերջին կտրուկ հայտարարությունը, որը հնչեց՝ որպես վերջին զգուշացում. Հայաստանը պետք է կատարի իր վերջնական ընտրությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ԵԱՏՄ-ն լքելու ծրագրեր չունեն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ երբ պահը գա, երբ հասկանան, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, պետք է կատարեն այդ ընտրությունը։ «Այս հարցում նոր բան չկա։ Ներկայումս մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունն այնտեղ։ Երբ ժամանակը գա, մենք կանենք դա»,- ասել է նա։
Սակայն Ռուսաստանի նախագահի ուղղակի շեշտադրումն այն մասին, որ Հայաստանի հարցը պետք է դառնա առաջիկա ԵԱՏՄ հավաքի քննարկման առարկա, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ ՀՀ իշխանություններին դնել հավաքական պատասխանատվության առջև՝ հասկացնելով, որ եվրոպական վեկտորի հետապնդումն ունենալու է կոնկրետ տնտեսական և քաղաքական գին։ Սա հրապարակային մարտահրավեր է Հայաստանի իշխանություններին, որոնք հույս ունեն, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանին դուրս բերել ԵԱՏՄ-ից իրավական կարգավորումների անբավարարության, ինչպես նաև ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսով ընդունելու իրավական կարգավորման պատճառով:
Այս ամենը կանխատեսում է մի իրավիճակ, որտեղ հայ-ռուսական երկկողմ լարվածությունը կարող է վերածվել համակարգային ճգնաժամի ողջ ԵԱՏՄ-ի համար։ Եթե Մոսկվան որոշի անցնել կոշտ գործողությունների և օրակարգ բերի Հայաստանի անդամակցության նպատակահարմարության կամ կառույցից հեռացման հարցը, կողմերը կհայտնվեն քաղաքական բարդ իրավիճակում: Քանի որ ԵԱՏՄ-ն հիմնված է տնտեսական ինտեգրման սկզբունքների վրա, անդամ երկրի հարկադիր հեռացման մեխանիզմների բացակայությունը կամ դրանց անորոշությունը կարող է ստեղծել իրավական անելանելիություն:
Խնդրի հանգույցն այստեղ ԵԱՏՄ-ում որոշումների կայացման կոնսենսուսային մոդելն է, որը կարող է վերածվել պայթյունավտանգ գործիքի։ Եթե Ռուսաստանը փորձի իրավական ուժ տալ Հայաստանի դեմ ուղղված սահմանափակող որոշումներին, իսկ Երևանը, օգտվելով իր ձայնի իրավունքից, փորձի արգելափակել հնարավոր որոշումները, կոնսենսուսի բացակայությունը ոչ միայն թույլ չի տա լուծել ԵԱՏՄ-ում ՀՀ-ի հարցը, այլև ԵԱՏՄ-ն կկանգնեցնի ինստիտուցիոնալ անլուծելի խնդրի առջև: Սա կլինի հայ-ռուսական ճգնաժամի այն հանգրվանը, որտեղ երկկողմ քաղաքական լրջագույն տարաձայնությունը կանդրադառնա հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն ամենախոշոր նախագծի կենսունակության վրա:
Այս զարգացումները հուշում են, որ հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են մի հանգրվանի, որտեղ կարող է ձևավորվել բացարձակ քաղաքական փակուղի։ Եթե Մոսկվան փորձի գործնական հարթություն տեղափոխել Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ապա թե երկկողմ հարաբերությունները, թե հենց կառույցը կարող են հայտնվել իրավական անելանելիության մեջ. ԵԱՏՄ-ն չունի անդամ երկրին միակողմանիորեն կամ հարկադրաբար վտարելու հստակ մշակված մեխանիզմներ, Ռուսաստանի փորձը՝ «պատժելու» Երևանին իր արտաքին քաղաքական ընտրության համար, կարող է բախվել հենց միության կանոնադրական խնդիրներին՝ ստեղծելով նախադեպը չունեցող ճգնաժամ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են եվրաինտեգրման ճանապարհն անցնել, քաղաքական համագործակցությունն ու հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ, չլքելով ԵԱՏՄ-ն:
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, ընտրվել է այս մոդելը, քանի որ ԵՄ-ն անդամակցություն չի խոստանում կամ նույնիսկ խոստանալու դեպքում էլ հնարավոր չէ ասել՝ այդ անդամակցությունը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Այս ամենը հասկանալով, վերլուծաբանի խոսքով, Հայաստանը չի ցանկանում լքել ԵԱՏՄ-ն, որն օգտակար կառույց է Հայաստանի Հանրապետության համար:
«Հայաստանի հաշվարկները հասկանալի են, սակայն պարզ է նաև, որ սա ընդունելի մոդել չէ ու չի լինի Ռուսաստանի համար, որը միշտ արձագանքել է հետսովետական տարածքում եվրաինտեգրման ուղին ընտրելու այլ փորձերին: Հայաստանի դեպքում ռուսական կողմը պարզապես կողմնորոշվելու, ընտրություն կատարելու կոչ է անում: Այստեղ կարևոր է արձանագրել Ռուսաստանի մարտավարության փոփոխությունը։ Եթե նախկինում Մոսկվան օգտագործում էր հստակ ճնշման մեխանիզմներ, ապա այսօր նա անցել է քաղաքական պրագմատիզմի։ ՌԴ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, փաստում են, որ Ռուսաստանը դադարել է դիտարկել Հայաստանին՝ որպես «անվերապահ դաշնակից», և անցել է շահերի վրա հիմնված հարաբերությունների։ Սա նշանակում է, որ Մոսկվան այլևս չի պահում իր կողքին նրանց, ովքեր չեն կիսում իր աշխարհաքաղաքական օրակարգը. նա գծում է սահման, հստակեցնելով, որ եվրոպական ընտրությունը կնշանակի ռուսական բոլոր տնտեսական արտոնությունների դադարեցում»,- ասաց վերլուծաբանը:
Նա գտնում է, որ Մոսկվայի կողմից ԵԱՏՄ հարթակը որպես քննարկումների վայր ընտրելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի խորշում հարցը քննարկել, քանի որ քաղաքական հստակությունն ավելի կարևոր է։
«Սա, կարծում եմ, ոչ թե հարաբերությունների հերթական սառեցում է, այլ համակարգային խնդիր, որտեղ Երևանի փորձերը՝ պահպանելու տնտեսական կապերը, առանց քաղաքական լիակատար համաձայնության, բախվելու է Ռուսաստանի կոշտ արձագանքին: Չեմ կարծում, թե հնարավոր է հարաբերությունների ինչ-որ նոր բանաձև գտնել: Պետք է արձանագրել, որ դրանք փոխվել են, ՌԴ-ն դա արդեն արձանագրում է և առաջարկում է քննարկել այդ հարցը: Այդ տեսանկյունից ԵԱՏՄ առաջիկա հավաքը կլինի կարևոր և հասկանալի կդառնա, թե ինչ կարծիքներ ունեն ԵԱՏՄ անդամ երկրներն այս հարցի մասին»,- ասաց նա:



