Եմենի իշխանությունները և հութիները գերիների փոխանակման շուրջ համաձայնագիր են կնքել
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որն ամենախոշորն է 12 տարվա հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտնել է Հորդանանում ընթացող բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավարի տեղակալ Յահյա Կազմանը։
«Եմենի կառավարությունը և «Անսար Ալլահ» խմբավորումը Հորդանանի մայրաքաղաքում եռամսյա բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` երկու կողմից գերեվարված 1728 մարդ կփոխանակվի», – գրել է նա Х սոցցանցում:
Կազմանը պարզաբանել է, որ համաձայնագիրը ներառում է արաբական կոալիցիայի մի շարք ռազմական ուժերի, կառավարական բանակի զինծառայողների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև հութիների բանտերում գտնվող մի շարք քաղաքական գործիչների ու լրագրողների ազատ արձակում:
Բանակցություններում հութիների պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդեսալամն էլ տելեգրամյան ալիքում գրել է, որ գործարքի շրջանակում իրենք ազատ կարձակեն 580 բանտարկյալի, այդ թվում՝ 7 սաուդցի և 20 սուդանցի զինվորականի, իսկ կառավարական կողմը՝ հութիների 1100 կողմնակիցների:
Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, երբ Սանայում հութիները զավթեցին իշխանությունը։



