Դավիթ Բաբայանը հաստատում է ադրբեջանցի «տուժողների» գործուղված լինելը, կամ՝ ինչո՞ւ է Բաքվի նախաքննական մարմինը հիշել Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ)
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի «դատավարության» հենց սկզբից մենք ահազանգել ենք, որ այն իրականում ոչ թե անձերի, այլ՝ Հայաստանի Հանրապետության, ՀՀ զինված ուժերի, հայ ժողովրդի դեմ է:
Եվ այս պնդումն ամեն «դատական» նիստին ավելի էր ամրապնդվում, երբ քննության առարկա էին դառնում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմի իրականացրած ռազմական օպերացիաներն ու դրվագները, երբ անդրադարձ էր արվում 2016 թվականի Ապրիլյան քառօրյային ու 2020-ի հուլիսյան մարտերին, ՀՀ նախկին իշխանությունների օրոք հայկական կողմի պատասխան պատժիչ գործողություններին, երբ 44-օրյա պատերազմի համատեքստում մեղադրական սլաքն ուղղվում էր ՀՀ նախկին ռազմական ղեկավարությանը, «Գյանջայի դեպքերի» մեղավոր էր կարգվում 44-օրյայի ռազմական ղեկավարությունը, հրապարակվում էին զինվորականների անուններ, նույնիսկ՝ հանրայնացվում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները, քանի որ 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից:
Բաքվի «դատավարությանն» առնչվող մեր հոդվածներում գրել ենք, որ Ալիևը դատարան է գործուղել «տուժողների», որոնք ցուցմունքներ են տվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության, ՀՀ նախկին նախագահների և 44-օրյայի ռազմական ղեկավարության դեմ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանը «դուրս է եկել» պատերազմի օրենքներից և «թիրախավորել է» խաղաղ բնակչությանը, իսկ առաջին պատերազմի տարիներին նաև ադրբեջանցի գերիները «բռնության և շահագործման են ենթարկվել»:
Եվ այսօր ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից հղած իր ուղերձում հաստատել է մեր բոլոր պնդումները, իսկ դրանից օրեր առաջ այն հաստատել էր նաև ԱՀ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը:
Բացի այս, նրանք խոսել են նաև այն մասին, որ Բաքվի դատարանը թույլ չի տվել նրանց իրենց ասելիքը դատարանում մինչև վերջ ավարտել, ավելին՝ եղել են դեպքեր, երբ գործուղված «տուժողների» ցուցմունքների ժամանակ թույլ չի տրվել միջամտել, նման դեպք եղել է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի դեպքում:
Դեռ չենք նշում այն մասին, որ Արցախի ռազմական և քաղաքական նախկին ղեկավարության ոչ ձեռնտու հարցադրումներն ու ելույթները Բաքվի քարոզչամեքենան չի հանրայնացրել, կամ՝ դա արել է աղավաղված, կոնտեքստից կտրված, նման դեպքեր եղել են գեներալ Դավիթ Մանուկյանի և Դավիթ Բաբայանի հետ կապված:
Մասնավորապես, «դատական» նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էին 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի Արցախի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին Արցախի ամբողջական հայաթափման, ադրբեջանի քաղաքացի Րագիֆ Ալիևը ցուցմունք էր տվել, թե 2023 թվականի սեպտեմբերի 20-ին «հակաահաբեկչական» օպերացիայի ժամանակ իր մեքենայի թիրախավորման հետևանքով վիրավորվել է, և, որ ՀՀ ԶՈՒ «մնացորդների» ականանետային կրակից այլ վիրավորներ ևս եղել են, նաև՝ սպանված:
Այս համատեքստում ադրբեջանական քարոզչամեքենան փոխանցել էր, թե գեներալ Դավիթ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ «տուժողը» նշել է, որ «հակառակորդ կողմի նպատակն ադրբեջանցիների ոչնչացումն եղել, այլ նպատակներ չգիտի»:
Թե ի՞նչ հարցադրում կամ դիտարկում էր արել գեներալ Մանուկյանը, կարելի էր միայն ենթադրել, քանի որ ադրբեջանական կողմը չէր հանրայնացրել գեներալի խոսքը:
«Տուժող» Ջեյհուն Ալիևն էլ իր ցուցմունքում պնդել էր, թե «հակաահաբեկչական» գործողությունների օրերին ինքը վիրավորվել է Ճանկաթաղ գյուղի հատվածում, երբ փորձում էին ՀՀ ԶՈՒ «մնացորդների» կողմից «իրականացվող դիվերսիան» կանխել:
«Նրանք տարբեր «սադրանքներ» էին իրականացնում, կրակում մեր դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ»,- շարունակել էր «տուժողը»:
Այստեղ ՊԲ նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը, ինչպես երևում էր ադրբեջանական աղբյուրների փոխանցած տեղեկություններից, փորձել է միջամտել, ինչը Բաքվի դատարանի կողմից կանխվել է:
Մեկ այլ դեպք: Բաքվի «դատական» մեկ այլ նիստի ժամանակ էլ «տուժող» Ամին Մուսաևն ուշագրավ ցուցմունք էր տվել, թե ինքը «հրաձգային զենքից վիրավորվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշի-Ստեփանակերտ միջնահատվածում, իսկ նոյեմբերի 11-ին գերի է ընկել», ավելի ուշ տեղափոխվել է Երևան, իսկ Ադրբեջան է վերադարձվել դեկտեմբերի 14-ին։
Նշենք, որ 2023 թվականի հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթում առանցքային դեր ուներ Շուշիի անկման թեման:
«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ասել էր Փաշինյանը:
Իսկ պատերազմից հետո Բաքվում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր. «Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում։ Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր»։
Իր հերթին՝ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտնել էր. «Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը»։
Այսինքն՝ ադրբեջանցի «տուժողի» ցուցմունքում և ներկայացված պաշտոնական հայտարարություններում ինչ-ինչ համընկնումներ կան, մյուս կողմից՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում էր՝ ասելով. «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարձակում տեղի ունեցավ կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»:
Ինչևէ, «դատական» նիստի ժամանակ «տուժող» Ամին Մուսաևի ցուցմունքը լսելուց հետո Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հարց էր ուղղել նրան՝ ինչո՞ւ «նոյեմբերի 8-11-ն ընկած ժամանակահատվածում նրա մարտական ընկերներն իրեն չեն տարհանել»։
«Իմ մարտական ընկերները զոհվել են, իսկ վիրավորվելու պահին ես կորցրել եմ գիտակցությունս։ Եվ հետո պատերազմի ժամանակ հնարավոր չէ միանգամից տարհանել ո՛չ զոհերին, ո՛չ վիրավորներին»,- պատասխանել էր ադրբեջանցի «տուժողը»։
Իհարկե, ադրբեջանական այս արձագանքը որոշ հարցեր է առաջացնում, իսկ Շուշիի անկման, ինչպես նաև Ստեփանակերտի մատույցներ նրանց հասնելու առնչությամբ դեռ անպատասխան մնացած հարցեր կան։
Իսկ այսօր Բաքվից իր ուղերձում Դավիթ Բաբայանը պատմել է, որ գործուղված «տուժողները» ցուցմունքներ տալու ժամանակ շփոթել են իրեն տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանի հետ, ինչը ևս մեկ ապացույց է, որ Ալիևն իր քաղաքացիներին օգտագործում է Հայաստանի կամ հայկական կողմի դեմ շինծու իրավական բազա կազմելու հարցում, մինչդեռ Հայաստանը հստակ փաստերը չի օգտագործում Բաքվի ռազմական հանցագործություններն ապացուցելու համար:
Դավիթ Բաբայանի ուղերձում մի ուշագրավ դրվագ էլ կար:
«Մի նախաքննության ժամանակ բերեցին և ցույց տվեցին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը, ասեցին, որ սա հայտնի մաֆիոզ է, զենք էր վաճառում։ Ես ասեցի՝ այդ մարդը դրա հետ կապ չունի, հետո պարզվեց, որ սա այլ Դավիթ Գալստյան է՝ «պատրոն Դավո» կոչված անձը։ Բայց խնդիրն այն է, որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 անձ վկայություն է տվել և անձամբ, իբրև թե տեսել են իրեն։ Երբ ես պատմեցի, նրանք խառնվեցին իրար, գնացին, մոտ երկու ժամ հետո եկան, ասեցին՝ փոխել ենք, կասեք, որ դուք փրկել եք Դավիթ Գալստյանի կյանքը»,- մանրամասնում է Բաբայանը:
Մի քիչ տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակին հիմնական զենքի մատակարարի վիզուալ «գաղտնազերծումից» հետո, ավելին՝ Բաքվի 2021 թվականի հունիսի 18-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարելուց հետո կարող էին ադրբեջանական քննչական մարմինները նրան դեմքով չճանաչել, բայց լավ իմանալ կենսագրությունը: Գուցե հնարավո՞ր է նման բան: Իսկ ինչ ենթադրություն կարելի է անել Դավիթ Բաբայանի խոսքից, գուցե այն նաև որպես զգուշացո՞ւմ ընկալել, հատկապես, երբ չկա հաստատում, որ նա դուրս է եկել Ալիևի օրակարգից, ով նրան մեղադրում էր «անօրինական ճանապարհով ռուսական ռազմարդյունաբերական գործարաններից սպառազինություն ձեռք բերելու և քաղաքացիական ինքնաթիռներով Հայաստան ուղարկելու մեջ»:
Ավելին, 2022թ. հունիսին այս թեմայով ծավալուն հոդված էր գրել caliber.az-ը՝ անդրադառնալով նաև զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի գործունեությանը:
Ադրբեջանական կայքը չէր անտեսել տեղեկությունը, որ 2018-ին Հայաստան-Բուլղարիա ռազմատեխնիկական համագործակցություն է եղել, և Հայաստանն այս երկրից սպառազինություն է գնել, այդ թվում՝ ծանր: Հոդվածում ադրբեջանական կողմը, ըստ էության, ուլտիմատում էր դրել՝ Բուլղարիան կամ պետք է ընտրի Հայաստանին զենք հասցնելու միջոցով գումար աշխատելը, կամ ադրբեջանական գազը:
Այս համատեքստում նշենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո այս համատեքստում պարբերաբար շրջանառվում էր այն, թե 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել, և, որ օտար երկրում մասնակցել է բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ծննդյան տարեդարձի արարողությանը:
2023 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում անդրադառնալով այս խոսակցություններին, հայտնել էր. «Սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջանակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով»: Թեև Դավիթ Տոնոյանը չէր նշել այդ երկրի անունը, սակայն դա, ըստ էության, Բուլղարիան էր:
Ադրբեջանական թիրախավորումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Դավիթ Գալստյանին հետ մղեց բանակից, և մինչև հիմա շարունակում է «անպիտան հրթիռների» գործը, որով նաև զենքի առևտրով զբաղվող Գալստյանն է անցնում, իսկ մինչ այդ նա արդարացվել է «հրանոթի արկերի» գործով:
Սակայն չպետք է մոռանալ, որ սպառազինության գնումների թեման շոշափվում է նաև 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցում: Ինչ վերաբերում է գործող պաշտպանության նախարարին՝ Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանին, ապա մի առիթով գրել ենք, որ այս առումով նա առավել քան ռիսկի տակ է: Բայց սա առանձին քննարկման թեմա է:



