Երբ են եղել Դավիթ Տոնոյանին առնչվող խորհրդակցությունները, ովքեր են մասնակցել նրան ձերբակալելու քաղաքական որոշման կայացմանը

 

2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին:

Հրթիռների գործով անցնող և ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել էր.

«Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»:

Կարդացեք նաև

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին մամուլը գրել էր, որ Դավիթ Տոնոյանին ձերբակալել են:

Մեկ օր հետո՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել էր տեղեկությունը և հայտնել, որ այսօր արդեն հայտնի հրթիռների գործի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ.-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ.-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Վերադառնանք Դավիթ Տոնոյանի ձերբակալման քաղաքական համաձայնությանն ու հայտնի խորհրդակցությանը:

168.am-ի տեղեկություններով, նման 2 խորհրդակցություն է եղել. Մեկը՝ Տոնոյանի ձերբակալման նախօրեին, մյուսը՝ ձերբակալման օրվա առավոտյան:

Առաջին խորհրդակցությանը, մասնավորապես, ներկա են եղել ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, այդ ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում պաշտոնավարման սահմանադրական ժամկետն ավարտվել էր 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, և ով 2023 թվականին հուլիսին գործուղվել էր հանուն Արցախի փրկության բողոքի ակցիային:

Այս խորհրդակցությանը ներկա է եղել նաև դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որն ավելի ուշ Հ1-ի եթերում պնդել էր, որ հրթիռների տեխնիկական անբավարար վիճակն արձանագրված է, և ոչինչ, որ փորձաքննություն չի արվել:

«Եթե նույնիսկ փորձարկման արդյունքում առանձին հրթիռներ կլինեն պիտանի և, օրինակ, կպայթեն, դա դեռ չի նշանակում, որ մնացածը ևս կպայթի: Բնականաբար, այդ պայմաններում նաև տրամաբանական չի, որ բոլոր 4232 հրթիռները պետք է պայթեցվեն՝ պարզելու համար՝ դրանք պիտանի՞ էին, թե՞ պիտանի չէին»,- նշել էր նա:

Իսկ խորհրդակցությանը, նշված անձանցից բացի, եղել են նաև այլ անձինք:

Հավելենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետն այդ ժամանակ Արթուր Պողոսյանն էր (2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 28-ը), գործող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր (02.03.2020-14.09.2022 թթ.):

Իսկ արդեն 2-րդ խորհրդակցությանը, մեր տեղեկություններով, ԱԱԾ պետն ու ՀՀ գլխավոր դատախազը ներկա չեն եղել:

Ի դեպ, 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր.

«Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․ ձեռնամուխ ենք եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռքբերմանը։

ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել»:

Այս հայտարարությամբ, ըստ էության, Դավիթ Տոնոյանը հաստատում է 168.am-ի վերոնշյալ տեղեկությունը` կայացած խորհրդակցությունների, դրանց մասնակցած անձանց վերաբերյալ, որոնց, այսպես ասած, մասնագիտական ու իրավական զեկույցների հիման վրա էլ Փաշինյանը կայացրել է քաղաքական որոշում՝ նրան նախ ձերբակալելու, այնուհետև կալանավորելու մասին:

Այս համատեքստում զենքի մատակարարման գործընթացի հետ կապված մի կարևոր փաստի վրա ուշադրություն հրավիրենք. 2021 թվականի նոյեմբերին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը նշել էր.

«Զենքի ամբողջ մատակարարման գործընթացը, այդ թվում՝ գնելը, տեղափոխելը և ընդունելը, վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից: Շատ կարևոր մի հանգամանք է սա, ինչն իրական կյանքում գոյություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ ԱԱԾ-ից ձերբակալվածներ չկան: Այսինքն՝ սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ այդ բոլոր պրոցեսները ժամանակին շատ լավ վերահսկվել են, խնդիրներ չեն եղել: Եթե որոշակի շեղումներ էլ եղել են, դա թույլատրվում է օրենքով: Պետական գնումների ընթացակարգերում կան նման հնարավորություններ»,- մասնավորապես, շեշտել էր նա:

168.amգրել էր, որ «անորակ հրթիռների» գործով ՊՆ և ԳՇ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքների առաջադրումից առաջ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի փետրվարին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.

«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:

Այսինքն, զենքի մատակարարման հետ կապված ձերբակալությունների մտադրություն Նիկոլ Փաշինյանն ավելի վա՞ղ է ունեցել, սակայն պատերազմի հավանականությունն աչքի տակ ունենալով, չի՞ գնացել դրան: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ ժամանակ մեղադրյալների ցուցակը լրիվությամբ նույնն էր լինելու:

Հիշեցնենք, որ «հրթիռների գործով» անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:

Ներկա դրությամբ միայն Դավիթ Տոնոյանն է գտնվում կալանքի տակ, նրանց, ում նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն էր ընտրվել, այս պահին ազատության մեջ են՝ Ավետիք Մուրադյան, Ստեփան Գալստյան:

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Տոնոյանն ակնարկել էր, որ իր ենթագիտակցությունը հուշում է՝ հրթիռների գործը ևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում է իր դեմ հարուցված:

«Լավ գիտեմ՝ ինչի համար եմ կալանավորված՝ պատերազմի արդյունքի, ոչ թե նրա, ինչը ձևակերպված է»,- շեշտել էր նա:

Թե որն է Նիկոլ Փաշինյանի՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության հիմնական կամ բուն պատճառը, հրապարակային տարբեր հայտարարություններ և ենթադրություններ կարող են լինել՝ ադրբեջանական պահանջից, 44-օրյա պատերազմի համատեքստում ինչ-ինչ հանգամանքներից մինչև անձնական խնդիրներ, որոնց մասին այս պահին դեռ հայտնի չէ։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին այցելել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որտեղ ևս չէր շրջանցվել Դավիթ Տոնոյանի թեման, մասնավորապես, նրա՝ կարճ տեսակցությունը մորը՝ 2023 թվականի օգոստոսին ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին:

Մասնավորապես, Փաշինյանը հետաքրքրվել է.

«Հիմա մենք համոզված ենք, որ այդ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են»։

Ի պատասխան՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել էր.

«Այո, պարոն վարչապետ: Կոնկրետ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարն այլևս չի աշխատում Քրեակատարողական ծառայությունում, նաև ստորին օղակի հենց ուղեկցողները հեռացված են համակարգից: Նաև խնդիր ունեինք դատավորի կողմից տրված այդ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է, քանի որ շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյո՞ք դա սովորական պրակտիկա էր, թե՞ ոչ, որովհետև քրեակատարողական ծառայության մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ 2023 թվականին նման քանի՞ դեպք է արձանագրվել, նախարարը զեկուցել է, որ վերը նշվածը եղել է միակ բացառիկ դեպքը:
«Կարևոր նյուանսը հետևյալն է՝ ես ուզում եմ մենք իրադրությունը ճիշտ գնահատենք, եթե կա այդպիսի պրակտիկա, պետք է շատ խստորեն կասեցնել, որովհետև դա առաջին հերթին մարդկանց վերաբերմունքն է ձևավորում պետության և իրավակարգի նկատմամբ:

Այսինքն, ըստ էության, մեր օրենսդրությունը նախատեսում է կալանավորված անձի ընդհուպ արձակուրդ, եթե այդպիսի անհրաժեշտություններ կան, որովհետև իրոք կարող են ծագել օբյեկտիվ անհրաժեշտություններ, որ կալանավորված անձը տուն էլ գնա, տեսակցություններ կան և այլն, իհարկե, օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներով: Դա նախատեսված է, եթե նման դեպքերի համար կա օբյեկտիվ անհրաժեշտություն:

Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ դա վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, և այստեղ ամենևին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը: Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ, որ օրենքը պետք է աշխատի, առավել ևս, որ օրենսդրությունը նման հնարավորություններ տալիս է, և չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկը, վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի՝ թեկուզ լավություն անելու մոտիվացիայով: Այսինքն՝ լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով»,- շեշտել է Փաշինյանը:

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, Դավիթ Տոնոյանը ճանապարհին խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել այդ ժամանակվա ՔԿՀ պետ Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար, և ստացել են թույլտվություն:

Իսկ առջևում Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն է, որտեղ կարող է տեղ հատկացրած լինեն նաև «անորակ հրթիռների» գործին, ինչո՞ւ չէ՝ Քոչարյանն ամրագրած լինի իր տպավորությունը, թե Դավիթ Տոնոյանն ուզում է բոլորի մեղքն իր վրա վերցնել:

Տեսանյութեր

Լրահոս