Փաշինյանի ռազմական մեղադրանքները հօդս են ցնդում. հրանոթի արկերի գործով անցնողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Դեկտեմբերի 7-ին իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից խոսելով կոռուպցիայի մասին, հայտարարել է.

«Մենք մի քանի ամիս առաջ փակ նիստ արեցինք, որը վերաբերում էր մեր գործընկերներից՝ պատգամավորներից մեկի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ՊՆ-ում ընթացող ինչ-որ պրոցեսների հետ կապված: Եվ ինձ ամենաշատը ցնցել է հետևյալ հանգամանքը. երբ քննչական մարմինների գնահատականով ՊՆ-ում ստացել և մուտքագրել են հրթիռային արկեր, որոնք կիրառման համար օգտակար չեն եղել, մոտավորապես այդպիսի ձևակերպում էր, ողջ ՊՆ-ում, այդ պաշտոնատար անձերի առկայության պայմաններում չի գտնվել գոնե մեկ սպա, որը գրեր համապատասխան զեկուցագիր առ այն, որ դա չի համապատասխանում մեր ծրագրերին, նպատակներին, որ մարտական խնդիրներ կատարելուց կարող է բերել պրոբլեմների: Իմիջիայլոց, այդ սպան պետք է գրեր, որ նախարարն իմանար, վերջինը կարող է և չիմանար: Մի սպա չի գրել, որ այս պրոցեսն օգտակար չի ՀՀ-ի համար և դրա արդյունքում թուլանում է մեր պաշտպանվածությունը: Սա ակնհայտ կոռուպցիոն դրսևորում է»:

Մի կողմ թողնենք Գուրգեն Արսենյանի ոչ մասնագիտական ձևակերպումներն ու հարցադրումները, իսկ նա, ըստ էության, նկատի ունի հրթիռների գործը, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ում խափանման միջոց կալանքը վերջերս փոխեցին տնային կալանքի, և այլն:

Նշենք, որ «անպիտան հրթիռների» գործի մեկնարկը տրվել էր 2021 թվականի սեպտեմբերին, մոտ մեկ տարի տևած նախաքննությունից հետո գործը մտել էր դատարան։ Այս թեմային շատ ենք անդրադարձել և դեռ առիթ կլինի, ուստի կոնկրետ դեպքում ընդամենը նշենք, որ այս ընթացքում իշխանությունները հրաժարվել էին հրթիռների փորձաքննությունից, հրաժարվել էին ընդունել Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) առաջարկը՝ վերադարձնել դրանք և փոխարենը ստանալ նորը: Ավելին, մինչև այս պահը չի ապացուցվել այդ հրթիռների անպիտան լինելը, եթե չասենք հակառակը, դրանք կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

Կարդացեք նաև

Այս համատեքստում հիշեցնենք նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տարբեր ժամանակներում արված որոշ հայտարարություններ:

2022 թվական, հունվարի 3

«Ես հիմք չունեի չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր Շտաբի մասնագիտական և ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման և ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ, զինամթերքի արտադրող և բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, և նույն տարեթվերի (1988-1991թթ.) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։ Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը:

Ավելի քան վստահ եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին…

Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար և այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» և այլն, քրեական գործով որևէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ:

Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել և լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:

 2022 թվական, սեպտեմբերի 17 

«Հերթական անգամ շեշտում եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումներս, որոնք կայացրել եմ լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։ Դրանցից մեկի՝ ավիացիոն հրիթիռների ԱՆՎՃԱՐ, առանց որևէ պարտավորության զիջման ՀՀ ԶՈՒ պահեստ մուտքագրելու համար, շուրջ մեկ տարի ապօրինի գտնվում եմ անազատության մեջ»:

 2022 թվական, օգոստոսի 8 

 «Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։

ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին:

Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:

…Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով»:

Ի դեպ, այս 2 տարվա ընթացքում մեղադրյալները մեկ անգամ չէ, որ դատավարության ընթացքում հայտարարել են, որ ի պահ հանձնված հրթիռների պահման պայմանները նորմալ չեն և հանգեցնելու են ժանգոտման՝ թույլատրելի սահմանից ավելի: Այս հորդորները՝ լուծելու այս խնդիրը, անտեսվել են, և մեր տեղեկություններով, միայն վերջերս են համապատասխան մարմինները որոշել մտածել հրթիռների ճակատագրի մասին:

Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշել էր. «Մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում և մինչև վերջ կներկայացնենք մեր տեսակետները: Մենք բոլորս, ովքեր անցնում ենք այս գործով, համարում ենք, որ այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը: Դատարանում ընթանում է գործի քննությունը: Փորձելու ենք ապացուցել՝ ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում և ի նպաստ մեր պետությանը»:

Իսկ դատաքննությունն այս պահին ամբաստանյալների ցուցմունքների փուլում է: Ըստ էության, հրթիռների գործը փակուղում է, և շատ հանգիստ կարող է կարճվել:

Մինչ այդ նշենք, որ 168.am-ի տեղեկություններով, հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի  և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով: Հնարավոր է, որ գործը կարճվի:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը՝ ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար՝ անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»,- նշվում էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Գործի համատեքստում նշենք, որ 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»):

Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

ԱԱԾ-ն այդ ժամանակ հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է 1 միլիոն դոլարից ավելի գումար:

Սա, ըստ էության, զարմանալի չէ: 168.am«Հրթիռների գործից մինչև պլատաների գործ. Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքները» վերտառությամբ հոդվածում մանրամասն անդրադարձել էր ռազմական և սպառազինության հետ կապված մի քանի քրեական գործերի և դրանց հետ կապված Նիկոլ Փաշինյանի քաղաքական և ոչ մասնագիտական հայտարարություններին:

Մասնավորապես, 2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր, թե «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանելորոնց մեջ ոսկի կա»:

Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

2021-ին վերջին հայտարարության առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանել էին, որ 2019-ի օգոստոսին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, սակայն չէին նշել՝ կա՞ արդյոք մեղադրյալ:

Արդեն 2022-ի հոկտեմբերին 168.am-ը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ներառելով Նիկոլ Փաշինյանի 2 հայտարարությունները և փորձելով պարզել՝ ի՞նչ փուլում է գործի քննությունը, կա՞ մեղադրյալ կամ մեղադրյալներ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից հայտնել էին.

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ վարչապետի կողմից 2022թ. հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռևս 2019թ. օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»:

Այսինքն, ըստ նրանց՝ եղել է մեղադրվող պաշտոնատար անձ, իսկ թե ով է նա, դատախազությունը գաղտնի էր պահել, սակայն, այսպես ասած, գողի ինքնությունը պարզել չեն կարողացել, ուստի այս մասով հոդվածը կասեցվել էր:

Տեսանյութեր

Լրահոս