Արդյոք պատերազմի օրերին Փաշինյանի հայտարարությունները «ղարաբաղցի գեներալների» մասին հեռահար նպատակներ ունեի՞ն

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր իրականացրել Արցախի դեմ՝ «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ: Իսկ ՊԲ զինաթափումը հրադադարի գլխավոր պայմանն էր, որի բավարարումից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչները սկսեցին շահարկել ՊԲ լուծարման և զինաթափման հարցը: Մասնավորապես, պնդելով, որ ՊԲ զինաթափումը տեղի է ունեցել Արցախի իշխանությունների պատճառով, այսինքն, եթե նրանք «չստորագրեին» վերջին հրադադարի ադրբեջանական առաջարկով փաստաթղթի տակ, որի գլխավոր պայմանը ՊԲ զինաթափումն էր, ՌԴ-ին և Ադրբեջանին հայկական զենք-զինամթերքը չէր անցնի:

168.am-ը երկու հոդվածով անդրադարձել է այս քննադատություններին՝ «Ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով պիտի որոշեր ՊԲ սպառազինության ճակատագիրը»: Այս թեմային դեռ անդրադառնալու ենք: Բայց այս համատեքստում կա մեկ այլ խնդիր ևս, այն է՝ դեռ 44-օրյա պատերազմի կարևոր և ճակատագրական օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հարցազրույցներում և ելույթներում պատասխանատվությունը դրել էր ՊԲ-ի և Արցախի գեներալների վրա, և սա այն դեպքում, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ-ում հայտարարվել էր ռազմական դրություն, և Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել էր գերագույն գլխավոր հրամանատար:

Փաստ առաջին

2020 հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ ՌԲԿ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, հրապարակայնացնելով ընթացքի մեջ գտնվող ռազմական հայտնի օպերացիան, հայտարարել էր.

Կարդացեք նաև

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Հարցին՝ տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին, Փաշինյանը պատասխանել էր.

«Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի»:

ՌԲԿ-ի դիտարկմանը ՝ «մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում», ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված, բայց այդ հանգամանքը պարբերաբար շահարկող գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը նշել էր.

«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:

Հակադարձմանը՝ «այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա», Փաշինյանն արձագանքել էր.

«Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»:

Այսինքն, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գաղտնազերծում է ընթացքի մեջ գտնվող հայկական զինուժի ռազմական պլանները, որից գուցե և օգտվել է թշնամին, այլև ամբողջ այդ օպերացիայի մշակման, իրականացման, հնարավոր ձախողման ամբողջ պատասխանատվությունը դրել է «ղարաբաղցի գեներալների» և ՊԲ-ի վրա: Մինչդեռ սա այն հայտնի հակահարվածի, կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, հակաահաբեկչական օպերացիան էր, որը ստացել էր իր իսկ հաստատումը, և որի ձախողման համար ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Հետագայում, իհարկե, քրեական հետապնդումը կասեցվեց, քանի որ իբր ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն էր առաջացել, որը, թերևս, արդեն ավարտին է հասել:

Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում էլ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:

«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունն ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք: Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանն ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ հունիսի 28-ին 24TVի հետ հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը նույն տրամաբանության մեջ հայտարարել էր.

«Իսկ Ջալալ Հարությունյանին թողնված ճակատը, որ թողել էին անձամբ իր կառավարմանը, իր հրամանատարության ներքո, ինչի լիարժեք ՊԲ-ի պաշտպանության ճակա՞տ էր: Եկեք ազնիվ լինենք, ասենք, որ Քարվաճառը հանել էինք իր ենթակայության տակից, ինքը չէր վարում Քարվաճառի ուղղությամբ մարտական գործողությունները, այլ դա պատկանում էր ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսին, ՊԲ 9-րդ ՊՇ-ն էլ լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված, և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇ-ն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»:

Ջալալ Հարությունյանն արցախցի գեներալ է, 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ մեկ ամիս ՊԲ հրամանատարն է եղել, ինչո՞ւ են իշխանությունները, գոնե մինչ այս պահը, փորձում նրան փրկել, գուցե պատճառն այն է, որ, մասնավորապես, հակահարվածի հայտնի օպերացիան Նիկոլ Փաշինյա՞նն է հաստատել, կամ գուցե Ջալալ Հարությունյանը շատ բան գիտի և մի օր կարող է խոսե՞լ: Մյուս կողմից, ՊԲ նախկին հրամանատարն ադրբեջանական ցուցակում է, որը, թերևս, Նիկոլ Փաշինյանի ձեռքում ինչ-որ առումով զսպող «հաղթաթուղթ» է:

Փաստ երկրորդ

2020-ի հոկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել էր ժողովրդին, որտեղ, մասնավորապես, ասել էր.

«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:

Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին»:

Այնուհետև Փաշինյանը շարունակել էր. «Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար»:

Եվ սա ասվել է այն դեպքում, երբ հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահը հերթական անգամ առաջարկել էր կանգնեցնել պատերազմը, իսկ ՀՀ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանին նման առաջարկ ևս արվել է, թեև նիստի մասնակիցները համաձայնել էին դրան, այդուամենայնիվ պատերազմը չկանգնեցվեց: Իսկ 2020-ի հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ՝ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա», ապա խոսել էր ՀՀ-ի՝ ցավոտ փոխզիջումներին պատրաստ լինելու մասին:

Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի պաշտոնը ստանձնել էր Միքայել Արզումանյանը, որն այսօր դեռ անազատության մեջ է ավելի քան 9 ամիս: Նա մեղադրվում է «Արեգասարի» բարձունքից նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:

Ի դեպ, հուլիսի 6-ին գեներալ Արզումանյանը հայտարարություն էր տարածել, պնդել էր, որ որպես թիրախ է ընտրվել: Հնարավո՞ր է՝ հենց 2020-ի հոկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հանրությանը խաբում էր՝ ասելով, որ պատերազմի շարունակության ամեն վայրկյանը փլուզելու է հենց Ադրբեջանի իլյուզիաները: Ինչո՞ւ դա չեղավ, Գերագույն հրամանատար Փաշինյանը դեռ չի պատասխանել: Պատասխան, իհարկե, լինելու էր՝ ՊԲ-ն և արցախցի գեներալները պիտի կարողանային…..

Ի դեպ, այս պահին Ադրբեջանում կալանքի տակ են պահվում ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Հիշեցնենք նաև, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների և 44-օրյա պատերազմի օրերին Արցախում գտնվող իրենց զինվորական համարող որոշ մարդիկ փորձում էին Հադրութի անկումը գցել միայն գեներալ Մանուկյանի «գրպանը», իսկ գեներալ Մնացականյանին կապել Շուշիի անկման հետ, քանի որ Ավետարանոց-Սղնախ հատվածում հակառակորդի ստորաբաժանումներին Շուշիում ու մոտակայքում տեղակայված հիմնական ուժերից «կտրելու» մասին Սամվել Բաբայանի առաջարկած օպերացիայի պլանի քննարկմանը նա ներկա է եղել:

Մամուլում նույնիսկ տեղեկություն էին շրջանառել, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարցաքննվել է 2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի պարտականությունները ստանձնած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝  Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու դրվագով:

Ավելի ուշ ArmLur.am-ի հետ զրույցում, որտեղ էլ նշված տեղեկությունը շրջանառվել էր, Լևոն Մնացականյանը հերքել էր Արզումանյանի դեմ քրեական գործով Շուշիի հետ կապված դրվագով հարցաքննվելու լուրը և հայտնել, որ վկայի կարգավիճակով այլ քրեական գործով է հարցաքննվել:

Ի դեպ, պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի նոյեմբերի 21-ին, գեներալ Մնացականյանը «Հրապարակի» հետ զրույցում Շուշիի անկման հետ կապված հարցին ի պատասխան՝ նշել էր.

«Ես չգիտեմ, թե Շուշին հանձնելու պատճառը որն է եղել, ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան»:

Թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գեներալների Ադրբեջանում պահվելու մասին, պարզ չէ:

Տեսանյութեր

Լրահոս