Պատերազմի օրերին Փաշինյանի արցախցի վստահելի գործընկերը՝ Արայիկ Հարությունյան. Ո՞ր պահից սկսեց կասկածել Օնիկ Գասպարյանին
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ հրապարակային ելույթի ժամանակ հատուկ տեղ էր հատկացրել Շուշիի անկման կամ հանձնման թեմային:
Նախպատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ֆոնին Փաշինյանն ասել է, որ Շուշին կարմիր գիծ է եղել իր համար, այնուհետևխոսել է Ադրբեջանի համար Շուշիի կարևորությունից:
«Բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է: Եվ սա ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլ, որովհետև Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտի վրա, և արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհել ՊԲ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը»,- մանրամասնել է Փաշինյանը և հավելել՝ հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, հրահանգներ են եղել Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ:
«Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է: Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը: Լուրն ինձ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, սակայն զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը: Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, հետո՝ այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,-մանրամասնել է Փաշինյանը:
Այնուհետև նա շարունակել է, որ Շուշիի անկման լուրը լսելով՝ պահանջել է քաղաքը հետվերցնել:
«Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո ասացին, որ մենք Շուշիի ներսում ենք:
Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի հարձակումը կառավարության շենքի վրա: Եվ, երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,-նշել է Փաշինյանը:
Ի՞նչ է ստացվում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի ընթացքում տիրող իրավիճակի վերաբերյալ միշտ օպերատիվ, հավաստի և ճիշտ տեղեկություննե՞ր է զեկուցել Նիկոլ Փաշինյանին:
Այս դեպքում հետաքրքիր է՝ Արայիկ Հարությունյանը նրան տեղեկացրե՞լ է նաև այն իրավիճակի մասին, որը նկարագրում էր արցախցի քաղաքական գործիչ Ռուսլան Իսրայելյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ հեռախոսազրույցը կայացել է 2020 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի նախագահն ասում էր, թե՝ «10 օր է՝ մարդ եմ ուզում, որ Ստեփանակերտը պահի»:
«Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը էն ա տեռտակ»,- զրույցի ձայնագրության մեջ, մասնավորապես, նշում էր Արցախի նախագահը: Սա՝ առաջին:
Երկրորդ՝44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝ «եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ ներդաշնակ համագործակցած Արայիկ Հարությունյանը նրան նման առաջարկ համաձակվել է անել պատերազմի օրերին, եթե այո՝ մերժվե՞լ է, թե՞ չի էլ արել: Այս հարցի պատասխանը դեռ կողմերից որևէ մեկը չի տվել: Սպասենք Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հունիսի 27-ի ամբողջական հարցաքննությունից հետո՝Արայիկ Հարությունյանի պարզաբանումներին և հարցաքննությանը, ինչպես այսօր վստահեցրել է Քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը::
Ի դեպ, հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին՝ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր.
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ, ինքը երբ նշանակված էր ԳՇ պետ, հուլիսյան պատերազմի մասին ԱԱԾ-ն ինձ ասեց՝ դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառված է, ինքն էլ ասեց՝ բացառված է, ես սխալ բան չեմ զեկուցել, ես էլ ասեցի՝ քեզ եմ հավատում: Պատերազմի ժամանակ եղել են դրվագներ, երբ Արցախից մեր գործընկերները ասել են՝ էս դրվագը սենց ա, ես էլ ասել եմ՝ ի՞նչ կասես, Օնիկ ջան: Եկել ենք այն եզրահանգման, որ պատերազմի ժամանակ ես պետք է լսեմ միայն իրեն, քանի որ ինքն ա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը»:
Փաշինյանի այսօրվա ելույթից կարելի է ենթադրել, որ Արցախից այդ գործընկերըԱրայիկ Հարությունյանն է: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ սխալվել է բանակին վստահելով, այսօր, թերևս, խոստովանել է, որ սխալվել է կոնկրետ Օնիկ Գասպարյանի՞ն վստահելով:
Մինչդեռ ինքը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, ունի իր գործառույթներն ու պատասխանատվության չափը: Այսինքն, գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն երկու-երեք կարևորագույն գործառույթ ունի, որոնցից մեկն իրավիճակը գնահատելն է, մյուսը՝ որոշում կայացնելը: Նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, նա պարտավոր է անհապաղ ստուգել զեկուցված իրավիճակը և դրանից բխող որոշումներ կայացնել: Այսինքն, ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո է իմացել, որ Շուշիում զինվոր չկար, դա փաստում է, որ Փաշինյանը, ով, ի դեպ, ԳՇ-ի հետ կապված կրկնում է Սամվել Բաբայանի և Արծրուն Հովհաննիսյանի թեզերը, ձախողվել է որպես գերագույն հրամանատար:Եվ դա փաստում է նաև այն, որ այսօր քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ Շուշիի անկման լուրը լսելով՝ պահանջել է քաղաքը հետ վերցնել,այսինքն, տվել է արկածախնդիր հրահանգներ: Իսկ Փաշինյանը շարունակում է պաշտպանել Արայիկ Հարությունյանին, թերևս ունենալով Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությունը: Այսինքն, նույնիսկ այն դեպքում, երբ վտանգված է Արցախիճակատագիրը, Արայիկ Հարությունյանը շարունակում է հեռահար ներդաշնակ աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին, և Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այսօր լրագրողների հետ զրույցում արված պնդմանը, թե Օնիկ Գասպարյանի «ցուցմունքները» չեն հակասում Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած պարզաբանում- «ցուցմունքներին», ապա դա դեռ ժամանակը ցույց կտա: Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: