Ուշագրավ փաստեր 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում. Կա՞ շղթայական կապ դրանց միջև
3 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, որի շրջանակներում քննարկվել և հաստատվել էր հայտնի հակահարվածի օպերացիան:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»,- հոկտեմբերի 6-ին տարածել էր ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
168.am-ն այս օպերացիային և դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանի գրառումներին տարբեր առիթներով անդրադարձել է, այդ թվում՝ Արցախում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական գործողությունների համատեքստում:
Սակայն, քանի որ Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել մի քանի հոդվածով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հետահայաց ժամանակագրությամբ մի քանի փաստ ներկայացնենք. 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Արցախ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր գործողությունների շուրջ քննարկումներ է ունեցել նաև Արայիկ Հարությունյանի հետ՝ Գյանջայի հետ կապված Արցախի նախկին նախագահի հայտարարությունից հետո, որի համար են նաև Ադրբեջանի իրավապահ մարմինները մեղադրանք առաջադրել Արայիկ Հարությունյանին:
Դրվագ առաջին
2020 թվականի հոկտեմբերի 3-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ արդեն Ստեփանակերտում է:
Հոկտեմբերի 2-ին «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ նա այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ:
Նույն ժամանակահատվածում լուրեր շրջանառվեցին, որ Ստեփանակերտ քաղաքը տարհանվում է: Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին այդ ժամանակ ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնապես հերքել էր այդ լուրերը, հոկտեմբերի 3-ին նույնը ստիպված էր անել նաև Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Կրկնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Արցախ էր այցելել նաև Նիկոլ Փաշինյանը: Հոկտեմբերի 4-ին Արցախի այդ ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանը Գյանջա քաղաքում տեղակայված ադրբեջանական ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հարվածների մասին էր խոսել, քանի որ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Դրվագ երկրորդ
2020-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսելով Արցախ կատարած իր այցի և այնտեղ քննարկված հակահարվածի գործողությունների մասին, մի քանի խմբագրումներից հետո ժամը 17:23-ին հրապարակել էր վերջնական տարբերակը.
«Երեկ Արցախում էի:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:
Նույն օրը ժամը 18:59-ին Արայիկ Հարությունյանն էր ֆեյսբուքյան գրառում կատարել.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը»:
Հոկտեմբերի 6-ին ավելի ուշ՝ ժամը 22:00-ի սահմանում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ էր արել միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել:
«Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Այդ ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար,- մասնավորապես հայտարարել էր Արայիկ Հարությունյանը և հավելել,- Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը»:
Գրեթե նույն ձևակերպումն էր արել և Նիկոլ Փաշինյանը գերմանական Բիլդ (Bild) պարբերականին տված հարցազրույցում, որի հենց այդ հատվածը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում 2020 թվականի հոկտեմբերի 4-ին:
«Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում»,- ասել էր Փաշինյանը:
Դրվագ երրորդ
2020 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 21:39-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել:
«Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում:
Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ:
Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն:
Եվ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը»: Ֆեյսբուքյան այս գրառմանը կից Հակոբյանը տեղադրել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը դուրս գալիս «խորհրդակցական սենյակից», իսկ Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց սպասում է դռան հակառակ կողմում:
Այսինքն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առնվազն պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հետ սինքրոն աշխատել է, բնականաբար, ամեն ծրագրված գործողության մասին տեղեկացրել, հնարավոր է նաև՝ որոշ դեպքերում նրան է ասվել՝ ինչ անել:
Ի դեպ, Գյանջա քաղաքի հրետակոծության մասին ադրբեջանական կողմը, ինչպես երեկ գրել էինք, հայկական կողմին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել ոչ միայն հոկտեմբերի 4-ին, այլև հոկտեմբերի 17-ին:
Նույն օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Հայաստանը և Ադրբեջանը որոշել էին հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Երրորդ հումանիտար հրադադարը հայտարարվեց 2020թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին:
Իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ դրանից երկու օր անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին, Արայիկ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: