Չգիտեմ՝ որտեղից են մի գազանի մասունք բերել, թե դա է, ես դա չեմ վերցրել. ԴՆԹ են արել, չի համապատասխանել. Ազատ Գևորգյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, արդեն 2-րդ օրն է՝ նստացույց է անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իր որդուն։
Ասում է՝ Կառավարությունում էլ, այլ կառույցներում էլ ասել է, որ որևէ մեկն այս հարցում չի աշխատում։
«Արդեն 6 տարի է՝ սպասում եմ իմ երեխուն, անհետ կորած են համարում, հետո զոհված, ԴՆԹ են բերել, բայց լիարժեք որևէ համապատասխանություն չկա, մինչև հիմա ման եմ գալիս իմ երեխուն։
Ապրիլի 27-ին գնացել եմ Փաշինյանի մոտ, ասել եմ՝ իմ երեխեն ո՛չ անհետ կորած է, ո՛չ զոհված, իմ երեխուն պիտի բերես, որովհետև այս ընտրություններից հետո արդեն չգիտեմ՝ ինչ կլինի, ոնց կլինի։ Ասել եմ՝ քո կառավարման ընթացքում է պատերազմը եղել, հիմա Բաքվում չեն պարզաբանում՝ երեխան այնտեղ գերի՞ է, թե՞ ոչ, բայց դու պարզիր՝ այնտե՞ղ է, ո՞ւր է։
100 տոկոս եմ ասում՝պարզ ընկալում եմ, որ երեխուս հանձնել են, տվել են»,- Կառավարության շենքի մոտ նստացույցի ընթացքում 168.am-ի հետ զրույցում ասաց Ազատ Գևորգյանը։
Նա որդու հետ վերջին անգամ զրուցել է պատերազմի առաջին օրը, պատերազմի սկսվելուց ժամեր անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 11:30-ին։ Նա հուսադրել է ծնողներին, զարմացել է, թե ինչու են նրանք խառնվել իրար՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, նորմալ է։ Բայց ժամեր անց որդու անունը հայտնվել է առաջին զոհերի ցուցակում։
Կարեն Գևորգյանը ծառայում էր Հադրութում, 1,7 ամսվա ծառայող էր, մի քանի ամիս անց զորացրվելու էր։
«Հենց առաջին զոհվածների առաջին ցուցակը հրապարակեցին, երկրորդ անունը որդուս անունն էր։ ԴՆԹ են արել, չի համապատասխանել, միշտ եմ ասել, չգիտեմ՝ որտեղից են մի գազանի մասունք վերցրել, նկարագրել են, բերել են, թե դա է, ես դա չեմ վերցրել։ Ես Ղարաբաղից պատերազմի օրերին տուն չեմ եկել, հետքերով բոլորը բացահայտել եմ, որ մասունքը Ֆիզուլիից են բերել։

Լավ, ենթադրենք՝ երեխես զոհվել է սեպտեմբերի 27-ին, ամսի 28-ին, 29-ին կարող էին գնային ու դին բերեին, կամ հոկտեմբերի 2-ին, կամ դրանից հետո, բայց ես հասկանում եմ՝ երեխես չի զոհվել, գնային՝ ի՞նչը բերեին։ Սրանք բոլորը փաստեր են, ես հենց այնպես օդի մեջ չեմ ասում։
Հոկտեմբերի 5-6-ին Ղարաբաղից եկել եմ, գնացել եմ ՊՆ, ասել եմ՝ երեխուս անունը գրել եք զոհվածների ցուցակում, ո՞ւր է զոհված երեխես, դե տվեք, ասում էին՝ չկա։ Դրանից հետո երեխուս զոհերի ցուցակից հանեցին ու մտցրեցին անհետ կորածների ցուցակ, պատկերացնո՞ւմ եք»,- հավելեց Ազատ Գևորգյանը։
Նա խոսել է որդու ընկերների հետ, ասում է՝ նրանց ցուցմունքներին չի հավատում, հեքիաթներ են, ասել են, որ «Զիլ» մակնիշի մեքենայի մեջ են եղել, հետո «սնարյադով» հարվածել են, մեքենայի վարորդը վիրավորվել է։
«Ասում են՝ «սնարյադը» մտավ մեքենայի կուզովի ու կաբինկայի արանքը, շոֆերը վիրավորվեց ոտքից, դուրս եկավ, մյուսն էլ վիրավոր դուրս է եկել, բայց 2 զինվորի ու երեխուս մասին տեղյակ չեն, չգիտեն՝ ինչ են եղել, յա՞ , բա էդ «սնարյադն» այդ ի՞նչ էր, որ 2-ին ջոգեց հանեց, բայց 3-ին՝ չէ։ Դրանց ինչքան խոսեցնում եմ՝ փախեփախ են անում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա հայտնեց, որ երբ ապրիլի 27-ին հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, նա բոլորին խոստացել է գրավոր պատասխանել, սակայն մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանից ծնողները որևէ պատասխան չեն ստացել։
«Երկրորդ օրն է՝ Կառավարության շենքի ներսից որևէ մեկը չի մոտեցել ինձ, միայն ՊՊԾ աշխատակիցներն են մոտեցել, հարցրել են՝ ինչո՞վ օգնեն, ջուր կամ այլ բան պե՞տք է, ասել եմ՝ նորմալ է, ոչինչ պետք չէ։
Որքան կդիմակայեմ, այնքան նստացույցս շարունակելու եմ, ես իմ երեխուն եմ պահանջում, շատ փակագծեր դեռ չեմ ուզում բացել։ Նիկոլ Փաշինյանը կարող է պարզել, թե ո՞ւր է իմ երեխեն։ Ազատ գյուղի զորամասի դասակի հրամանատարը Հադրութի զորամասի իմ տղայի դասակի հրամանատարն է եղել»,- ընդգծեց Ազատ Գևորգյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



