Չկրակված «անպիտան հրթիռների» հնարավոր թիրախները և ազատ արձակված Դավիթ Տոնոյանի գնահատականի «տողատակերը»
Օգոստոսի 15-ին հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել՝ երկու տարի, 10 ամիս, 17 օր կամ 1051 օր անազատության մեջ լինելուց հետո:
Տոնոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանի դիտարկմամբ, իրավիճակը փոխվել է մեղադրող կողմի հրավիրած վերջին վկայի հարցաքննությունից հետո, մանրամասներ չեն նշվում:
Ինքը՝ Դավիթ Տոնոյանը, «Ազատության» հետ զրույցում՝ հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ այս տարիների ընթացքում իրեն ազատ արձակելու բազմաթիվ միջնորդություններ մերժած դատավորը նման քայլի գնաց, պատասխանել է.
«Էս պահին եղել է դատավորի որոշումը, որը որևիցե ձևով ես քաղաքական անվանել չեմ կարող։ Կարծում եմ՝ դատարանն ուղղակի գտավ, որ արդեն նվազել է իմ ազդեցությունն, այսինքն՝ ապօրինի ազդեցության մակարդակը, դրա համար էլ որոշում կայացրեց»:
Հակադարձմանը՝ կա՞ այստեղ քաղաքական գործոն, Տոնոյանը խոստացել է բոլոր քաղաքական խնդիրների վերաբերյալ հետագայում խոսել, ինչպես նաև դատավարությունից՝ դեռ առիթ կլինի:
Այստեղ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին հիշեցրել են, որ ինքը հայտարարել էր՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում է, ավելին, այդ հետապնդումն ուղղորդվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:
168.am-ին տված հեռակա հարցազրույցում Դավիթ Տոնոյանը նույնիսկ ասել էր. «Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ»:
«Ազատության» հետ զրույցում նախկին նախարարը նշել է՝ ասվածին ավելացնելու բան չունի, իհարկե, հետագայում դեռ կխոսի՝ «առավել, քան նախկինում ասել եմ, հիմա ոչ մի բան չեմ ավելացնի»:
Փաստորեն Դավիթ Տոնոյանը, ով շարունակում է իրեն առաջադրված մեղադրանքը չընդունել, հաստատում է նախկինում ասվածը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդման փաստը, պարզապես դեռ չի ցանկանում խոսել դրա պատճառների մասին՝ դա անձնական տիրույթո՞ւմ է, 44-օրյա պատերազմի համատեքստո՞ւմ, թե՞ այլ հանգամանքներով է պայմանավորված:
Ինչ վերաբերում է դատարանի որոշման մասին նրա գնահատականին՝ «դատարանն ուղղակի գտավ, որ արդեն նվազել է իմ ապօրինի ազդեցության մակարդակը, որևիցե ձևով ես քաղաքական անվանել չեմ կարող», կարո՞ղ ենք ենթադրել, որ այստեղ կան որոշակի տողատակեր:
Այն է՝ մինչև այս պահն իր հնարավոր ազդեցությունը կալանքից չազատելու հիմք տեսնելը դատարանի կողմից՝ եղել է ապօրինի, և հիմա օրինական որոշում է կայացվել, որը կարող է քաղաքական վերնախավի սրտով լինել կամ չլինել:
Իհարկե, չի բացառվում, որ հարմար պահի քաղաքական ղեկավարությունը և Նիկոլ Փաշինյանը կարող են, ըստ քաղաքական հարմարության, մեկնաբանել կամ օգտվել, փորձել դիվիդենտներ շահել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ազատ արձակվելու փաստից և դատարանի համապատասխան որոշումից: Այս և նման զարգացումների դեպքում Դավիթ Տոնոյանի արձագանքը թողնենք ժամանակին:
Իսկ հիմա, թերևս, հարկ է հիշատակել Ավետիք Իշխանյանի գրառումը՝ «Ողջամիտ ժամկետ» վերտառությամբ:
«3 տարի կալանքի տակ մնալուց հետո, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հարց է առաջանում՝ մի՞թե 3 տարին բավարար չէր դատարանում Դավիթ Տոնոյանի մեղքն ապացուցելու և համապատասխան դատավճիռ կայացնելու համար։ Բնականաբար հնարավոր էր։ Եվ ոչ միայն Դավիթ Տոնոյանի դեպքում։ Ահա արդեն 1 տարուց ավելի է, որ կալանքի տակ է Արմեն Աշոտյանը։
Եվ այսպես բոլոր ընդդիմադիր գործիչների դեպքում։ Եվ նորից հարց է առաջանում, ի՞նչ է նշանակում «ողջամիտ ժամկետ» կոչվածը ՝ 3, 4, 5, թե՞ 10 տարի։
Ի՞նչ է կատարվում իրականում։
Իրականում, գարշապետի հրահանգով, նրա գրպանային իրավապահ կոչվող մարմնի մասերը շինծու քրեական գործեր են թխում և մեղադրանքներ առաջադրում տարբեր գործիչներին, դատավորներն էլ կալանքի որոշումներ կայացնում։ Բայց նույնիսկ այդ նույն դատավորները ձգձգելով գործերը՝ չեն համարձակվում ոչ մեղադրական դատավճիռ կայացնել, առավել ևս սարսափում են արդարացման որոշում կայացնել։
Այսպիսով, կալանքը կիրառվում է որպես պատիժ, իսկ կալանքի տևողությունը, այն է՝ պատժաչափը, որոշում է նույն գարշապետը»:
«Հրթիռների գործը» դատարանում է մոտ 2 տարի, իսկ դրա հարուցման մասին հայտնի էր դարձել 2021-ի սեպտեմբերին: Եվ այս ընթացքում իշխանությունները չեն համարձակվել գնալ դրանց փորձարկման, այսինքն՝ չի ապացուցվել նրանց մեղադրանքը դրանց անպիտան լինելու վերաբերյալ:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել էր Տոնոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը, ««գեթ մեկ հրթիռ չի կրակվել՝ պարզելու, թե դրանք պիտանի՞ են, թե՞ ոչ, նման փորձաքննություն չի իրականացվել»:
168.am-ը մանրամասն անդրադարձել էր Փաշինյանի վրեժխնդրության ռազմական հետևանքներին՝ Հրթիռների գործից մինչև պլատաների գործ, և, որ այդ ռազմական մեղադրանքները հօդս են ցնդել և ցնդում։
Հրթիռների գործով ցանկացած դատավճիռ Նիկոլ Փաշինյանի դեմ է աշխատելու. մեղադրականի դեպքում հիշեցնելու են, որ այդ հրթիռները Փաշինյանի օրոք են մատակարարվել բանակին, իսկ գործով անցնողների (ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք) արդարացման դեպքում հաստատվելու է Փաշինյանի քաղաքական կամ անձնական վրեժխնդրության փաստը, որից, իհարկե, տուժել է բանակի հեղինակությունը:
Բայց այստեղ մտածելու բան ունեն նաև Տոնոյանի ձերբակալման հարցով Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցությանը մասնակցած պաշտոնյաները, ինչին 168.am-ն անդրադարձել էր:
Սրա շուրջ գաղտնազերծում էր արել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:
«Տոնոյան Դավիթին տարան փակեցին, 2 ամիսը մեկ դատ լինի թե չլինի: 3 տարի է՝ նստած է, բա որ արդարացրին: Ես գիտեմ, որ հիմքեր չկան, չկան հիմքեր: Ու ինձ Տոնոյան Դավիթի ձերբակալողը խոսք է տվել՝ եթե իրան չհաջողվի դատել Տոնոյան Դավիթին, տեսեք ինչ եմ ասում, որովհետև ես դեմ եմ եղել… Ես ասեցի՝ հիմքեր չկան: Հետո հարցրի՝ վստա՞հ ես, ասեց՝ հա: Ասեցի՝ եթե էս մարդն արդարանում է, դու քո ուսադիրները պոկո՞ւմ ես, ասեց՝ հա: Տղամարդու խոսք է տվել, օրը կգա, կհիշեցնեմ: Էս խոսակցությունը եղել է վարչապետի ներկայությամբ: Իզուր տեղը թող նամակներ չգրի՝ Կարապետյան Արշակը սենց արեց… նամակագրությունով թող չզբաղվի: Նորից եմ ասում՝ Էս խոսակցությունը եղել է վարչապետի ներկայությամբ»,- մանրամասնել էր նա:
Չմոռանանք նաև, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատերազմի պարտության մեղքը փորձել է գցել «անորակ հրթիռների վրա», երբ դատարանը համապատասխան որոշում չի կայացրել:
Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի ազատման արձագանքներին և հիշեցումներին, որ նա պատերազմը տանուլ տված նախարար է, ապա 44-օրյա պատերազմին առնչվող դեռ շատ հարցերի Դավիթ Տոնոյանը պիտի պատասխանի, և ոչ միայն նա: Եվ քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր արածի և չարածի համար:
Բայց այս դեպքում խոսքն այլ գործի մասին է, և մեկը մյուսին չպետք է խառնել՝ անկախ անձի հանդեպ վերաբերմունքից: Իսկ թե որքանով Դավիթ Տոնոյանը կալանքի ժամանակ իր անուղղակի ներկայացրած «քաղաքական հայտը» գործնականի կվերածի և կանի՞ դա արդյոք, ժամանակը ցույց կտա: Ի դեպ, լավ կլինի, որ հասարակությունը պահանջատեր լինի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի նկատմամբ, որոնցով դատավարությունները դռնփակ են նաև ընթանում, և հանրությունը չի իմանում ճշմարտությունը, իսկ որոշ մանր-մունր գործեր էլ, եթե կարելի է այդպես ասել, կարճվում են, բայց հասարակությունը դրա մասին կամ իմանում է և առանձնապես ոշադրություն չի դարձնում, կամ էլ չի իմանում: