Հրթիռների գործից մինչև պլատաների գործ. Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքները

Պետբյուջեից 100-200 միլիոն դոլար Փաշինյանը ծախսել է ռազմական ոլորտում ինքնագովազդի համար

Ուղիղ մեկ տարի է, ինչ «հրթիռների գործը» դատարան է մտել, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:

2022թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ «հրթիռների գործը» առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվելու է Հակակոռուպցիոն դատարան, ինչը և արվեց: Երկու դեպքում էլ դատական նիստերն անցկացվել են ընդմիջումներով, այսինքն, ի սկզբանե անլրջություն է դրսևորվել: Այս պահի դրությամբ արդեն հետազոտվել են հրթիռների գնմանը վերաբերող փաստաթղթերը, որոնք, օրինակ, ըստ Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի, մեղադրական առումով ոչինչ չեն հիմնավորում:

Կարդացեք նաև

Այսինքն, սկզբնական շրջանում հնչեղություն ստացած գործի շրջանակում ոչ մի նոր բացահայտում չի արվել, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը բնավ էլ բանակի զարգացմանն ու մարտունակությանը վնասող դեպքերի բացառումը չէ, այլև՝ սեփական քաղաքական ցանկությունների բավարարումը:

Եվ ոչինչ, որ նախքան «հրթիռների գործը», 2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.

«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:

Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե: Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, բայց արի ու տես, որ 2019-ին հպարտանում էր նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով, այդ թվում՝ Հորդանանից Հայաստան բերված «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներով, որոնք մեր երկրում մոդեռնիզացիա անցնելուց հետո միայն կիրառվեցին:

Իսկ թե որքանով կամ ինչ կերպ է այս պահին Նիկոլ Փաշինյանը օգտվում հրթիռների գործով անցնող և 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) ծառայություններից կամ կապերից, հայտնի չէ: Մյուս կողմից, որոշ ենթադրություններ կարելի է անել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի զենքի խնդրի կամ զենք գնելու անկարողության մասին հայտարարություններից, նաև այն, որ հորդանանյան «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ կնքված և այնուհետ ՀՀ-ի կողմից միակողմանի չեղարկված գործարքում Դավիթ Գալստյանի «մատը խառը» չէր:

Այն, որ հրթիռների գործը զուտ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակների և վրեժխնդրության տրամաբանության մեջ է, ժամանակ առ ժամանակ փաստաբանական խմբի միջոցով հիշեցնում է նաև Դավիթ Տոնոյանը՝ դրա համատեքստում տեսնելով նաև իր խափանման միջոցը չփոխելու դատական որոշումները, վերջին անգամ դա արել է հունվարի 11-ին:

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռևս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարևոր նշանակություն և էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման և գնահատման համար»: Դատարանը նաև «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները: Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին: Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների և մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի հերթապահության պատճառաբանություններով:

Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»:

Թե ի՞նչ կարող է եղած լինել Փաշինյանի և Տոնոյանի միջև, և արդյո՞ք այն միայն 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքների շրջանակում է, գուցե մի օր իմանանք, երբ, օրինակ, Դավիթ Տոնոյանը ավելի պարզ սկսի խոսել՝ արդյո՞ք գործ ունենք քաղաքական կամ ոչ քաղաքական վրեժխնդրության հետ, թե՞ ընդամենը ճնշումի, որպեսզի հանկարծ նախկին նախարարը 44-օրյա պատերազմի կամ դրան հաջորդած օրերից ինչ-ինչ բաներ հրապարակավ չպատմի:

Իսկ հրթիռների գործը միակը չէ, որը, ըստ էության, բանակին ոչինչ չի տվել, հակառակը՝ վարկաբեկել է:

Հրանոթի արկերի գործ. 2022-ի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանի օգոստոսի 11-ի որոշմամբ հրանոթի արկերի գործով անցնող և 2022-ի հունիսի 18-ին կալանավորված ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավով ազատ է արձակվում: Այս գործում ևս նոր բան չկա:

42 մլն դոլարի զենքի գործ. 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»:

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ԱԱԾ կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:

Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ շրջանառվեցին, թե խոսքը 2016-2017թթ. ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը:

2022-ի հոկտեմբերին ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, որ 42 մլն դոլարի զենքի գործն ԱԱԾ-ն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ-ից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել էին.

«Հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում»:

Զավեշտալին այն էր, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ Քննչական կոմիտեն հրապարակման ենթակա չէին համարել տեղեկատվության տրամադրում, թե արդյոք այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ, գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, թե՞ ոչ:

«Պլատաների գործ». 2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր, թե «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանելորոնց մեջ ոսկի կա»:

Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

2021-ին վերջին հայտարարության առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանել էին, որ 2019-ի օգոստոսին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, սակայն չէին նշել՝ կա՞ արդյոք մեղադրյալ:

Արդեն 2022-ի հոկտեմբերին 168.am-ը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ներառելով Նիկոլ Փաշինյանի 2 հայտարարությունները և փորձելով պարզել՝ ի՞նչ փուլում է գործի քննությունը, կա՞ մեղադրյալ կամ մեղադրյալներ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից հայտնել էին.

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ վարչապետի կողմից 2022թ. հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռևս 2019թ. օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»:

Այսինքն, ըստ նրանց՝ եղել է մեղադրվող պաշտոնատար անձ, իսկ թե ով է նա, դատախազությունը գաղտնի էր պահել, սակայն, այսպես ասած, գողի ինքնությունը պարզել չեն կարողացել, ուստի այս մասով հոդվածը կասեցվել է:

Շահե՞ց բանակը Փաշինյանի մանիպուլյատիվ և հիմնազուրկ, դատարկ այս հայտարարություններից, իհարկե՝ ոչ: Տուժե՞ց բանակի հեղինակությունը, իհարկե՝ այո:

Այս համատեքստում չենք կարող անտեսել Սու-30ՍՄ-երի պատմությունը, որոնց գնումը Փաշինյանի ընտանեկան թերթը համարել էր՝ «քայլ դեպի «սանձահարման» դոկտրին», այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մարտին հայտարարել էր՝ հրթիռները չեն հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։

«Մեզ ասում են՝ ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո, մենք ինքնաթիռն առել ենք, մայիսին ա էդ ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք․․․ Բա ինչի՞ չունի 26 տարվա պետությունը կործանիչ ավիացիա»,- ասել էր Փաշինյանը, ով հայտարարել էր նաև, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում 2020թ. հոկտեմբերին այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ Սու-30 կործանիչներն իրենց նշանակության և մարտական հնարավորությունների սահմանափակ ծավալով կիրառվել են:

«Չբացեմ փակագծերը՝ որտե՞ղ, ինչի՞ համար, ինչպե՞ս։ Սու 30-ներն ունեն բազում ֆունկցիաներ։ Կործանիչ ավիացիան ունի բազում ֆունկցիաներ. և հարվածային, և պաշտպանողական, և պատսպարման, և հետախուզական, և ռադիոէլեկտրոնային։ Դա բարդ զինատեսակ է, որն ունի ադապտացման և յուրացման տևական փուլ»,- նշել էր նա:

Իսկ 2022-ի սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում հարցին՝ «ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա», Փաշինյանը պատասխանել էր՝ «ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա»։

«Մյուս կողմից, չեմ կարծում եմ, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել էր նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:

Այսինքն, Սու-30ՍՄ կործանիչներն այսօր չեն կիրառվում, իրենց նպատակին չեն ծառայում: Ավելին, ինքը՝ Փաշինյանն էլ կասկածի տակ է դնում այդ կործանիչների արդյունավետությունը, որոնց հետ լուսանկարվում էր՝ ներկայացնելով այն՝ որպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՈՐԾԱՐՔ

Ժամանակին մասնագետները նշել էին, որ Սու-30ՍՄ մեկ կործանիչի արժեքը կարող է տատանվել 25-50 մլն դոլարի սահմաններում՝ չհաշված ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույքի, անձնակազմի (պատրաստման և աշխատավարձի) և այլ ծախսեր:

Ի՞նչ է ստացվում՝ 100-200 միլիոն դոլար պետական բյուջեից Փաշինյանը ծախսել է ընդամենը ինքնագովազդի համար. սրա պատասխանը ո՞վ պետք է տա, 42 միլիոնի «մետաղի ջարդոնից» խոսող Նիկոլ Փաշինյանը չի՞ ուզում պատասխանատվություն կրել: Մյուս կողմից, նա քավության նոխազ միշտ էլ կգտնի՝ ասելով՝ դե ես սպառազինությունից և ռազմական գործից չեմ հասկանում, ինչ պատվիրել են, դա էլ գնել եմ: Այսինքն, սովորության համաձայն՝ ստորագրել է մի բանի տակ, որը չի էլ կարդացել, ինչպես ԶՈՒ զարգացման պլանի դեպքում, ինչը ևս պատասխանատվություն է ենթադրում:

Տեսանյութեր

Լրահոս