ԷՍ ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉԻ՞ Է ԱՆՈՒՄ, ՇԱՆ ՊԵՍ ԶԳՈՒՄ Է՝ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ. ԱԼԻԵՎԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԵՐԿԻՐ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն է:
Արման Թաթոյանին մեր առաջին հարցը հետևյալն էր՝ ի՞նչ կզգար ինքը՝ որպես «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, եթե իր լուսանկարով նախընտրական գովազդային վահանակ տեղադրեին Բաքվում, ինչպես, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին են գովազդում Բաքվի կենտրոնական փողոցներում:
«Գնայինք, մեռնեինք էլի… ի՞նչ պետք է զգայինք… Ավել բան չես կարող ասել, երբ տեսնում ես, որ Փաշինյանի նկարը հայտնվել է Բաքվի գովազդային վահանակներին»,- պատասխանեց նա:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Փաշինյանի համար քաղաքացին, մարդը որևէ արժեք չունի: Մարդն ընդամենը գործիք է իր իշխանությունը պահելու համար: Նիկոլ Փաշինյանի նման պաթոլոգիկ ստախոսի ու վախկոտ մարդու համար պաթոլոգիկ սինդրոմ է մեղքը բոլորի վրա գցելը: Իրենց ամեն ձախողման համար բոլոր մեղավոր են՝ նախկինները, ռուսները, բոլորը, բացի իրենցից ու Ադրբեջանից… ԱԺ նախագահ ունենք, որ քաղաքացի է տեսնում՝ թքում է, հայտարարում է՝ մեր անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է: Անձամբ իրենց անվտանգության երաշխավորն է Ադրբեջանը:
- Մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ գործ ունեն պաթոլոգիկ խաբեբայի հետ: Մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են: Դրա համար սրանք ամեն ինչ անում են, որ մարդկանց հեռու պահեն ընտրություններից, որ քիչ մասնակցություն լինի: Սարսափելի վախենում են քաղաքացիներից, դրա համար ամեն ինչ անում են, որ մարդիկ չգնան ընտրությունների:
- Ադրբեջանում հիմա պետական ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են անում, որ պետք է ամեն ինչ անել, որ ՔՊ-ն ու Փաշինյանը վերընտրվեն, մնան իշխանության: Ես դրա կոնկրետ ապացույցներն ունեմ ու դրանք ներկայացնելու եմ ԵՄ դեսպանին: Ես սա անվանում եմ տասովշիկություն: Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ամերիկյան իրականությանը բնորոշ waterboy-ի դերում:
- Պարզապես ամոթ է, մեր պատմության ընթացքում մենք նման ղեկավար երբեք չենք ունեցել: Դու ինչքա՞ն ես ձախողել մեր անվտանգության համակարգը, որ պատերազմով, Ալիևով ես վախեցնում հայ մարդուն: Տղա՞ ես բերում մեզ վրա: Մեր ժողովուրդն իր քվեով դրա պատասխանը պիտի տա: Ես չեմ պատկերացնում, որ որևէ երկրում այսպիսի ղեկավար կարող են ունենալ:
- Ադրբեջանը, որի ծրագիրը քեզ ոչնչացնելն է, թույլ չի տալիս մեր պետությանը բանակը զարգացնել: Բա ո՞նց մենք պաշտպանենք մեզ, մեր երկիրը: Փոխանակ բանակը վերազինենք, զարգացնենք, որ դեռ մի բան էլ, եթե թշնամին իրեն մի բան թույլ տա, տանք աչքը հանենք, որ իր տեղն իմանա, մեզ ասում են՝ չեք կարող բանակը զարգացնել…
- Կառավարության առանձնատներում ապրող 4 ընտանիքների համար մենք բոլորիս գրպաններից վճարում ենք 621 միլիոն դրամ: Ու այս թիվը պրոգրեսիայով աճում է: Հիշո՞ւմ եք, որ 2024թ. կառավարության նիստում ասաց՝ ցուրտ է, մրսում ենք: Դրանից հետո առանձնատան ծախսերը 18 միլիոնով ավելացրել են: Բա էդքան պարգևավճար ես քեզ գրում միլիոններով, ի՞նչ ես անում էդ գումարը, հե՞տ ես գցում… Փոխարենը՝ որպես ընտրակաշառք՝ 10 000 դրամով մեր թոշակառուների թոշակը բարձրացրել են, ամեն օր երեսով են տալիս մարդկանց, թե՝ տեսեք՝ ինչքան մեծ լավություն ենք քեզ արել…

- Ես որ մտածում եմ՝ ովքեր են իմ, իմ երեխաների, ընկերների, բարեկամների ճակատագրերի համար որոշումներ կայացնում, խելագարվում եմ… Չպետք է թույլ տանք, որ այս մղձավանջը երբևէ մի օր կրկնվի…
- Ես պետական ապարատում երկար ժամանակ աշխատել եմ: Շատ բարեխիղճ ծառայողներ կան միջին ու ցածր օղակներում՝ պարկեշտ պրոֆեսիոնալներ, որոնց աշխատավարձը շեշտակի ցածր է վերնախավի աշխատավարձերից: Մենք թասիբով, պատվով մարդիկ ունենք պետական ապարատում աշխատող, ովքեր սրանց ֆոնին ստվերում են մնում: Փորձի մեկը շեղվի իրենց գծից, նամուս, թասիբ, հայկականություն ցույց տա, նույն վայրկյանին սրանք կպատժեն, կազատեն աշխատանքից և այլն… սա անթույլատրելի է…
- Բանակի, 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական վարույթներն ամբողջությամբ քաղաքական էին: Այս իշխանության գլխավոր մոտիվացիան հանցանքն իրենց վրայից մաքրելն էր: Շան պես զգում են, որ եթե հանկարծ իշխանություն փոխվի, մինչև վերջ քննվելու են բոլոր վարույթները, ամեն մեկի պատասխանատվության շրջանակը հայտնի է դառնալու:
- Եվրոպական գագաթնաժողովը կարևոր միջոցառում էր, թանկ, բայց մեզ ոչինչ չտվող: Մենք շոշափելի որևէ օգուտ այդ միջոցառումից չստացանք: Իսկ Ալիևի ելույթի ժամանակ Փաշինյանի պահվածքն ամոթալի էր: Էս ի՞նչ էր քո վիճակը, էդ ալիևամոլությամբ էնքան ես տարված, դու ո՞նց ես նվաստացնում մի ողջ ժողովրդի: Ալիևի ելույթն ամբողջովին ատելության ելույթ էր՝ ոչ միայն Արցախի, այլև՝ ողջ հայ ժողովրդի համար: Ու դրանից հետո Փաշինյանն ասում է՝ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր: Արցախցին իր ինքնորոշման իրավունքն էր իրացնում: Արցախյան առաջին պատերազմը դրա մասին էր, դրանով մենք խուսափեցինք ցեղասպանությունից: Բայց պարտվելով 44-օրյա պատերազմում՝ Փաշինյանը դուռ բացեց նոր ցեղասպանության համար: Արցախն իմ հայրենիքն է, իմ հայկական ինքնության մասը: Սա իմ համոզմունքն է: Արցախցիների նկատմամբ որևէ խտրականություն չպետք է լինի, մենք նույն ժողովուրդն ենք, նույն միս ու արյունը: Արցախցիների վերադարձն իրենց բնօրրան արդարության համար է, Հայաստանի անվտանգության համար է: Սա լուծվող հարց է: Իմ ամբողջ կյանքում ես զբաղվել եմ միջազգային իրավունքով, նման հարցերով: Արցախցիների վերադարձի հարցը լուծելի հարց է, բայց դրա համար պետության ղեկին խելքը գլխին, մասնագետ մարդ պետք է լինի:
- Ադրբեջանից 2 դույլ ցորեն ու 2 կանիստր բենզին են ստանում, ողջ աշխարհում մաքրում Ալիևին, Ադրբեջանը ներկայացնում՝ որպես հումանիստ պետություն: Սրանք նույնիսկ Հայաստանի տեղը քարտեզով չգիտեն, հարցազրույցներում այնպիսի մտքեր են հայտնում, ապշում ես: Մի կին պատգամավոր կա, ասում է՝ էս ցորենը միանգամից Ադրբեջանից է գալիս: Էլ չգիտեն՝ ոնց անեն, որ Ալիևի դուրը գան:
- Ես չեմ կասկածում, որ իշխանությունից զրկվելուց հետո ՔՊ-ի ապահով կյանքն Ադրբեջանն է ապահովելու:
- Հայաստանում հաստատվելու է այնպիսի իշխանություն, որտեղ լինելու է իրավունքի գերակայություն և լիարժեք գործող անկախ դատական համակարգ: Այս իշխանության կառավարման բոլոր տարիների ընթացքում ցանկացած դրվագ, որն առերևույթ հանցակազմ կպարունակի, պիտի քննվի լիովին:

- Մի հանցավոր գործունեության սխեմա ևս ասեմ՝ ազգային ինքնության վերացումը:
- ՔՊ-ական համայնքապետեր, խելքներդ գլուխներդ հավաքեք: Դուք ո՞վ եք եղել ձեր կյանքով, որ մարդկանց տեղերում ահաբեկեք: Մեր ժողովրդին պաշտպանելու ենք: Աբիժնիկի կյանքով ապրածներն իշխանություն են ստացել, հիմա էլ մուռ են հանում մեր քաղաքացիներից, վախեցնում մեր քաղաքացիներին: Մարզպետներն ուղիղ մասնակցում են ռեպրեսիաներին: Սա հանցավոր սխեմա է իշխանությունը պահելու համար:
- Մեր ժողովուրդը Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքներից չի վախենում: Ընդհակառակը, ուզում է ուժեղ բանակ: Նա խաղաղության փուչիկ է ստեղծել, Ալիևով շանտաժ է անում ժողովրդին: Հայաստանում ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ չկա, որը պատերազմ է ուզում: Սա Փաշինյանի լարած թակարդն է:
- Փաշինյա՛ն, բա անվտանգության համակարգից ի՞նչ կա: 8 տարի իշխանության լինելով՝ երկրի անվտանգության համակարգը նենց ես քայքայել, որ ուրիշ երկիր մեզ սպառնում է պատերազմով, դու էլ ասում ես՝ ես չլինեմ, պատերազմ կլինի… Սա՛ է նրա խաղաղության կոնցեպցիան: Հլը սրա խորամանկության ու դիշովիության աստիճանը նայեք: Որպեսզի էսօր կարողանա խաղաղության մասին խոսել, 2025թ.-ի ադրբեջանական ներխուժումներն իմացել ու թաքցրել է, որ խաբի մեր ժողովրդին: Դու ո՞վ ես ընդհանրապես, որ իմ երկրին ու ժողովրդին վերաբերող հարցերը կոծկես:
- Ասում են՝ սահմանազատմամբ ադրբեջանցիների ներխուժման հարցը կլուծվի: լո՞ւրջ եք ասում, տենց շուստրի քանի՞ ախպեր եք: Ուրեմն Ադրբեջանն էդքան առաջ է եկել, ամրացել, խորացել է, որ մի թղթով դո՞ւրս գա: Էս որ քո սահմաններում ադրբեջանցիները նստած են, քո ասած իրական Հայաստա՞նը չէ, Ջերմուկում խոշտանգված Գայանե Աբգարյանը քո իրական Հայաստանո՞ւմ չի խոշտանգվել, այ պաթոլոգիկ ստախոս: Իրենք աչքի լույսի պես փայփայում են միայն իրենց անձնական անվտանգությունը:
- Մինչև հիմա Սոնա Մնացականյանի գործը բացահայտված չէ, պատժված չեն հանցանք կատարած անձինք: Հղի կնոջ են սպանել Փաշինյանի ավտոշարասյան կողմից: Ռադիոկապի սարքերն ինչո՞ւ են փչացվել, ինչո՞ւ չեն ներկայացվել փորձաքննության: Մենք բոլորս իրավունք ունե՞նք կասկածել, որ եթե տանեին, կպարզվեր Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ու դերակատարությունը: Դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ:
- Ես մեր ժողովրդին միշտ ասում եմ՝ ձեզ մոտ գալիս եմ բաց ճակատով: Իմ ողջ կյանքն ու գործունեությունը ձեր աչքի առաջ է եղել: Մեր երկրին իրականում պետք են արդարամիտ, խելացի, Հայրենիքը սիրող ղեկավարներ:

- Մենք հետևողականորեն պետք է զարգացնենք եվրոպական երկրների հետ հարաբերությունները: Սա չի քննարկվում: Մենք պետք է նաև Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնենք, բայց գնանք առանձին ճանապարհով: Իշխանությունը խաբում է մեր ժողովրդին: Իրենց եվրոպական արժեքները խորթ են, իրենցն Ադրբեջանն է: Բացի դրանից, ԵՄ գնալն այսօր իրատեսական չէ, մեզ Եվրոպայում այսօր չեն սպասում: Դուք Եվրոպայի հետ ի՞նչ կապ ունեք: Հանրապետության նախագահ ունես, որը միայն մահացած մարդկանց հետ սելֆիներ է անում դագաղի կողքը ու ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի կցորդ է:
- Պետական մարմինները քաշել է իր տակ, ինքն իրեն պատկերացնում է՝ որպես ԱԱԾ տնօրեն, օպերլիազոր, քննիչ, դատախազ, դատավոր, դռան պահակ: Էս ամեն ինչը ժողովրդավարության հետ կապ չունի: Դրա համար այսօր մեր պաշտոնյաները պաշտպանված չեն:
- Եթե չեք խաբում մեր ժողովրդին, ասե՛ք՝ վիզաների ազատականացումը կոնկրետ ե՞րբ է լինելու: Մինչև տարվա վե՞րջ…Ե՞րբ… 8 տարի ի՞նչ եք արել, ձախողել եք ամեն ինչ: CEPA-ի իրականացումը ձախողել եք: Սա այն կարևոր փաստաթուղթն էր, որով մենք պետք է մոտենայինք Եվրոպային, բայց ոչինչ չեն արել այն իրականացնելու համար: Այո՛, կրկնում եմ, պետք է զարգացնենք հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, բայց ոչ երբեք՝ գործենք ընդդեմ Ռուսաստանի: «Կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի հետ» քաղաքականությունը սխալ է: Պատկերացրե՛ք, վաղն արթնանանք ու իմանանք՝ գազի գինը թանկացել է, ի՞նչ է լինելու: Այս իշխանությունն է խորացրել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Խոսում ես Ռուսաստանից կախվածությունից, բայց Հայաստանում երբեք ոչ մի իշխանություն մեզ Ռուսաստանից այս աստիճանի կախվածության մեջ չի գցել: Հայաստանի շահը պահանջում է որևէ երկրի հետ ոչ մի դեպքում չթշնամանալ:
- Էս լաչառությունն ինչի՞ է անում, ինչի՞ է ղժղժում, անմակարդակ բառապաշարով խոսում: Ամոթ է, տղա չե՞ս, էս ի՞նչ ես անում: Բայց դա անում է, որ ցույց տա, թե իբր ինքն Ալիևի մարդը չի, որ իրեն չհարցնեն իր տված ու չկատարած խոստումների մասին:
- Ասում էր՝ 2050 թվականին 5 միլիոն է լինելու բնակչության թիվը Հայաստանում: Փոխարենը՝ մեզ դարձրել են ծերացող հասարակություն…
- Ստահակն էն մա՞րդն է, ով հնչեցնում է պատերազմի զոհերի 5000 թիվը, թե՞ այն մարդը, ով նսեմացնում է երկու պատերազմների զոհերին, անարգում բոլոր ընտանիքների զոհողությունները, արյունը, որ թափվել է, մեր նահատակներին: Նման երկրի ղեկավար ունենալը մեզ չի սազում: Մարդիկ պետք է անունով իմանան՝ ովքե՞ր են զոհերը, ովքե՞ր են այս երկրի համար կյանք տվածները, ովքեր չեն մտածել իրենց կյանքի մասին, այլ իրենց երիտասարդ կյանքը տվել են Հայրենիքին: Մեր զոհերի անունները չեն հրապարակում, փոխարենն ասում են՝ կազմենք Ցեղասպանության զոհերի ցուցակները, ինչը Ցեղասպանությունը մերժելու՝ կարևորագույն թուրքական թեզերից է:
- Ես այս իշխանությունների օրոք Մարդու իրավունքների պաշտպան եմ եղել, շատ բաների միջով եմ անցել: Ինձ ասում էին՝ մի՛ գնացեք սահմանամերձ գոտիներ, մի՛ արեք մեզ ոչ ձեռնտու հայտարարություններ, որ ժողովուրդը չմտածի՝ մենք թույլ իշխանություն ենք: Ինձ համար կարևորն իմ երկրի շահն է, ինձ շատ պե՞տք է՝ դու քո պաշտոնը կպահե՞ս, թե՞ չէ: Դրա համար ՄԻՊ կառույցից մեքենաները վերցրեցին:

- Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը դարձրեց իր քարոզարշավի մաս: Ազգային իշխանություն ունենալու դեպքում այդ գագաթնաժողովի համար այլ բովանդակություն պետք է լիներ: Ադրբեջանի թեկնածուն Հայաստանի ընտրություններում Նիկոլ Փաշինյանն է: Այստեղ մենք պետք է ունենանք կոնսենսուս: Նա ոչ մեկի մարդը չէ. մի մարդ կա, ում թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը: Դա Ադրբեջանն է:
- Ես կախվածություն չունեմ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ու չեմ ներկայացնում որևէ մեկի շահը: Միշտ առաջ եմ տարել ու առաջ եմ տանելու բացառապես Հայաստանի շահը:
- Ես էլ լինեմ, եթե հնարավոր լինի բարձրաստիճան ներկայացուցչական միջոցառում անել իմ երկրում, կանեմ, բայց կկառավարեմ բոլոր ռիսկերը: Երբ քո երկրից Զելենսկին հաթաթա է տալիս Ռուսաստանին, դու դառնում ես հարթակ, որից հրահրվում է կոնֆլիկտ: Հայկական կողմից հրահրվում է կոնֆլիկտ՝ առանց այն էլ պատերազմի մեջ գտնվող երկրների միջև, ընդ որում, այն երկրների, որոնցում երկուսում էլ հայեր են ապրում: Դա մեզ ի՞նչ տվեց:
- Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ են, ես ինքս հարցեր ունեմ ռուսական իշխանություններին: Ակնհայտ է, որ այս իշխանություններն են դրա պատճառը, բայց պետք է նստենք, քննարկենք: Բայց դա չի նշանակում, որ դու քո երկիրը պիտի կոնֆլիկտի հարթակ դարձնես:
- Մեր երկիր գալուց 9 օր առաջ Զելենսկին եղել էր Ադրբեջանում, Ադրբեջանի հետ համատեղ 6 պայմանագիր էր ստորագրել: Բա թող էնտեղից աներ իր հայտարարությունները Ռուսաստանի դեմ, ինչի՞ չարեց:
- Բա լինես երկրի ղեկավար, նման բարձր կարգի միջոցառում լինի քո երկրում, մի հատ հարց չբարձրացնե՞ս սահմանազատման, Արցախի էթնիկ զտումների, Ադրբեջանի այլ հանցանքների մասին:

- Այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է՝ հանուն պաշտոնի ու իշխանության: Մեր ժողովրդին ուզում եմ խնդրել՝ սա նկատի ունենան ու անպայման գնան ընտրության: Ժողովուրդ ջան, վերահսկել չեն կարողանալու, գնացեք, ընտրեք ընդդիմադիր թեկնածու: ՔՊ-ի համար մղձավանջ է իշխանություն կորցնելը: Ես ուզում եմ մեր պետական մարմիններին խնդրել՝ ամոթ է մեր երկրի համար նման ղեկավար ունենալը: Ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին՝ տղերք ջան, ո՞վ է այս մարդը, որ ձեզ խաղացնի, օգտագործի իր շահերի համար: Մենք արժանապատիվ ծառայողներ շատ ունենք, տուրք չտաք անօրինական հրամաններին: Մենք էս երկիրը փրկելու առաքելություն ունենք: Մենք ուրիշ գնալու տեղ չունենք: Սա մեր հայրենիքն է: Ես բռնություններին բացարձակ դեմ եմ, Փաշինյանի համար էլ եմ երաշխավորում իրավունքի գերակայություն: Բոլոր իրավիճակների, այդ թվում՝ հետընտրական փողոցային պայքարի համար բոլոր սցենարներն ունենք, ամեն ինչ մտածել ենք, որովհետև, կրկնում եմ, սրանք ընդունակ են ամեն ինչի: Ալիևի թեկնածուին երկիր չենք տալու: Բա մենք չե՞նք ուզում ղեկավարություն, որի համար ամոթից գետինը չմտնենք: Մեզ պետք չի ղեկավար, որ միջազգային հանդիպումների է գնում, որ խնձոր ուտի, վարագույրները ճղճղի, հետո դա նկարի, գցի Ֆեյսբուք: Շատ ծանր գին վճարեցինք, բայց ես ուզում եմ, որ այս արատավոր շրջանը դաս լինի, որ այլևս երբեք նման իշխանություն չունենանք:
- Փակում են Սյունիքի Դավիթ-Բեկ գյուղի դպրոցը, ուր սովորել է Արամ Մանուկյանը: Փոխանակ աչքի լույսի պես պահեն, երեխաներին տանեն, ցույց տան, փակում են:
Մանրամասները՝ տեսանյութում:



